Հայաստանում խոշոր ընկերությունները գործում են անհոգ, անպատասխանատու, առանց իրենց համար պարտականություններ սահմանելու, առանց հարգանքի բաժանորդների նկատմամբ՝ հավանաբար, նկատի ունենալով, որ իրենց այլընտրանքը չկա և պատասխան պահանջող՝ ևս։
24 ժամում ՀՀ քաղաքացին կարող է բախվել խնդիրների, որոնց լուծումը պահանջում է ընդամենը 4 րոպե, եթե երկրում խնդրի լուծման համար կոչված մարդիկ իրենց սոցիալական ցանցերի աճի համար վիդեոներ նկարելով ու դիտումներ հաշվելով զբաղված չլինեն։ Ճիշտ նույն ջանասիրության 0,1 տոկոսը ներդնելու դեպքում տարիներով առկա խնդիրները մեկ օրում կլուծվեն․ քաղաքական կամք է պետք, եթե իհարկե, համատեղ շահ չկա։
«Գազպրոմ Արմենիա»
Պարզվում է, մեկ անգամվա շփումն այդ ընկերության հետ ջրի երես կհանի ամոթալի փաստեր և բանաձև, թե ինչպես կարելի է հարստանալ։
Ինժեներների սահմանափակ քանակ․ խոշոր հարկատու ընկերությունը աշխատող չի՞ պահում։ Գազաֆիկացման նպատակով դիմումի ընթացքի համար պետք է Չարեցնի փողոցի 131/4 հասցեում գործող գրասենյակ այցելել մինչև ժամը 11։00-ն, որովհետև ինժեները տեղում չէ, դուրս է գալիս աշխատանքի։ Այս հսկայական ընկերությունն ափսոսու՞մ է ինժեներներ ունենալ։ Շատ հարցերից հետո պարզվեց՝ չէ, մեկը չէ, երկուսն ունեն, բայց միևնույն է, 16։30-ի այցդ ոչինչ է, որովհետև ինժեները «մինչև 11-ն ա տեղում, ուշ եք եկել»։
Այսինքն, «Գազպրոմ» այցդ աշխատանքային օրվա գրաֆիկով չես պայմանավորելու, այլ ինեժեների ժամացույցով։ Եթե այդ մասնագետի հետ կապված հարց է, ապա պետք է գնալ մինչև այն ժամը, որ ժամին «Գազպրոմն» ապահովում է ինժեների ներկայությունը գրասենյակում։ Եթե գնում ես, ու տեղում չէ, պետք է գնալ մեկ այլ օր ու առավոտյան, տեսնես՝ հարմա՞ր է իրենց։ Հանուն արդարության ասեմ՝ չեն պահանջում հետդ էլ առավոտյան սուրճը տանել, անգամ առաջարկում են հյուրասիրել։
Իսկ տեսնես՝ «Գազպրոմը» Ռուսաստանում նո՞ւյնն է անում։ Իսկ տեսնես՝ իրենք ի՞նչ կանեն, եթե իրենց ենթակա աշխատողներն ասեն՝ աշխատանքի կգամ «ինժեների ժամացույցով»։ Իսկ իրենց ո՞վ է ասել, որ իրենք որևէ մեկից առավել են։
Կանխիկ վճարում․ գնահատելով աշխատակիցների բարեհամբույր և խիստ պատրաստակամ աշխատելաոճը, զուգահեռ կատարվում է զարմանալի բան՝ կանխիկ վճարում․ գնում ես հենց այդ գրասենյակին կից բանկ, չափագրման վճարումը կատարում ես, կտրոնը վերադարձնում ես աշխատակցին և անակնկալ՝ 7000 դրամ էլ կանխիկ ես վճարում, ինչո՞ւ հարցին պատասխանում են՝ «հրշեջ ծառայության համար», իսկ ինչու՞ կանխիկ։ Այս հարցը պարզելու համար էլ ՀՀ-ում մի խումբ պաշտոնյաներ կան, որոնք «հերոսների» հաշվին ճոխ ապրում են։
Բայց սա դեռ ամենը չէ։
Բնականաբար, պետք է դիմում գրել չափագրման համար, նորմալ է։ 15 օրվա ընթացքում կայցելեն, կչափագրեն,և կզանգեն կասեն գումարի չափը, որը պետք է վճարել։ Սա անգամ այն պարագայում, երբ դիմել ես նախորդ տարի, բայց դիմումի ժամկետը չի լրացել։
Թվայնացման այս դարում, երբ մարդիկ Լուսնի վրա նոր տարի են անում, Հայաստանում այդ վճարը պետք է անել հենց Չարենց փողոցի գրասենյակում։
Բայց, պարզվում է` այն գումարը, որը չափագրումից հետո վճարում ես հենց Չարենցի գրասենյակին կից բանկային մասնաճյուղում, դեռ ամենը չէ։ Շենք համապատասխան մասնագետների այցից ու խողովակների տեղադրումից երկու օր հետո ստանում ես զանգ, որ աշխատանքների իրականացումից հետո վերջնահաշվարկը պատրաստ է։
Մի քանի հարցից հետո պարզվում է, որ այն վճարը, որը չափագրումից հետո վճարել էիր, դեռ վերջը չէր, արձանագրվել է, որ 4000 դրամ ավելի է կազմել այդ գումարը։ Չգիտեմ՝ երբևէ դեպք արձանագրվել է, որ նվազ լինի գումարը, ոչ թե ավելի, բայց բոլոր դեպքերում՝ ո՞վ է մեղավոր, որ դուք լավ չեք չափում, այլ ընթացակարգով եք անում ձեր աշխատանքը։
Բայց, բոլորովին, ու ոչ մի դեպքում՝ այս պարագայում գումարի չափը չէ կարևորը, չնայած՝ որևէ մեկի համար կարող է նաև դա կարևոր լինել, այստեղ կարևորը հետևյալն է․ Նորք Մարաշի, Նոր Նորքի, և այլ թաղամասի բնակիչը պետք է գնա, հասնի Նոր Նորքի գրասենյակ, վերցնի այդ 4000 դրամի կտրոնը, որը կարող է լինել 800 դրամ, 5000 դրամ, բայց անպայման պետք է գնա հենց Չարենցի գրասենյակ, որ վճարի։ Այսինքն, 6000 դրամի պտույտ պետք է անես, որ «Գազպրոմի» սխալ չափագրածի տարբերություն 4000 դրամը վճարես, չհաշված ժամանակդ։ Տեսնես` որքան խելք ու փող է պետք անել այնպես, որ վճարումը գոնե նույն գրասենյակում արվի, տեսնես՝ հո այդ ծախսից «Գազպրոմը» չի սնանկանա, առաջարկում եմ դրա համար էլ կանխիկ 7000 դրամ պահանջել։
Եվ այստեղ վրա է հասնում աշխատակցի «օգնությունը՝» եթե ձեզ հարմար չէ, որ մոտենաք Նոր Նորքի գրասենյակ և կտրոնը վերցնեք, կարող է մեկ ուրիշը մոտենալ, մենք կտրոնը կտրամադրենք։ Իյա, իրո՞ք, կարող է մեկ ուրիշը մոտենալ և վերցնել 4000 դրամի խողովակները, ճիշտ չափագրման հաշվիչն էլ՝ նվեր։
Բեթղեհեմ Արաբյան