Ներքաղաքական օրակարգի մանր շոուները Հայաստանում երբեմն ստվերում են մեծ ու երկրի համար չափազանց կարևոր իրադարձությունները, որոնց թվում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։
Լուրջ շրջանակներն, իհարկե, հասկանում են, թե ինչ ազդակ ու արդյունք ունի այդ հեռախոսազրույցն ու դրա բովանդակությունը։ Այդ հեռախոսազրույցում՝ տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների և ծավալվող հումանիտար աղետի առնչությամբ Գագիկ Ծառուկյանն իր զորակցությունն է հայտնել Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին։ Նա պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու։
Կողմերի այս հեռախոսազրույցում մի քանի կարևոր մեսիջ կա, և,վստահ եմ, նաև հաջորդող գործողություն կլինի։
Ա․ Սփյուռքը Հայաստանից զորակցություն ունի
Բ․ Կարծրատիպ է կորտում, որ Սփյուռքին հիշում են, երբ Հայաստանին ինչ-որ բան է անհրաժեշտ
Գ․ Պետք է պահել, ամրացնել Հայաստան-Սփյուռք վտանգված կապը և դա ոչ միայն արձանագրել, այլ նաև գործողություն պետք է անել։
Մասնավորապես, ի տարբերություն լռող ԱԳՆ-ի, անձի կողմից սեփական նախաձեռնությամբ ու միջոցների հաշվին Լիբանանի հայ համայնքին օգնելու պատրաստակամությունն անհրաժեշտությունից զատ, նաև հոգեբանորեն է չափազանց կարևոր մեր հայրենակիցների համար՝ վտանգի պայմաններում զգալ, որ մայր հայրենիքից իրենց ձեռք մեկնող կա։ Սովորաբար, տարբեր փուլերում մենք ականատես ենք լինում Հայաստանում գործունեություն ծավալող գործիչների հենց Հայաստանում կատարած գործերին, որոնք նաև քաղաքական հաշվարկեր են պարունակում։ Այս պարագայում հայաստանյան գործիչն օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնում երկրից դուրս վտանգի մեջ գտնվող հայերին։ Նման գործություններն են բերում ներքին ու արտաքին հաշտեցման, փոխադարձ ատելության վերացման և միասնության գաղափարի վերաիմաստավորման։
Իսկ թե որքան կարևոր դեր ունի Արամ Առաջինը Հայաստանում, Սփյուռքում և աշխարհում, որքան ազդեցիկ է բարձրաստիճան հոգևորականը, ավելորդ է նշել, մանավանդ այն ֆոնին, երբ Ամերիկայի նախագահի թեկնածուներից Թրամփն է անձամբ զանգահարում նրան։