Հայաստանի Ազգային ժողովն այսօր 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկած 60 ձայները ԱԺ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների ձայներն են, իսկ 22 դեմը ընդդիմադիրներն են։ Բայց կան նաև բացականեր և գրանցված, սակայն քվեարկության չմասնակցած պատգամավորներ, որոնք քվեարկության պահին դահլիճում չեն եղել։ Նրանց թիվը 12-ն է, որոնցից չորսը ՔՊ-ից են, ութը՝ ընդդիմադիր խմբակցություններից։ Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը չմասնկացած չորս ՔՊ-ականներն են՝ Սերգեյ Բագրատյանը, Դավիթ Դանիելյանը, Տրդատ Սարգսյանը և Նարեկ Գրիգորյանը։ Իսկ ընդդիմադիրներից քվեարկությանը չեն մասնակցել «Հայաստան» խմբակցության անդամներ Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Էլինար Վարդանյանը, Իրինա Գասպարյանը, Արմեն Չարչյանը, Աննա Գրիգորյանը, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը։
13 պատգամավոր էլ այսօր առհասարակ նիստին չի ներկայացել և չի գրանցվել, որոնցից յոթը ՔՊ-ից են՝ Քրիստինե Պողոսյանը, Կարեն Համբարձումյանը, Վահե Ղալումյանը, Կնյազ Հասանովը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, Մաթևոս Ասատրյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան Սաղաթելյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Մանուկյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Գևորգյանը և «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքած անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը։ Ուշագրավ է հատկապես ՔՊ-ի օլիգարխ պատգամավորների՝ Խաչատուր Սուքիասյանի ու հատկապես Գուրգեն Արսենյանի չներկայանալն ու Հռոմի ստատուտի օգտին չքվեարկելը։ Նրանք երկուսն էլ սերտ բիզնես կապեր ունեն Ռուսաստանի հետ, իսկ Գուրգեն Արսենյանի մասով վերջին շրջանում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ հնարավոր է՝ նշանակվի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան, ուստի այսօր նիստին չներկայանալն ու քվեարկությանը չմասանակցելը թերևս պայմանավորված է նրանով, որ չվտանգի իր շահերը՝ ելնելով ՌԴ-ում դեսպան նշանակվելու հավանական հեռանկարից։
Թեպետ բացակա պատգամավորները, եթե հարգելի պատճառներով այսօր նիստին ներկա չեն գտնվել, կարող էին գրավոր իրենց դիրքորոշոմը հայտնել ԱԺ նախագահին, որ իրենց «կողմ» կամ «դեմ» ձայնը նույնպես ֆիքսվեր։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Արսենյանը, Սուքիասյանն ու մյուս բացակաները դա չեն արել։ Իսկ որոշ ՔՊ-ականներ էլ, խորհրդարանի տարածքում լինելով հանդերձ, քվեարկության պահին դահլիճ չեն մտել, որ չմասնակցեն։ Հռոմի ստատուտի ընդումը, հիշեցնենք, ընկալվում է որպես Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ ուղղված ոչ բարեկամական քայլ, որքան էլ, որ ՔՊ-ականները դա այլ կերպ մեկնաբանեն։ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ դրան շատ կոշտ է արձագանքել՝ հասկացնելով, որ այս համաձայնագրի ընդունումը կվատթարացնի հայ-ռուսական առանց այն էլ լարված հարաբերությունները։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