Հետևեք մեզ։

482-ից միայն 1-ն է եղել ամառային անվադողերով․ Ավինյանը սուտ է խոսել

13:15, 24 փետրվար 2025
482-ից միայն 1-ն է եղել ամառային անվադողերով․ Ավինյանը սուտ է խոսել

Տիգրան Ավինյանը, ինչպես հարիր է յուրաքանչյուր ՔՊ-ականի, որոշել է մեղավորներ նշանակել բոլորին, բացի իրենից։ Ուրեմն, ողջ տարվա ընթացքում մեկ անգամ Երևանում առատ տեղումներ են եղել․ էլ ոտք կոտրելը դարձրին անվճար, էլ դասերը հետաձգեցին, էլ Ավինյանի առանձնատներից մեկի մոտ ձյուն մաքրող մեքենա ուղարկեցին, որը վթարի ենթարկվեց, որովհետև հնարավոր չէր այդ հատված աղ ու ավազ տանել, և այլն։ Այս ամենն այն պարագայում, երբ մեկ անգամ է ձյուն տեղացել, իսկ եթե, որպես կանոն, ձմռանը ձյուն գար, ի՞նչ էր լինելու Երևանում։ Չնայած, այս մեկ օրն էլ բավարար էր, որ Ավինյանը երկուշաբթի առավոտյան նստի և  սկսկի արդարանալ ու մեղավորներ փնտրել, այս մեկ առատ տեղումն էլ բավարար էր, որ 40 օր տրանսպորտի բարեփոխման մասին խոսող իշխանությունը տեսներ, որ քաղաքացիները ոտքով տուն հասան։

 

Այսօր գործակարգավարական նիստին Տիգրան Ավինյանը բեմադրված խիստ դեմքով նախ բոլորին թվարկել տվեց, թե ինչ է արվել ձյունը մաքրելու համար,  և հետո սկսեց թվարկել, պատճառները, թե ինչու էր Երևանում թանկացված տրանսպորտը սեզոնային։

 

«Ձյան տեղումների առաջին օրը տեխնիկայի ուշացման հետևանքով եղել է ծանր խցանում, բայց խցանումների 80 տոկոսը պայմանավորված էին վթարներով, ինչը ամառային անվադողերով վարելու հետևանք է: Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի աշխատանքի տրամաբանությունն է, որ մի թեթև իրար «քսելու» պատճառով ժամերով սպասել ու ստեղծել հերթեր։ Եւ մարդիկ մեղավոր չեն, այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։»,- ասաց Ավինյանը, և հավալեց, որ 10 000, 30 000 դրամ վնասի համար ճանապարհ է փակվում։

Դե, դա ի՞նչ փող է Ավինյանի համար։

Ավելին, պարզվեց Ավինյանը նախագիծ ունի՝ տուգանել նաև նրանց, ովքեր վթարի պատճառով ճանապարհը փակ կպահեն 15 րոպեից ավելի։ Բնականաբար, սկզբից պետք է տուգանել, հո պայմաններ չէի՞ն ստեղծելու, որ վթարները քիչ լինեն, խցանումներ չլինեն, որ դեպքի վայր հասնող մարդիկ 15 րոպեից ավելի չուշանան։ Ավելին, վերջում էլ Ավինյանը սպառնաց, որ անձամբ է զբաղվելու այս տուգանքի նախագիծն արագ օրենք դարձնելու հարցով։

 

Իսկ, օրինակ, Երևանի քաղաքապետը հաշվարկե՞լ է, թե իր ու իրեն նման ենթակաների անգործության պատճառով՝ փոսերի, ոչ հստակ գծանշումների, ոչ նորմալ լուսավորության պատճառով քանի՞ մարդ է վթարի ենթարկվում, քանի՞սն են մահանում, քանի՞սն են վնաս կրում, չհամակագրված ասֆալտապատման աշխատանքների պատճառով քանի՞սն են ուշանում ու հայտնվում խցանման մեջ, քանի՞ շտապօգնության մեքենա է հիվանդով հանդերձ հայտնվում խցանման մեջ, երբ իրենք ցերեկը տոնածառ են զարդարում Երևանում։

Վստահ եմ, դեռ ոչ։ Բայց մի օր, ստիպված կլինի հաշվարկել։


Բայց, ի տարբերություն Ավինյանի, որն առանց վիճակագրության պնդումներ է անում, թե առանց ձմեռային անվադողերի են վարել ու վթարի ենթարկվել, Hayastan.news վիճակագրություն խնդրեց Ներքին գործերի նախարարությունից, հասկանալու համար, թե վթարի մասնակից քանի մեքենա է եղել ամառային անվադողերով։

Բայց, Ավինյանին այս վիճակագրությունը բացարձակ ձեռնտու չէ, որովեհետև մեղավորներ որոնելու գաղափարը կիսատ կմնար։ Երբ ասում է՝ ամառային անվադողերով են վարել, հավանաբար տողատակում էլ նկատի ունի, որ ՆԳՆ-ն լավ չի աշխատում, չի տուգանում, երբ ասում է՝ ԱՊՊԱ-ն է մեղավոր,  հավանաբար, իրեն այդ բիզնեսից բաժին չի հասել կամ՝ ի՞նչ իմանաս․․․։

Մի ամբողջ նիստի ընթացքում Ավինյանը սուտ է խոսել, երբ ասել է, թե առատ տեղումների ժամանակ ոչ ձմեռային անվադողերով են վարել, խցանումներ են առաջացրել և խոչընդոտել են իրենց աշխատանքը։


Hayastan.news-ին ՆԳՆ-ից տրամադրած վիճակագրության համաձայն՝ փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Նշված 482 պատահարների հաշվառմամբ՝ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։

 

Բա, Տիգրան Ավինյան, հիմա ո՞վ է աղետ Երևանի համար․․․

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական