Նիկոլ Փաշինյանը այսօր սոցցանցային իր էջում գրառում է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին, ինչպես նաև անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջան»՝ Բաքվից հնչող նարատիվին։ Իր գրառման մեջ Փաշինյանը նշել է․
«Տարածաշրջանում երկարատեւ կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է.
ա) փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից,
բ) Բերքաբեր-Ոսկեպար հատվածում իրականացված սահմանազատման փորձի եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի հիման վրա շարունակել սահմանազատման գործընթացը,
գ) կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է,
դ) իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, լուծելով նաեւ Ադրբեջան-Ադրբեջան կապի հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքով եւ Հայաստան-Հայաստան կապի հարցն Ադրբեջանական Հանրապետության տարածքով, համաձայն Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված առաջարկների,
ե) հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել,
զ) ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը,
է) ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա,
ը) հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում,
թ) աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական եւ արդյունավետ իրագործման վրա,
ժ) սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձեւավորել,
ի) երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով,
լ) լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»։
Վերջին կետով Նիկոլ Փաշինյանը նշել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը․ այս պահանջ-առաջարկը մոտ մեկ տարի առաջ հնչել է Բաքվից։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեռ 2024 թվականի մայիսին հայտարարեց՝ ժամանակն է լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։
«Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները վերացնելու ժամանակը։ Ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացրել է, և չկա որևէ պատճառ, որ հայկական կողմը համաձայն չլինի», - Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ Բաքվում կայացած հանդիպմանը հայտարարել էր նա։
Ավելի ուշ նա ևս մի քանի անգամ հնչեցրեց այս միտքը՝ որպես պահանջ և որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման․
«Եթե Հայաստանը նախընտրի ԵԱՀԿ ՄԽ-ի պահպանումը, ապա դա կնշանակի, որ նրա տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են»։
ԵԱՀԿ ՄԽ լուծարման վերաբերյալ արդեն ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսին հայտարարել է․ «Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»։
Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, ընդունել է Բաքվի առաջնորդի՝ մոտ մեկ տարի առաջ հնչեցրած պահանջը և ձևակերպել արդեն որպես իր առաջարկ։