Պարոն Փաշինյան, որոշեցի Ձեզ մի նամակ ևս գրել: Այդպես պահանջեցին Ձեր վերջին քայլերը՝ հրաժարականների պահանջները, հատկապես դրանց ձևն ու անտրամաբանական շարունակությունը։
Նախ կցանկանամ հարցնել՝ ինչո՞ւ եք պատասխանատու պաշտոնյաներին sms-ով ազատել։ Արդյո՞ք պատճառն այն է, որ նրանց աչքերին նայել չէիք կարող, քանի որ Ձեզ միշտ հավատարիմ են եղել, արել են, ինչ պահանջել եք, իսկ Դուք նրանցից դրա համար միշտ գոհ եք եղել։
Ի դեպ, ասում են` որոշումներ եք կայացրել գիշերը։ Դրան փորձում եմ չհավատալ, իհարկե, բայց չէ՞ որ պրոբլեմները կիսատ եք տեսել ու մտածում եմ՝ միգուցե:
Եվ այո, ինչո՞ւ sms չեք ուղարկել Աննա Վարդապետյանին, որ ԱԺ դիմում ներկայացնի և գնա:
Կարծու՞մ եք` նա պատասխանատու չէ՞ նրա համար, ինչից դժգոհ եք։ Ո՜չ, պատասխանատու է, ընդհուպ մեղավոր է, բայց այդ որոշումները կայացրել եք հենց նրա ու նրա թիմի «մուտիլովկաների» արդյունքում։ Ասեմ, սակայն, որ իբր արդարության դեֆիցիտը լրացնելու համար կայացրած Ձեր որոշումները կիսատ-պռատության պատճառով նոր անարդարություն են առաջացրել: Վստահ եմ, գիտեք:
Ի դեպ, պարոն Փաշինյան. Ձեր հաջորդ հանդիպմանը Վարդապետյանից հարցրեք` ունի՞ նա արդյոք դատախազությունում արտոնյալ մտերիմներ, ովքեր Ձեր այդքան բարձրացրած աշխատավարձերը ստանում են բացարձակ ոչինչ չանելով և որևէ բան անելու ընդունակ լինելով։ Եթե նա կհերքի, որ այդպիսի բան կա, հոգ չէ, մենք Ձեզ ինքներս կպատմենք նրանց մասին, նրանց ոչ միայն ոչնչի դիմաց ստացած աշխատավարձերի, այլ նաև նրանց անպատիժ մնացող կամ նույնիսկ չբացահայտվող հանցանքների մասին։
Պարոն Փաշինյան, ասում են, որ որոշել եք Քննչական կոմիտեի ղեկավար նշանակել Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանին։ Այդպես հայտարարում են, համենայն դեպս, նրա ենթականերն ու մտերիմները։ Բայց նրանք, ցավոք, չգիտեին, արդյո՞ք պարզել եք այդ անձի հին ու նոր բազմակողմանի կապերը կոռուպցիայի հետ։ Չմոռանամ. պարոն Փաշինյան, հանձնարարեք պարզել, թե Ձեր այդ թեկնածուն ի՞նչ կապ է փորձել ունենալ «Պատրոն Դավո» կոչվող Դավիթ Գալստյանի հետ` նրա գործերով զբաղված ժամանակ, ի՞նչ տեսքով կապեր է փորձել ունենալ և որքա՞ն։
Հարցնելիս անպայման կպահանջեք` չխաբել Ձեզ…
Բեթղեհեմ Արաբյան