Հետևեք մեզ։

Ինչո՞ւ ենք անտարբեր Բաքվում տիրող սարսափի նկատմամբ

11:31, 27 փետրվար 2025
Ինչո՞ւ ենք անտարբեր Բաքվում տիրող սարսափի նկատմամբ

 

Բաքվում տեղի ունեցողը անչափելի և սարսափելի խայտառակություն է։ Այնտեղ՝ օրենքն ու իրավունքը անարգած ու ոտնատակ տված Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին գործիչներ են՝ որոշների համար՝ ընդունելի, որոշների համար՝ ոչ այնքան, ովքեր եղել են Արցախ պետության հենց գոյության առաջնագծում, հիմքում, այնտեղ էս քար լուռ աշխարհում խոշտանգված բարեգործ Ռուբեն Վարդանյանն է, որի մոտիվների մասին ով ինչ ասես կխոսի, բայց անսահման բարեգործությունների մասին կլռեն, գուցե խոսեն այն ժամանակ, երբ սեփական իրավունքների մասին անընդհատ բարձրաձայնող գործչի ձայնը չլսվի։ Այնտեղ աշխարհազորայիններն են, առանց Բաքվից ուղարկված ինչ-որ ցուցակի ու պահանջի, պարզապես հող պահող պատահական մարդիկ, այնտեղ ծերունիներ են, որոշները՝ արդեն իրենց բաժին «դատավճիռը» ուսերին, այնտեղ իրենց կյանքի լուսավոր տարիներն են անցկացնում երկու երիտասարդ տղաներ, որոնց մասին հայ հասարակության շատ մեծ մասը պարզապես չգիտի, այնտեղ երկու տարիքով տղամարդիկ են, դեռ 2020-ից… այնտեղ սիրիահայ Վիգենն է, ում ճակատագրի մասին շա՜տ քիչ բան է հայտնի… շատ քիչ։

 

Ցանկացած գիտակից հասարակություն, որն իր ափսեից այնկողմ աշխարհ է տեսնում, այս պարագայում կելներ ոտքի. ի՜նչ «Էլեկտրիկ Երևան», ի՜նչ տրանսպորտի թանկացման դեմ պայքար… չէ որ մարդկային ճակատագրեր են խեղվել, սա պատմվածք չի, սա իրականությունն է, որում ես, դու, ծնողդ ու երեխադ ապրում են, սրա հավաստիության մեջ կասկած պիտի չունենաս, պատմիչներ ու մեկնիչներ չկան, ամեն բան չափից դուրս հասանելի է, մի՞թե պահանջ չունես երկրի ղեկավարությունից, որոնց էլ են մեկ ամբողջության մեջ Բաքվից «էրմենի» կոչում։

 

Հայաստանում չկա բավարար պահանջ այդ մասին խոսելու կամ ինչ-որ կերպ արձագանքելու, ինչը խստորեն հակասում է միջազգային մարդասիրական իրավունքներին և համաշխարհային համերաշխությանը։

 

Եվ այստեղ քաղաքական հայացքները, կողմնորոշումը, նիկոլականն ու մնացածական լինելը բացարձակ կարևոր չէ, այն մարդիկ Բաքվում են, «ռազմավարի պուրակով» պարծեցող Բաքվում, իմ ու ձեր տունը «Արևմտյան Ադրբեջան» համարող Բաքվում, կանանց մասնատելու ու մարմինն անարգելու հրամաններն արձակած ղեկավար  ուղեցող Բաքվում…

 

Բաքվում անարգվում է մարդասիրությունը, մեր արժանապատվությունն ու արժեքները, մենք՝ ինքներս…

 

