Հետևեք մեզ։

Տրանսպորտ` միայն «այթիշնիկների» համար կամ Փաշինյանի հակագովազդը

20:05, 09 փետրվար 2025
Տրանսպորտ` միայն «այթիշնիկների» համար կամ Փաշինյանի հակագովազդը

Մայրաքաղաքում տրանսպորտի հարցը, որն արդեն երկար ժամանակ է` չի իջնում հանրային օրակարգից, երկու կողմ ունի՝ ուղեվարձի թանկացումն ու վճարման նոր՝ թվային եղանակը։

 

Ուղեվարձի թանկացման հարցը սրանցից ամենազգայունն է երևի, որովհետև անմիջապես հարվածում է հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացու գրպանին, հատկապես 300 դրամով մի քանի ժամվա ընթացքում երեք անգամ տրանսպորտից օգտվելու և մյուս մախինացիաների պայմաններում, որոնք հեղինակել էր քաղաքապետարանը և որոնց մասին փորձագետների ու քննադատների հիմնավորումները հերքել չկարողացավ։

 

Թանկացման հարցում Նիկոլ Փաշինյանը սկզբից լուռ էր, բայց հետո հիշեց, որ վարչապետ Փաշինյանը կարող է վարվել ընդդիմադիր Փաշինյանի հայտարարություններին հակառակ ու բացատրեց, որ տրանսպորտը պետք է թանկանա, որպեսզի կարողանա զարգանալ։ Փաշինյանը չպարզաբանեց, թե ուրեմն ինչու՞ նախկին թանկացումները չէր համարում զարգացման համար անհրաժեշտ և ինչու՞ է հիմա այդպես համարում։ Նա հավանաբար «կբացատրի», որ նախկինում կոռուպցիա կար ու վստահ չէր, որ թանկացման արդյունքները բյուջե են ուղղվելու։ Բայց տրանսպորտը թանկացնելու և կոռուպցիայի կապի մասին խոսելիս Փաշինյանը խիստ զգուշավոր պետք է լինի՝ Տիգրան Ավինյանի 7 մլն դրամանոց ավիատոմսն ու նրանց գնած նոր տունը վկա։

 

Ի դեպ, մի փոքրիկ հուշում անեմ, փորձեք ճշտել` արդյո՞ք այդ տունը միակ անշարժ գույքն է, որ վարորդների մի զգալի մասին «համբալ» համարողի որդին ձեռք է բերել միգուցե այդ նույն վարորդների հաշվին։

 

Բայց այս պատմությունը մի ուրիշ կողմ էլ ունի` ուղեվարձի վճարման թվայնացումը։ Հանուն արդարության` դրան սկզբունքորեն ու վերջնականապես դեմ լինելն ու պնդելը, որ դեռ անվերջ պետք է շարունակել 100 դրամը ձեռքից ձեռք փոխանցելով վճարել, այդքան էլ ճիշտ չէ, եթե դրա նպատակն իսկապես խորացած «գռդոնը» վերացնելն է, վճարները բյուջե ուղղելն ու, ի վերջո, նաև քաղաքակրթությանը մոտենալը։ Այս համաձայնությունը, սակայն, պայման ունի` այն չպետք է անհամաչափ դժվարություններ առաջացնի մարդկանց համար, պետք է այնքան հեշտ լինի, որ ամբողջ կյանքը նոր տեխնոլոգիաներից հեռու ապրած մարդը կարողանա տոմս գնել ու վճարել։

 

Այս հարցում անհանգստություններս մեծացրեց տոմս գնելիս Նիկոլ Փաշինյանի` օրեր տևող չարչարանքը։ Գետնից ընդամենը կես ոտնաչափ բարձր հեղինակությունը փրկելու համար «քաղաքացին ես եմ» կամ «ես ձեզնից մեկն եմ» խորագրով փողոց իջած ու շատ հեռվից քարոզարշավ սկսած Նիկոլ Փաշինյանը քանի օր է` չի կարողանում առանց օգնության տոմս գնել՝ թեև սովորական քաղաքացուն անհրաժեշտ համակարգչային գիտելիքներ, վստահ եմ, ունի։ Ու զարմանալին այն է, որ տոմս գնելիս ձախողումների արդյունքում գոնե հասկանալու փոխարեն, որ այս անգամ էլ ինչ-որ բանի «բարեփոխումն» այնպես են արել, որ դրանից օգտվել անհնարին են դարձրել, Փաշինյանը հայտարարում է, որ խնդիրը նոր տեխնոլոգիաներից օգտվել չկարողանալն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հարցնող չկա՞` Աէրացիայից դեպի Չարբախ 2 կանգառ գնալու համար համակարգչային գիտելիքներ ունենալու պահանջը մի քիչ շատ չէ՞, հատկապես որ այդպիսի գիտելիքներ չունենալը վարչապետ լինելուն չի խանգարում․․․

 

Բայց բանուգործը թողած, կամ չնայած աշխարհի բոլոր անկյուններում ստեղծված, ամեն րոպե անելիք պահանջող այս բարդ վիճակում միգուցե բանուգործ չունեցող ու փողոցում քարոզարշավի դուրս եկած Փաշինյանն իրականում ապացուցում է, որ տրանսպորտից հարմարավետ օգտվելու խնդրի լուծումը տապալել են ։

 

Ի դեպ նա կարող է տրանսպորտից օգտվել փորձել մի աշխատանքային օր՝ առավոտյան։ Այդպես ավելի հաճելի է․․․

Վերլուծական