Ստիպված եմ նորից նամակ գրել։ Թեև դրանք ոչինչ չեն փոխում, բայց երբեմն չգրել չի լինում։ Այլևս վստահ եմ՝ շատերն են գրում ոչ թե ակնկալիքով, որ կկարդաք ու բան կփոխվի, այլ քանի որ չեն կարողանում ուղղակի չբարձրաձայնել, չնայած՝ արդեն բարձրաձայնելու համար էլ ձերբակալում եք։
Այո՛, այո՛, պարոն Փաշինյան, այս անգամ անարդարության մասին չլռելու ներքին հարկադրանքը գրել է տվել արցախցի Ղարիբ Բաբայանի մասին։ Այս մասին առավել ևս կցանկանայի ոչ թե գրել ու հույս ունենալ, որ կկարդաք ու գոնե կմտածեք, այլ խոսել դեմառդեմ, տեսնել դրա շուրջ մտածելն ու պատասխանն ստանալ աչքերի մեջ նայելով։ Ուստի միանգամից հարց տամ։
Դուք քանի՞ անգամ արդեն դատված կլինեիք, եթե ձեր ընդդիմադիր եղած ժամանակ ձեզնով զբաղվեին ձեր ոստիկանները, քննիչներն ու դատախազները։ Քանի՞ անգամ Դուք ձերբակալված կլինեիք, եթե ժամանակին քննիչները Ձեր քննիչների նման հնազանդ ու օրենքից կտրված լինեին։ Ժամանակին քանի՞ այդպիսի հայտարարություն եք արել, որ հանգիստ քնո՞ւմ եք՝ թույլ տալով, որ արդեն ցանկացած բողոքի խոսքի համար մարդ ձերբակալեն։ Մի հարց էլ ունեմ՝ մարդկանց չե՞ք խղճում, գոնե ամեն ինչ ու բոլորին կորցրած, ու հրապարակում երգող թուրքին տեսնելուց թեկուզ 2 ավելի խոսք ասած արցախցուն չե՞ք խղճում:
Չէ՞ որ ֆեյսբուքում Ձեզ հայհոյողներին ներել եք։ Իսկ ի՞նչ էր արել Ղարիբ Բաբայանը, որ Ձեր իրավապահ համակարգը հարձակվել է նրա վրա։ Ոչինչ էլ չի արել նա, իսկ Ձեր քննիչ-դատախազ-ոստիկանները ընդամենը փորձել են գերազանցիկի ծառայություն մատուցել Ձեզ՝ պատժելով թուրքին հրապարակ բերելու համար ձեզ մեղադրող արցախցուն։ Դուք ու իրենք չեք գիտակցում, որ ամեն այսպիսի դեպք Ձեզ է հենց ատելի դարձնում ժողովրդի համար, ու նրանք Ձեր պատվերը գերակատարելիս չեն գիտակցում կամ միգուցե գիտակցում են, որ արդյունքում ապահովում են Ձեր հակափիառը։
Եվ այստեղ վերջին հարցը, Դուք փաստորեն 80- ից 10 տոկոսի հասած Ձեր վարկանիշը նույնպես չե՞ք ափսոսում, դա էլ Ձեզ չի՞ ստիպում, որ կարգի հրավիրեք Ձեզ խոնարհաբար ենթարկվող, Ձեզնից իրականությունը թաքցնող, Ձեր ականջին միայն հաճելին հնչեցնող, ու Ձեր տակ ռումբ տեղադրող ձեր իրավապահներին: Ինչո՞ւ Ձեզ չեն զեկուցել, որ Ղարիբ Բաբայանին պատժելու Ձեր ակնկալիքն ապօրինի է ու Ձեզ նոր հայհոյանքներ է բերելու…։
Ալեքսանդր Սիրունյանին ու Արթուր Հովհաննիսյանին ատամներով պահելուն զուգահեռ բարկացած արցախցուն պատժելն է, որ Ձեզ գլորում է շատ մութ մի տեղ…
Բեթղեհեմ Արաբյան