Հետևեք մեզ։

Ինձ ոչ ոք երբեք նմանատիպ հարցով չի զանգում․ Շիրակ Թորոսյանը՝ Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցելու մասին

16:45, 04 հոկտեմբեր 2023
Ինձ ոչ ոք երբեք նմանատիպ հարցով չի զանգում․ Շիրակ Թորոսյանը՝ Հռոմի ստատուտի քվեարկությանը չմասնակցելու մասին

Երեկ Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը որոշ ՔՊ-ականներ չեն մասակացել։ Նրանց մի մասը երեկ առհասարակ նիստին չէր ներկայացել, մի մասն էլ եկել գրանցվել էին, սակայն քվեարկությանը դահլիճ չեն մտել ու չեն քվեարկել։ Չնայած դրան՝ կանոնադրությունը 60 կողմ ձայնով, այդուհանդերձ, վավերացվեց։

 

Մամուլում Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը չմասնակցած ՔՊ-ականների այս վարքը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Քվեարկությանը չմասնակցածներից մեկն էլ նախկինում ՀՀԿ խմբակցության, այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն է, որը Hayastan.news-ի հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ չի մասնակցել քվեարկությանը, ասաց․ «Քվեարկությանը չմասնակցելու պատճառը իմ անկանխատեսելի ուշացումն է եղել, որովհետև ես ժամանակը ճիշտ չհաշվարկեցի, խցանում եղավ և չհասցրեցի քվեարկությանը, էդքան բան»։

 

-Բայց տարբեր մեկնաբանություններ կան Ձեր չմասնակցելու վերաբերյալ։

 

-Դե, հիմա, մեկնաբանություններ․․․ Ես կարող եմ էնքան բան էնքան ձև մեկնաբանեմ։

 

-Իսկ եթե ժամանակին հասած լինեիք դահլիճ, կողմ կքվեարկեի՞ք։

 

-Անպայման։

 

-Իսկ հայ-ռուսական հարաբերությունների մասով խնդիր չի՞ առաջացնի այդ ստատուտի վավերացումը։

 

-Ես ամբողջն ասել եմ իմ հայտարարության տեքստում, և էդ հայտարարության տեքստի հիման վրա ես ասել եմ՝ ինչու էի քվեարկելու, և խնդրում եմ՝ բավարարվել իմ հայտարարությամբ։

 

-Իսկ Նիկոլ Փաշինյանը Ձեզ զանգե՞լ է այդ մասով, ինչ-որ բան ասե՞լ է Ձեզ։

 

-Ինձ ոչ ոք երբեք որևէ հարցով չի զանգում։ Եթե խոսքը այսպիսի հարցերի մասին է, երբեք որևէ մեկը չի զանգում, որևէ հարցով նմանատիպ ինձ չեն զանգում։ Ես ունեմ իմ պատկերացումները, և ըստ պատկերացումների՝ իրականացնում եմ իմ գործունեությունը, էդքան բան։

 

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանի հետ կապված խնդիրներ կառաջանան, օրինակ՝ Ձեր մուտքը կարգելեն Ռուսաստան։

 

-Այդ հարցերի հետ կապված՝ ես հայտարարության տեքստում արտահայտվել եմ և հիմնավորել եմ, նայեք տեքստը։

 

Շիրակ Թորոսյանի մատնանշած այդ հայտարարության տեքստը երեկ քվեարկությունից հետո ԱԺ հայտարարությունների ժամին նրա ունեցած ելույթն էր ամբիոնից, որտեղ նա նշում է. «Այն բոլոր շահարկումները, որ այս ստատուտի վավերացումը կարող է դեմ լինել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի շահերին, դա արդեն շահարկում է։ Ես իմ ամբողջ կյանքում եղել եմ հայ-ռուսական ջերմ, բարեկամական հարաբերությունների զարգացման ջատագով։ Եւ ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական շահի սպասարկումը չպետք է ստորադասվի որևէ այլ խնդրի, ինչքան էլ փորձեն այդ խնդիրը շահարկել և հիմնավորել։ Չկա այդպիսի բան, այս ստատուտի վավերացումը որևէ ընդհանուր աղերս չունի հայ-ռուսական հարաբերությունների և դրա վատթարացման հետ։ Եւ սա մենք պետք է ընկալենք որպես բացարձակ իրողություն։ Ես ստատուտի վավերացման քվեարկությանը չմանսկացեցի, որովհետև գնացել էի իմ համագյուղացու՝ մի շատ պատվարժան մարդու հուղարկավորությանը մանսակցելու, և խցանումների պատճառով, րոպեների տարբերությամբ չհասցրեցի քվեարկությանը։ Եւ նշեմ, որ որևէ հետագա շահարկումից խուսափելու համար, եթե հասցնեի, ապա անպայման պետք է քվեարկեի այս ստատուտի վավերացման օգտին՝ վերոնշյալ իմ հիմնավորումների հիմքով»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական