Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն Արցախում տեղի ունեցածը ընդունում է ի գիտություն և կհետևի զարգացումներին

14:11, 20 սեպտեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանն Արցախում տեղի ունեցածը ընդունում է ի գիտություն և կհետևի զարգացումներին

Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Հայաստան Լեռնային Ղարաբաղում բանակ չունի։

«Ենթադրվում է, որ խաղաղապահներն ամբողջությամբ ընդունել են ԼՂ հայության անվտանգության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պիտի պայմաններ ապահովեն։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Նա  ասաց՝ Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում Հայաստանի անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իր այն վարկածը, որ ԼՂ դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ։

«Ինձ համար գնահատականը մեկն է․ եթե հնարավոր լիներ Հայստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցածն ընդունում է ի գիտություն ու կշարունակի հետևել զարգացումներին։

«Վերջին տեղեկությունը, որ ինձ հաջողվել է ստանալ ԼՂ-ից, հետևյալն է՝ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ  նվազել է, չեմ կարող ասել, որ զրոյացել է։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»,- ասել է նա։