Հետևեք մեզ։

Եթե գործով քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է, ես պետք է հակառա՞կը պնդեմ․ Սամվել Նիկոյան

18:25, 27 հոկտեմբեր 2023
Եթե գործով քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ասում է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է, ես պետք է հակառա՞կը պնդեմ․ Սամվել Նիկոյան

Հարցրեք Ալենին, եթե հայտնի է, թող ասի՝ ովքեր են։ Սա՝ մեկ։ Երկրորդը, բա հինգ տարի ու կես իրենք իշխանության են, եթե ինչ-որ մի բան գիտեն, ինչ-որ մի բան կարող են, կասկածներ ունեն, թող զբաղվեն։ Պետք է հասկանալ մի բան, ըստ էության՝ այն ժամանակ ամեն ինչ ուղղված էր մեր պետության, մեր ազգի ու ազգային շահերի դեմ։

 

Hayastan.news-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական տարելիցի թեմային և դրա վերաբերյալ իշխանականների հայտարարություններին։

 

«Ո՞վ է Վազգեն Սարգսյանը։ Նա մեր պետության մեջ երկրորդ Գարեգին Նժդեհն էր։ Հարյուր տարի հետո մեր պետության մեջ ծնվել էր մարդ, որը կարողացավ մեր կորսված հայրենիքի մի մասը վերատիրել։ Այսինքն՝ ինքը ազգային, պետական գործիչ էր, ինքը Արցախ բերող էր։ Վազգենի դեմ միշտ էլ գործել են մարդիկ, որոնք ցանկացել են Արցախը օտարել, տալ, նվիրել և՛ այն ժամանակ, և՛ հիմա։ Հիմա Վազգենին ևս մեկ անգամ սպանեցին՝ Արցախի հարցով։ Արցախը Վազգենի կյանքի նպատակն էր»,-ասաց Սամվել Նիկոյանը։

 

-Ալեն Սիմոնյանն ասում է՝ թե՛ Մարտի 1-ի, թե՛ Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին գիտենք, մնում է՝ համապատասխան պատիժ լինի։ Ինքը ակնարկում է նախորդ իշխանություններին, Դուք էլ ակնարկում եք իրե՞նց։

 

-Ես չգիտեմ՝ ինքը ում է ակնարկում, դա իրեն հարցրեք՝ ո՞ւմ ես ակնարկում։ Ես ակնարկներին ակնարկներով չեմ պատասխանում, ես շատ հստակ ձևակերպեցի իմ ասելիքը։ Հիմա Ալենը ինչ կասի, հինգ տարի ու կես իշխանություն ես, եթե մի բան գիտես՝ արա, դատարկախոսությամբ մի՛ զբաղվեք։

 

-Այս իշխանությունների մեջ մարդիկ կա՞ն, որ հոկտեմբերի 27-ի շահառուներից կարող էին լինել։

 

-Շահառուները կարող են լինել շատերը, բայց ես ինձ վրա չեմ կարող վերցնել պատասխանատվություն և սլաքը որևիցե կողմ ուղղել։ Ես ընդամենը ասում եմ՝ դրանք կարող էին լինել այնպիսի մարդիկ, որոնք զզվում էին Արցախից, ապազգային էին, ազգին դեմ էին, դրա համար էլ ազգային մարդիկ նրանց համար թշնամի էին և՛ այն ժամանակ, և՛ հիմա։

 

-Դուք ասում եք՝ հինգ տարի է իշխանության են, թող բացահայտեն։ Դուք էլ տասը տարի էիք իշխանության, ինչո՞ւ չկարողացաք բացահայտել՝ ովքեր էին հիմնական պատվիրատուներն ու շահառուները։

 

-Չհասկացա, էդ հարցը տալուց առաջ պետք է, որ Դուք շատ լավ իմանայիք, որ մարդիկ կան՝ ձերբակալվել են, դատապարտվել են և մինչև հիմա իրենց պատիժը կրում են։ Այդքան բանը Դուք չգիտեի՞ք։

 

-Ես դա գիտեմ, բայց կարծում եք՝ Նաիրի Հունանյանը, իր եղբայրն ու մյուսները իրենց նախաձեռնությամբ և ցանկությա՞մբ են դա արել, որևէ մեկը իրենց չի՞ դրդել, չի՞ պատվիրել, որևէ մեկը կանգնած չի՞ եղել այդ ամենի հետևում։

 

-Այսինքն՝ Դուք մտածում եք, որ ես պետք է հիմա եղունգ նայելով, մտածելով ու չգիտեմ ինչով տեսակետնե՞ր արտահայտեմ։ Քսան տարի դրա մասին խոսում եմ, քսան տարի էդ ժանգը մտել է մեր ազգի մեջ ու թունավորում է բոլորի հոգին։ Եթե որևիցե մեկը որևիցե կոնկրետ բան գիտի, թող հստակ հեկնի ասի, որ այ էս մի բանը ես գիտեմ ու կոնկրետ ասում եմ։ Մնացածը դատարկախոսություններ են։

 

-Այսինքն՝ Դո՞ւք էլ եք համաձայն Գագիկ Ջհանգիրյանի այսօրվա ասածի հետ, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտված է։

 

-Այն ժամանակ ամբողջությամբ այդ նախաքննությունը, քննությունը, դատավարությունը վստահվել է այն ժամանակվա իշխանությանը՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի և, Արամ Սարգսյանն էլ վարչապետ էր։ Այսինքն՝ ամբողջությամբ իրենք են տիրապետել դրան։ Եթե իրենք կանգնում` ասում են, որ բացահայտված է, եթե քննչական խմբի ղեկավարը կանգնում նման բան է հայտարարում, ես պետք է հակառա՞կը պնդեմ։ Ես դրա ոչ մասնագետն եմ, ոչ էլ, ես հավատում եմ էդ մարդկանց, ովքեր ուզում են հավատալ։

 

-Այսինքն՝ հավատո՞ւմ եք Գագիկ Ջհանգիրյանին։

 

-Ցանկացած մեկին, ով մասնագետ է և զբաղվել է դրանով, ոչ թե ֆեյսբուքի բամբասանքներով։

 

Նշենք, որ մայր քրեական գործով նախաքննությունն իրականացվել է հենց Գագիկ Ջհանգիրյանի հսկողության ներքո՝ զինդատախազությունում, իսկ Գ.Ջհանգիրյանը զբաղեցնում էր զինդատախազի պաշտոնը։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