Հետևեք մեզ։

Նամակ Նիկոլ Փաշինյանին

16:18, 15 նոյեմբեր 2024
Նամակ Նիկոլ Փաշինյանին
Նամակն սկսեմ նրանով, որ ամբողջությամբ համաձայն եմ Ձեր այսօրվա ելույթի ու դրանում հնչեցված դժգոհությունների, դրա ամեն բառի հետ։ Համաձայն եմ ու զարմացած, որ այս ելույթն ունենում եք հենց Դուք՝ Նիկոլ Փաշինյանը, և ելույթն ունենում եք այնպես, կարծես այս ամենի մասին երբեք չեք լսել ու չեք տեսել։ Իսկ մենք, հակառակ մեծ բացահայտում արած լինելու Ձեր համոզմունքի, նույն երևույթների մասին շատ հաճախ ենք խոսել, խոսել փաստերով, խոսել սարկազմով, խոսել հասցեատիրոջը տհաճություն պատճառող ոճով, բայց միշտ էլ, փաստորեն, ապարդյուն։ Իսկ ապարդյուն, քանի որ Դուք եք դրանք անտեսել ու հաշտ եղել կատարվողի հետ։
 
 
Ձեր այսօրվա ելույթը, պարոն Փաշինյան, տեղին չէր. կա´մ ուշացած էր, կա´մ Դուք այն անձը չեք, որ այդ մասին ելույթ կարող է ունենալ։ Նշեմ նաև դրա պատճառները, որքան էլ որ դրանք Ձեզ պարզունակ կթվան․
 
 
Ուզում եմ հիշեցնել, որ որքան էլ փորձեք թաքնվել ինչ-որ բացատրությունների տակ ու Ձեզ համոզեք, որ կոռուպցիայի դեմ պայքարող ձեր ստեղծած կառույցի ղեկավարին ընտրել են, իրականությունն այն է, որ Սասուն Խաչատրյանին նշանակել եք Դուք։ Երևի ավելի լավ կլիներ, որ Դուք այդ նշանակումն արած լինեիք չիմանալով, թե իրականում ինչ կապ ունի Սասուն Խաչատրյանը կոռուպցիայի, հետևաբար, նաև հակակոռուպցիայի հետ, բայց Դուք նրան նշանակել եք` շատ լավ իմանալով, որ նա ու կոռուպցիան վերացնելը այնքան էլ մոտիկ բաներ չեն։ Եվ ինչո՞ւ եմ համոզված, որ Դուք հակակոռուպցիոն կոմիտե եք ստեղծել` հենց իմանալով, որ այն հակակոռուպցիոն ոչնչի ընդունակ չի լինելու։ Համոզված եմ, որովհետև Դուք արդեն որերորդ տարին եք ականատես լինում, թե որքան են բոլորը մոռացել, որ ընդհանրապես այդպիսի մարմին կա։ 
 
 
Ի դեպ, երկու կարևոր դրվագ հիշեցնեմ։ 
 
 
Ազգային ժողովի չարաբաստիկ լսումների օրը Սասուն Խաչատրյանը ելույթ ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, և վստահ եմ՝ Դուք լսել եք այդ ելույթը։ Ցավում եմ, որ չեք կարդացել այդ մասին մեր նյութը, որն այդքան սարկաստիկ էր ստացվել բացառապես խորը զարմանքի պատճառով։ Դուք այդ օրը չգիտակցեցի՞ք, որ Ձեր նշանակած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն Ազգային ժողովում խոստովանում է, որ կոռուպցիոն մտածելակերպ ունի ու չի կարողանում հրաժարվել դրանից։ 
 
Պարոն վարչապետ, մի դրվագ էլ հիշեցնեմ ու զուգահեռ շարունակեմ զարմանալ։ Դուք Հակակոռուպցիոն կոմիտեում վերջերս ունեցած Ձեր ելույթը լսե՞լ եք, նկատե՞լ եք, թե որքան բարեհամբույր եք արձանագրում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ոչնչով չի զբաղվում։ Հասկանու՞մ եք, Դուք եք արձանագրել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն անպիտան կառույց է դարձել ու դա արել եք այնպես, կարծեք հաշտ եք դրա հետ։ Դուք Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքի արդյունքների մասին լսելուց հետո, Ձեր ձեռքը խփե՞լ եք, արդյոք սեղանին ու շենքից դուրս հրավիրել նրան, ով աստղաբաշխական աշխատավարձ է ստանում և ծիծաղելի ձեռքբերումներ ներկայացնում Ձեզ։ Եվ ուրեմն, այո´, հենց Դուք եք արել այնպես, որ բոլորը համարեն, որ Ձեր ասածն ասած չէ։ Դուք եք թույլ տվել, որ մեղմ տոնայնությամբ Ձեր ելույթը հաճախ ուղեկցվի հնչեցվող դժգոհությունների պատասխանատու Սասուն Խաչատրյանի ժպիտով։
 
