Հետևեք մեզ։

«Միանգամից ասեն՝ մի եկեք Հայաստան, փողն ուղարկեք»․ ջավախահայերին տուգանելու անզուսպ ցանկությունը, ՆԳՆ ձևական նախագիծն ու Վիեննայի մոռացված կոնվենցիան

21:34, 05 փետրվար 2025
«Միանգամից ասեն՝ մի եկեք Հայաստան, փողն ուղարկեք»․ ջավախահայերին տուգանելու անզուսպ ցանկությունը, ՆԳՆ ձևական նախագիծն ու Վիեննայի մոռացված կոնվենցիան

Հայաստանի ԱԳՆ կայքում այսպիսի գեղեցիկ միտք կա․ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում արձանագրվել է, որ Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը:

 

Հաշվի առնելով, որ սա գրել է ՔՊ-ն, ճիշտ այն ուժը, որն Արցախը համարում էր Հայաստան, բնականաբար, անում է հակառակը։

 

2025-ին Հայաստանում ջավախքցիների համար բազում անակնկալներ են հորինել։ Բյուջեն լցնելու՝ իրենց ձրի ապրելու պայմանները ճոխացնելու մոլուցքով տարված իշխանությունները որոշել են փող աշխատել նաև համայն հայության հաշվին։

 

Օրեր առաջ Hayastan.newsահազանգ էր ստացել առ այն, որ Վրաստանի քաղաքացիները, ովքեր Հայաստան են մուտք գործում վրացական պետհամարանիշներով մեքենաներով, տուգանվում են։ Թե որ որոշումն է հիմքը, մինչ օրս հայտնի չէ, միայն վարորդները լսել են, որ իրենք ժամկետ են խախտել և պայմանավորված մեքենայի գնով տուգանվում են՝ կես մլն և ավելի դրամով։

 

 Պարզվում է՝ վրացական համարանիշներով ՀՀ-ում գտնվելու ժամկետը փոխվել է մի անհայտ աճպարարությամբ՝ մեկ տարվա փոխարեն դառնալով 15 օր։ Սա էլ բանավոր խոսակցություններից է պարզվում։ Մաքսային ծառայողների իրազեկումից, այնտեղ տեղի ունեցած խոսակցություններից պարզ է դարձել, որ Վրաստանում ծնված, Վրաստանի քաղաքացի հանդիսացող, այնուհետև նաև ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած վարորդներին են տուգանում։ 

 

Hayastan.news-ն ուսումնասիրեց Կառավարության, ՊԵԿ որոշումները, նման որոշում չհաջողվեց գտնել, իրազեկում հաստատ չէր արվել, որևէ հաղորդագրություն այդ մասին չի տարածվել, հնարավոր է՝ ներքին որոշում է՝ գաղտնի։

 

Հիմա, հերթը վարորդական իրավունքների վկայականներին է։ Ե՛վ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, և՛ Hayastan.news-ը ստացել են ահազանգ առ այն, որ պարեկային ծառայողները տուգանում են Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք հանդիսանում են նաև երկքաղաքացի, սակայն ունեն վրացական վարորդական իրավունքի վկայական։

 

Աբսուրդի հասնող այս որոշման մասին ամոթ է անգամ գրել, որովհետև Վրաստանում կիմանան և կմտածեն՝ Վրաստանի քաղաքացի հանդիսացող, սակայն հայկական վարորդական վկայական ունեցող վարորդներին Վրաստանում չեն տուգանում, իսկ Հայաստանում երկքաղաքացի հայերին տուգանում են, որովհետև վրացական վարորդական իրավունքի վկայական ունեն։

 

Հարցին «Արմենպրես»-ի միջոցով անդրադարձել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը․ «Այս պահին ՆԳՆ-ի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնություն, որով երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում», - ասել է Նարեկ Սարգսյանը։  

 

Տրամաբանություն որոնել, մեկ օրվա, ամսվա մեջ, անիմաստ է։ Դա նաև անտեղյակության արդյունք է․ Ջավախքից հազարավոր մարդիկ կան Հայաստանում, որոնք ուսանող են, աշխատում են, բնակվում են 180 օր ժամկետով, 1 ամիս փոփոխությամբ ի՞նչ է առաջարկում ՆԳՆ-ն։ Ուսանողը, որը ծնվել է Վրաստանում, վրացական վարորդական իրավունքի վկայական ունի, այստեղ ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, նրա համար ՆԳՆ մեկ ամսի ժամկետն ի՞նչ է փոխում, որ մեկ ամսից հետո գնա հայկական վարորդական իրավունք ստանա՞։ Իսկ ՆԳՆ տեղյա՞կ է, որ միայն Վրաստանի քաղաքացի հանդիսացող ու հայկական վարորդական իրավունք ունեցողներին Վրաստանում չեն տուգանում, ընդ որում, այդ մասին էլ վրացիները տեղեկանում են հենց սահմանին, որովհետև Վրաստանի սահմանային անցակետերում հսկողությունն իրականացնում է ոստիկանությունը։

