Հետևեք մեզ։

Որտե՞ղ են Շուշիի, Սղնախի, Հադրութի հայկական գերեզմանատները․ Ազիզ Ալաքբերլիի հիշողության թարմացման համար

13:33, 01 նոյեմբեր 2024
Որտե՞ղ են Շուշիի, Սղնախի, Հադրութի հայկական գերեզմանատները․ Ազիզ Ալաքբերլիի հիշողության թարմացման համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբերլին, ով իրեն կոչում է նաև «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, խոսել է ՀՀ տարածքում ադրբեջանցիների գերեզմանների մասին։


Նա կրկին ՀՀ տարածքն անվանել է «Արևմտյան Ադրբեջան» և նշել, թե 450 գերեզմաններ անհետացել են։


«600 գերեզմանատներից միայն երկուսը՝ Ամասիայի շրջանի Գարանամազ և Կալինինոյի շրջանի Ջուջաքենդ գերեզմանոցները անվտանգ են»,- ասել է նա։


Այս պաշտոնյան իր՝ ոչնչով չհիմնավորված խոսքում նշել է, թե հայկական կողմը Վարդենիսում իբրև թե ադրբեջանական գերեզմանների վրա ռազմական ամրություններ է կառուցել։


Իրեն «Արևմտյան Ադրբեջան» համայքնի ղեկավար կոչող և այդպիսով ՀՀ տարածքի նկատմամբ անմիջական հավակնություն դրսևորող այս անձը, որը ունի երկրի ղեկավարության անվերապահ աջակցությունը այս հարցում, չի խորշում իրենց մեջլիսում ներկայացնել ոչնչով չհիմնավորվող տեղեկություններ, բայց և չի նկատում Արցախում իրականացվող բարբարոսությունները հայկական մշակութային կոթողներում, գերեզմաններում, տներում։ Մասնավորապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան շուրջ 2000 մշակութային կոթողներ և հուշարձաններ՝ վանքեր ու եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ ու սրբավայրեր: Դրանց թվում էին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), Մեխակավանի Զորավար Սուրբ Աստվածածին եկեղեցի: 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի հետևանքով Արցախը ամբողջությամբ հայաթափվեց, իսկ երեք ամիս անց «Կովկասյան ժառանգության պաշտպանության» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության վիճակի մասին վեցերորդ մշտադիտարկման հաշվետվությունը:  Փաստաթղթում հիշատակվում է 44 հոգևոր-մշակութային հուշարձանների մասին, որոնցից 8-ը ավերված են, 12-ը՝ վնասված, 24-ին վտանգ է սպառնում։   2024 թ․ հունիսին «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» կազմակերպությունը հրապարակեց Արցախում մշակութային ժառանգության 7-րդ մշտադիտարկման հաշվետվությունը։  6 ամսվա ընթացքում ավերված մշակութային կոթողների թիվը հասել է 14-ի, վնասված կոթողները 12-ն են, իսկ վտանգի տակ գտնվող հուշարձանների թիվը հասնում է 31-ի։ 


Ալաքբերլիի հիշողության թարմացման համար․


«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի ներկայացրած տվյալներով՝ Ադրբեջանը 2020 և 2023 թվականի պատերազմներից հետո վնասել, մասնակի կամ հիմնահատակ ավերել է ներքոնշյալ գյուղերը, կոթողները և ոչ միայն․ 


Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցինՇուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Կանաչ ժամ) 

Շուշիի Հայոց ցեղասպանության հուշարձանը, որի տարածքում կառուցվել է ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ

Շուշիի և Սղնախի պատմական գերեզմանատները

Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին կից «Քանդակների պուրակ»-ի 51 քանդակները

Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և եկեղեցին 

Հադրութի Առաքել գյուղում «Վերածննդի» խաչքարը

Հադրութի գերեզմանատները

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին

Ջեբրայիլի (Մեխակավան)  Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին

Գրիգոր Գաբրիելյանցի անվան երկրագիտության պետական թանգարանը 

Ստեփանակերտում Ստեփան Շահումյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի արձանները, Աշոտ Ղուլյանի հուշաքարը

Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանի ավերումը

Շառլ Ազնավուրի արձանը

Վանքասարի 7-րդ դարի եկեղեցին, 

Ծարի Սուրբ Սարգիս և Սուրբ Գրիգոր միջնադարյան եկեղեցիների խաչքարերը

Աղանուս գյուղի հուշարձան-աղբյուրի երկու խաչքարերը, 

Գետավանի հուշարձանը

Ադրբեջանական կողմը քանդել է նաև Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում գտնվող պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին, Դադիվանքը, Հադրութի Սուրբ Խաչ վանքը, Ծակուռիի Սուրբ Աստվածածին, Մատաղիսի Սուրբ Եղիշե, Տողի Սուրբ Հովհաննես եկեղեցիները հռչակել է աղվանական։ Ադրբեջանը պղծել է հայերի գերեզմաններն ու պատմամշակութային կոթողները, սեփական ցածրությունը համեմատության մեջ դրել պատմության խորքից եկած կոթողների հետ ու մարտի բռնվել նրանց հետ․ քարերի ու անշնչացած մարմինների հետ մարտի բռնվելը հեշտ է, նրանք պատասխան հարված չեն հասցնում։

Հենց այդպիսինն է ադրբեջանցին այսօր Արցախի օկուպացված հողի վրա, այդպիսինն էր ադրբեջանցին 2020-ին հայ զինծառայողների անշնչացած մարմինները մասնատելու ժամանակ, այդպիսինն էր ադրբեջանցին 3 տասնամյակ առաջ Սումգայիթում, Մարաղայում․․․ հիշողության թարմացում, պարոն Ալաքբերլի։

 

Դիանա Կարապետյան