Հետևեք մեզ։

Վերջին «վարիանտ»՝ դատավոր կամ որտեղ հաց, այնտեղ կաց

12:53, 07 դեկտեմբեր 2024
Վերջին «վարիանտ»՝ դատավոր կամ որտեղ հաց, այնտեղ կաց

Նոյեմբերի 17-ին Փաշինյանը պաշտոնանկ արեց մի շարք կառույցների ղեկավարների, ամենաքննարկվողների թվում չկա մեկ մոռացված մարդ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ Սակայն, Hayastan.news-ի տեղեկություններով՝ Սասուն Խաչատրյանն ակտիվ փնտրտուքի մեջ է։ Նա ցանկանում է լինել Արդարադատության նախարարությունում,  պատրաստ է լինել ՔԿ-ում, Դատախազությունում, ԱԱԾ-ում․․․։ 

Ի դեպ, ազատվածներից Սասուն Խաչատրյանի գործունեությունը խորը ուսումնասիրման կարիք ունի։

Օրինակ, ինչո՞ւ այդ մարդը նշանակվելուց երեք տարի անց դեռ կառույցը չէր հասցրել ձևավորել, ինչով էր զբաղված։  Օրինակ, եթե պարեկային ծառայությանն առնչվող վարույթներն առանձնացնենք, էլ քանի՞ ու ի՞նչ գործ է արել Հակակոռուպցիոն կոմիտեն, կոմիտեի չա՞փ գործ է արել, թե՞ մի բաժնի։ Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեն այդպես էլ չպատասխանեց մեր հարցմանը, թե ընդհանուր վարույթների թվից քանի՞սն է կազմում պարեկներին առնչվող գործերը, օրինակ՝ նրանց 10 000 դրամ կաշառք առաջարկելու մասին։  

Անդրադառնալով Խաչատրյանին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնանկությունից հետո Սասուն Խաչատրյանը մտերիմներին ասել է․ «Վերջին վարիանտ դատավոր կդառնամ»։

Ընդ որում, այստեղ էլ Սասուն Խաչատրյանը «խախանդ» անկյուն է որոնում՝ փողը լինի, ինքը չերևա։

Նշենք, որ Խաչատրյանների ընտանիքին սկզբունքայնությունը մի փոքր խորթ է․ այս եզրահանգմանը գալու ապացույցները նրա խոսքերն ու եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի պաշտոնների փոփոխությունն է։ Սասուն Խաչատրյանը, ով նախկինում դատախազ էր,  ԱԺ-ում, որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ելույթում իր անգործությունը թաքցնելու համար, ասում էր՝ նախկինում հանցագործությունները թաքցնում էին։ Իսկ, հետաքրքիր է, ինքը, որպես դատախազ, տիրապետելով այդ տեղեկությանը, ինչով էր զբաղված։

Ինչ վերաբերում է եղբորը, ապա ոչ վաղ անցյալում՝ 2021 թվականի հունվարի 22-ին, Սասուն Խաչատրյանի եղբայրը ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երդվեց և գնաց ԲԴԽ, սակայն կոլեգիալ մարմնից անկախ պաշտոն ունենալու ու միայնակ առավել շատ լիազորություներով օժտված լինելու փնտրտուքը եղբայրները չէին դադարեցնում, և 2023-ին Սասուն Խաչատրյանի եղբայրն ԱԺ ամբիոնի մոտ էր գնացել որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու։ Ոչինչ, որ երբեք դատավոր չէր եղել, կարևորն այլ հատկանիշներ են, որով չափազանց շռայլ են օժտված Խաչատրյան-Խաչատուրյան եղբայրները։

ՔՊ-ն նրան կրկին ընտրեց, բայց անգամ ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ԲԴԽ գնալուց խոստացել էր ծառայել և այլն։ Կարճ ժամանակ անց այդ մարդը ՍԴ դատավոր դարձավ։ Ի դեպ, Խաչատրյաններն արմատներ են գցել նաև Կադաստրի կոմիտեում, որին առաջիկայում կանդրադառնանք։

Հետևաբար, հենց Խաչատրյան-Խաչատուրյանների համար է ասված՝ որտեղ հաց, այնտեղ կաց։