 

Հետաքրքիր  է, ի՞նչ վիճակագրություն է ուսումնասիրել ՆԳ նախարարությունը, որ այդ ժամկետն է որոշել իբրև լավություն, կամ ինչի հիման վրա է ժամկետ որոշել, փո՞ղ է պետք։

 

Ի դեպ, այս հայտարարությունից մասին Hayastan.news-ը զանգահարել և կարծիք է հարցրել 12 վարորդից, որոնք հանդիսանում են երկքաղաքացի և վրացական վարորդական իրավունքի վկայական ունենք։

 

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն ՆԳՆ առաջարկի մասին, նրանց Զ․Ս․-ն ասաց․ «Իսկ ինչ է փոխում դա, եթե ես իրավունք ունեմ Հայաստանում, օրինակ, երկու ամիս մնալու, կամ քորպես քաղաքացի՝ որքան ուզել, այդքան մնալու, վարորդական իրավունքս ինչո՞ւ իրավունք ունի մեկ ամիս լինել Հայաստանում։ Ոչ մի բան չի փոխում, թող իզուր չչարչարվեն, թուղթ չծախսեն»։

 

Մեկ այլ երկքաղաքացի ասաց․«Միանգամից ասեն՝ մի եկեք Հայաստան, փողն ուղարկեք»։ 

 

Իսկ մեկ ամսվա մասին ՆԳՆ առաջարկի վերաբերյալ բոլոր վարորոդներին ասացին, որ Հայաստանում կարող են ձևականությունների համար ջանք չթափել, մեկ ամիսը հարցի լուծումը չէ, պետք է անել այնպես, ինչպես Վրաստանում է․ բոլորը վարում են այն երկրի վարորդական իրավունքի վկայականով, որն ունեն, և չեն տուգանվում։

Ինչ վերաբերում է Հայաստանում Վրաստանի դեսպան  Գիորգի Շարվաշիձեին, ապա անիաստ է անհանգստացնել նրան և կտրել զբոսաշրջիկի առօրյայից։ Վստահաբար, նա այս մասին ոչ լսել է, ոչ որևէ մեկը նրան դիմել է, ոչ էլ իմաստ կա։

Իսկ հիմա փաստերով․ 1968 թվականի Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․

 Պայմանավորվող կողմերը կճանաչեն՝

ա) իրենց ազգային լեզվով կամ իրենց ազգային լեզուներից մեկով կազմված կամ, եթե այդ լեզվով կազմված չէ, վավերացված թարգմանությամբ ուղեկցվող ցանկացած ազգային վարորդական վկայական,

գ) ․․․վավերական իրենց տարածքում` այն ավտոմեքենան վարելու համար, որը համապատասխանում է այն փոխադրամիջոցների տեսակին կամ տեսակներին, որոնք վարելու համար տրվել է վկայականը` պայմանով, որ նշված վկայականը վավերական է, և որ այն տրված է մյուս Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից կամ Պայմանավորվող կողմի կամ նրա տարածքային ստորաբաժանումներից մեկի կողմից լիազորված միավորման կողմից: 

 

Ի դեպ, 2004-ին ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է՝ 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: ՄԱԿ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2006-ի փետրվարի 8-ից։

 

Ի դեպ, Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում 2011 թվականի հունվարի 1-ից հետո հատկացվող վարորդական վկայականները համապատասխանում են Վիեննայի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին։

 

Ի դեպ, հայտնի չէ, ինչ պատճառով, ինչ նպատակով է որոշում կայացվել տուգանել ջավախահայերին, բայց դա ակնհայտորեն հակասում է Կառավորության վերը նշված ծրագրին։  Եվ բացարձակ անհիմն չեն այն պնդումները, որ այս և այլ որոշումները պետական քաղաքականություն են ընդդեմ ջավախահայերի, որի հետևանքները ոչ մի տեսակետից բարի չեն։

 

Բեթղեհեմ Արաբյան

 

 

Վերլուծական