 
Իսկ ո՞վ է նշանակել ճռիկ-վռիկների համար պատասխանատուներին՝ Ձեր մտերիմ Վահե Ղազարյանին, նրա մտերիմ Արամ Հովհաննիսյանին և այդպես շարունակ։ Դարձյալ ոչ ես, համենայն դեպս։ Դարձյալ Դուք և միայն Դուք։ Ասեմ նաև, որ եթե կոռուպցիան խրախուսելու մասին ելույթներ չեք ունեցել ու դժվար է ասել, որ հրապարակային Ձեր խոսքով մեղավոր եք դրա տարածման համար, ապա այս մասով մի մեղք ավելի ունեք։ Այո, Դուք եք Ձեր 3 միլիոն վարչապետներին ուղղված ելույթներով թույլ տվել, որ նրանք ազատ քաղաքացուն շփոթեն հաբռգածի, օրենք չճանաչողի, օրենքի վրա թքած ունեցողի հետ։  Խնդիրն այն է, որ Դուք ինքներդ չեք հասկանում, թե ում եք ամեն ինչ անելու ազատություն տալիս, իսկ Դուք դա տալիս եք օրենքի վրա գենետիկորեն թքած ունեցող, ինքնահաստատվելու, ամենաուժեղն երևալու անհագ ցանկություն ունեցող մասսայի։
 
 
Պարոն վարչապետ, երբևե պատահե՞լ է, որ Ձեր նախկին ու ներկա օգնական Աննա Վարդապետյանին հարցնեք, թե ինչո՞ւ է զբաղված ցուցադրական միջոցառումներով, ինչու՞ է թողած դատախազի պարտականությունները, սեփական գովազդով զբաղվում, ինչու՞ է իր լիազրություններն ու ժամանակը հաշվեհարդարների վրա վատնում։ Չեք հարցրել, գիտեմ, ու չեք հարցրել, քանի որ Ձեզ էլ հետաքրքրել է դատախազի աշխատանքի հենց այդ ձևը՝ «պարոն վարչապետ, իմ ձեռքում է սեփականության վկայականը․․․․»։ Երբևէ հարցրե՞լ եք նրան Ձեր ասած` «ճռիկ վռիկների», ամեն օր վախ տարածող կրակոցների մասին։ Հարցրեք նրան, թե նա ընդհանրապես դրանցով զբաղվո՞ւմ է, թե ոչ, բայց պատասխանին չհավատաք, որովհետև իրականությունը, ցավոք, այլ է։
 
 
Շարունակե՞լ շարքը։ Կարծում եմ՝ Դուք գիտեք, կամ պետք է իմանայիք, որ սա վերաբերում է, ինչպես ասեցիք` բոլոր իրավապահ մարմիններին։ Բայց ես շարունակում եմ չհասկանալ, թե Դուք ինչու եք զարմացել, որ ընդամենը պերճախոս անընդունակն ընդունակություններ չի ցուցադրում։ Մի զարմացեք, քանզի Դուք եք նրանց նստեցրել աթոռներին, որտեղից նրանք զբաղված են միմյանց հանդեպ ուժ ցույց տալու, ինչպես Դուք եք սիրում ասել, հակապետական վարքագծով։
 
 
Եվ մի ցավալի լուր Ձեզ համար։ Դուք չնկատելու եք տալիս, որ կոռուպցիայի, ճռիկ-վռիկների, թմրամիջոցների մեջ թաթախվածը Ձեր թիմակիցներն են, նրանց բարեկամները, Դուք չտեսնելու եք տալիս, որ այդպիսի հանցանքների համար նույնիսկ դատապարտված ինչ-որ թափթփուկների դարձրել եք համայնքապետեր, թաղապետեր, վարչական ղեկավարներ։ Դուք չտեսնելու եք տալիս դա ու Ձեր բարկությունն արտահայտում եք հենց այնպես, որ բոլորը հասկանան, որ նկատի ունեիք սրճարանում սուրճ խմող նախկիններին։ Եվ ուրեմն՝ Ձեր ելույթի նկատմամբ լուրջ վերաբերմունք չսպասեք։
 
 
Պարոն Փաշինյան, արդյո՞ք նախապատրաստվում եք արտահերթ ընտրությունների։ Հավանաբար պատրաստվում եք, որովհետև ակնհայտի մասին լռելուց, դրա վրա ուրախանալուց հետո մի օր զարմացել եք նույն ակնհայտի վրա, բարկացել դրա համար ու հիշեցնում եք, որ Դուք ընտրողներին այլ բան եք խոստացել։
 
 
Պարոն վարչապետ, մի կարևոր նորություն էլ ունեմ։ Ձեր կուսակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին, ով հրապարակային հարթակներում աչքի է ընկել ոչ այնքան լավ վարքագծով։ Նա իր կարծիքն արտահայտում է հայհոյախառն խոսքերով, ու չգիտեմ` Ձեզ արդյոք թվում է, որ դատավորի, դատական համակարգի բարձրագույն մարմնի ներկայացուցչի կերպարին հարի՞ր է դա։
 
 
Ի դեպ, քանի որ մի օր էլ այդ մասին եք բարկանալու, առաջարկում եմ հենց այսօր երկարեցնել տուն գնալու Ձեր ճանապարհը և անցնել Խաչատուր Աբովյանի արձանի կողքով։ Զգույշ կլինեք, այնտեղ արդեն երկար ժամանակ է` Տիգրան Ավինյանի  քաղաքապետարանի պատասխանատվության ներքո փորված ու մոռացված մի մեծ փոս կա, կողքը շարված ծուռումուռ երկաթներ։ Փորձեք նկատել դա, որովհետև դա էլ կապ ունի կառուպցիայի հետ, և որովհետև մեր համբերության բաժակն էլ լցվել է: