Հետևեք մեզ։

Ո՞նց է, որ Փաշինյանը 2020-ին ասում էր՝ Թուրքիան փորձում է շարունակել Հայոց ցեղասպանությունը, իսկ ո՞նց է, որ 2025-ին կասկածում է․ պե՞տք է հասկանանք, թե Փաշինյանն ու՞մ միջոցով է դրանք ընկալում

19:13, 25 հունվար 2025
Ո՞նց է, որ Փաշինյանը 2020-ին ասում էր՝ Թուրքիան փորձում է շարունակել Հայոց ցեղասպանությունը, իսկ ո՞նց է, որ 2025-ին կասկածում է․ պե՞տք է հասկանանք, թե Փաշինյանն ու՞մ միջոցով է դրանք ընկալում

Նիկոլ Փաշինյանի Շվեյցարայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է․«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ ի՞նչ և ինչո՞ւ է տեղի ունեցել և մենք դա ինչպես ենք ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց ա, որ 1939-ին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, իսկ ո՞նց ա, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, պետք ա հասկանանք, թե չպետք է հասկանանք»։

 

Շատ հետաքրքիր է, Փաշինյանը, երբ ասում է՝ մենք, ու՞մ նկատի ունի, Պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակների՞ն, իսկ, հազար ներողություն, դուք ովքե՞ր եք, որ Հայոց ցեղասպանության հարցին վերադառնաք։  Եթե պատասխանն այն է, որ ձեզ ժողովուրդն է ընտրել, ապա հիշեցնեմ․ Հայաստանում ընտրողների 51 տոկոսը 2021-ին չի մասնակցել ընտրություններին։ 

 

Բացի այդ, 1939-ին չէր կարող լինել որևէ ցեղասպանոթյան մասին հարց, նախ այդ տերմինը գոյություն չուներ, Ցեղասպանություն տերմինը 1944թ. է դրվել շրջանառության մեջ, իսկ 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունել է «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որը ցեղասպանությունը սահմանում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Հասա՞վ իր ասած՝ 1950-ին Փաշինյանը։ Ի դեպ, այդ տարիներին նաև 2-րդ համաշխարհայինն է եղել։

 

Բացի այդ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի  միայն պատմությունը բավարար է այդ թեմային ԽՄ իշխանության բարքերին մասին գոնե մի փոքր պատկերացում կազմելու համար։

Ակնհայտորեն, Փաշինյանը Հայոց ցեղասպանությունը դնում է կասկածի տակ, ակնարկելով, թե այդ հարցն օրակարգ է բերել Խորհրդային Միությունը։ Բացարձակ գաղտնիք չէ, որ յուրանքաչյուր երկիր կամ քաղաքական միավոր կարող է ստեղծել իր քաղաքական շահը սպասարկող մեխանիզմներ, կարող էր նաև Հայաստանին արգելել ունենալ այդ օրակարգը, և ոչ ոք դա չի բացառում։

 

Ամենայն հարգանքով ու շնորհակալությամբ, բայց Ֆրանսիան էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն էր երբեմն կիրառում այնտեղ, որտեղ իրեն պետք էր, բացարձակ վատ չէր լինի, եթե նման արդարացի դիվանագիտական մեխանիզմներ էլ Հայաստանն ունենար։

 

Քաղաքական բաղադրիչը հնարավոր է, նաև առկա է եղել Ցեղասպանության հարցով, մասնագետները դրանց ավելի դետալային կարող են անդրադառնալ, բայց կասկածի տակ դնել, որ եղե՞լ է Հայոց ցեղասպանություն, ակնարկել, որ դա մեր ընկալմանը այդպես մատուցե՞լ են, գրեթե ասել, որ Ցեղասպանությունից փրկվածները 1939-ին մոռացել էին իրենց որդիների, մայրերի, երեխաների մահն ու անմարդկային ողբերգությունները, և որ չլիներ Խորհրդային Միությունը 1950-ին չէին հիշելու․․․ սա է  նշանակում ընկալման հարցը։ Բացարձակ բացառված չէ, որ աղքատության պես Փաշինյանը մի օր ասի՝ Ցեղասպանությունը ձեր ուղեղում է․․․

 

Քաղաքական հաշվարկներ անել ազգի ողբերգության վրա՞, Փաշինյանն ինքն է բազմիցս ասել, թե ինչ նպատակ ունի Թուրքիան, ընդ որում, երբ վարչապետ էր, երբ 2020 թվականն էր, հոկտեմբերի 1-ը, 13-ը․․․

 

«Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը:

Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:
 
 
Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»,-գրում էր Փաշինյանը։
 
 
Մեկ այլ հարցազրույցում, որը Փաշինյանը տվել էր 2020-ի հոկտեմբերի 13-ին  Reuters գործակալությանը, Թորքիայի մասին բառացի ասել է․
 

«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական տարածաշրջանում, Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է:

Հայտնի են Թուրքիայի էքսպանսիոնիստական պլանները դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք, և խնդիրն այն է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին խոչընդոտն են՝ այդ էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարելու ճանապարհին: Եվ հիմա Թուրքիան ամենևին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետև Հարավային Կովկասում Հայաստանը և հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք», - ասել էր Փաշինյանը:

Նա այդ հարցազրույցում ընդգծել էր՝ Թուրքիան շարունակում է Օսմանյան կայսրության 20-րդ դարասկզբի քաղաքականությունը, ինչը նա որակեց որպես Հայոց ցեղասպանության շարունակություն:

«Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, և այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, գործնականում ամիսների ընթացքում և ավելի երկարաժամկետ՝ դեպի արևելք», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:

 
 Այսօրվա Փաշինյանին հարց է հասնում՝ 2020-ին Թուրքիայի հասցեին ասածներն ո՞վ էր իրեն ընկալել տվել, Պուտի՞նը, Մակրո՞նը,  նրա թելադրությո՞ւն է գրել իր էջում։ Իսկ Շվեյցարիայում ասածն ո՞վ է ընկալել տվել, Էրդողա՞նը․․․, մենք պետք է դա հասկանանք, թե չէ․․․
 
 
 

Վերլուծական