Ինչպես նշել է Միշել Ֆուկոն՝ իշխանությունը ստրկացնում է մարդկանց՝ հաստատելով կարգեր, որոնք պարտադրում են հասարակությանը ենթարկվել դրանց, անգամ երբ դրանք հակասում են բարոյական ու մարդասիրական սկզբունքներին։ Ըստ նրա՝ քաղաքական ուժը հաճախ օգտագործում է «հիշողությունը մոռանալու» մեխանիզմը՝ այնպիսի դեպքերը, ինչպիսին հենց գերիների նկատմամբ իրականացված բռնություններն են, և այս բոլոր երևույթները չեն դառնում պատժելի, քանի որ այդպիսի բռնությունները հանդուրժող հասարակություններում իշխող վերնախավերը փորձում են մոռացնել այդ հարցերը՝ դրանք կամավոր չբարձրաձայնելով։

 

Երբևէ լսե՞լ եք հայի խոշտանգող ադրբեջանցու խոսքը, հասկացե՞լ եք, որ նրանք կոնկրետ անձի չեն խոշտանգում. Բաքվի համար խնդիրը կոնկրետ այս կամ այն հայը չէ, նրանց խնդիրը հայի վերացումն է, ու այս պրոցեսի արժեքային ու արժանապատվության փուլը իրականացվում է բախտի քմահաճությամբ այսօր Բաքվի բանտերում խոշտանգվող, բայց դատարանի դահլիճում ստիպված հակառակը պնդող անձանց միջոցով… Եթե այս ամենին մեր վերաբերմունքը շարունակում է լինել այսրոպեական տխուր էմոջին, դա ոչ միայն լուրջ վնաս է հասցնում հենց այդ մարդկանց, այլև առաջացնում է այնպիսի սոցիալական ու քաղաքական վարքագծեր, որոնք կարող են հանգեցնել հայրենիքի արժանապատվության ու մեր ժողովրդի բարոյական ու իրավական հիմքերի պղծմանը։ Այս պրոցեսը ոչ միայն ուղղակիորեն սպառնում է պատվի ու իրավունքի պաշտպանությանը, այլև իրականացնում է այն, ինչ Ֆուկոն անվանում է «մարդկային արժանապատվության մեռյալ տարածք», որտեղ պետությունները զրկում են իրենց քաղաքացիներին լավագույնը ստանալու հնարավորությունից։ Այս համատեքստում, Հայաստանի իշխանությունների անգործությունը կարելի է համարել հենց այդ «մեռած տարածք» ստեղծելու օրինակ։

 

Ժան Պոլ Սարտրը, օրինակ, նշում էր, որ արդարությունը չի կարող լինել միայն մտավոր վերլուծություն կամ քաղքենիական կեցվածք, այն պետք է լինի հենց մարդկանց կողմից իրականացվող գործողություն՝ երբեմն նույնիսկ դիմադրություն իշխանություններին։ Սարտրի խոսքերով՝ «Երբ ձեր արժեքները վտանգված են, դուք պետք է դուրս գաք լռության քողից և բարձրաձայնեք: Ձեր արժեքները ապրում են միայն այն ժամանակ, երբ դուք գործնականում պահպանում և պաշտպանում եք դրանք»։

 

Այսպիսով, ժամանակն է վերականգնել ազգային առաքելությունը, այն է՝ բարձրացնել մեր ձայնը՝ ընդդեմ միջազգային իրավունքի հույժ կոպիտ խախտումների ու Ադրբեջանում հայ ռազմագերիների հանդեպ խոշտանգումների և անօրինական դատավարությունների։

 

Պահանջը հստակ է՝ քաղաքական ամենաբարձր մակարդակով խոսել այս անարդարությունների մասին՝ մի կողմ դնելով ողջ նախկին և ներկա քաղաքական շղարշը, ձևակերպել հստակ քաղաքական պահանջ հարևան երկրին և ձեռնամուխ լինել բոլոր հնարավոր լծակերով այդ պահանջի, այն է՝ ամեն գնով գերեվարված հայերի վերադաձը, կյանքի կոչմանը։

 

 

Դիանա Կարապետյան

Վերլուծական