Հետևեք մեզ։

Ինչ է անում Վահե Ղազարյանը․ ինչու՞ է նույն օրենքը մի օր ՔՊ-ի գովազդային պաստառ, մեկ այլ օր՝ Ծառուկյանին պաշտպանող վահան

17:04, 09 նոյեմբեր 2023
Ինչ է անում Վահե Ղազարյանը․ ինչու՞ է նույն օրենքը մի օր ՔՊ-ի գովազդային պաստառ, մեկ այլ օր՝ Ծառուկյանին պաշտպանող վահան

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն առնվազն երեք դեպքով վերապահում ունի գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, որոնցից մեկն, ի դեպ, առնչվում է  Կառավարության նիստում վերջերս քննարկված օրենսդրական նախագծերից մեկի կոպիտ խախտմանը, բայց այդ մասին հետո։
 

ՆԳ նախարարի պաշտոնը միայն իջևանցի լինելու համար զբաղեցրած Վահե Ղազարյանը պաշտոնանկումից հետո գուցե Արթուր Խուդինյանի հետ PR-ով զբաղվող ընկերություն բացի և փակի, բայց լրատվամիջոցների հետ աշխատանքում դա իրեն չի հաջողվի, Արթուր Խուդինյանին՝ առավել ևս։ Այնուամենայնիվ, ցավալի է, որ ողջ ՆԳ «բարեփոխվածները», մի հարցի պատասխանել չեն կարող, որի նախադեպն ունեն։


Ինչևէ, բոլորս հիշում ենք, որ Տիգրան Ավինյանը գազելների հրաժեշտի արարողությանը որոշել էր սեփական PR-ի հաշվին վտանգել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը և չունենալով համապատասխան վարորդական իրավունք, վարել էր ավտոբուս։


Տուգանվել էր, թե ոչ Տիգրան Ավինյանը ոստիկանությունում իրեն գլխավոր խմբագիր երևակայող Արփինե Սարգսյանն ու Երևանի քաղաքապետարանը չէին պատասխանում՝ դե գրավոր, դե պարեկայինն է, դե քաղաքապետարանն է, բայց չտուգանվելը կարող էր նախադեպային լինել այլ վարորդների համար։ Բայց, Տիգրան Ավինյանի մի կերպ քաղաքապետ ընտրվելու հենց հաջորդ օրը «Արմենպրեսը» հրապարակեց տեղեկություն, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է, և մեր գործընկերներին տեղեկությունը տրամադրել էր Վահե Ղազարյանի գլխավորած ՆԳ նախարարությունը։


Hayastan.news-ը, Վահե Ղազարյանի անունով հարցում էր ուղարկել, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կամ Ջավահիր Ծառուկյանը, կամ լիազոր այլ անձ տուգանվել է այն բանի համար, որ 2022-ի դեկտեմբերի 8-ին անչափահաս Հովհաննես Գագիկի Ծառուկյանը մեքենա է վարել, ի դեպ, պարեկները դա արձանագրել են։

 
Հարցման մեջ կար նաև հետևյալ հարցը, եթե Հովհաննես Ծառուկյանի ծնողներին տուգանելու վերաբերյալ հարցը անձնական տվյալ է պարունակում, ապա հայտնել, թե ինչո՞ւ է հրապարակվել Տիգրան Ավինյանին տուգենալու մասին անձնական տվյալ։
 

Ի դեպ, ոստիկանությունը, նախկինում հայտնել է նաև Աննա Հակոբյանին տուգանելու մասին տվյալ, երբ մեքենան վարել էր անչափահաս դուստրը, դա էլ Փաշինյանը ներկայացնում էր որպես 100 կարևոր փաստերից մեկը։


Բայց, Վահե Ղազարյանն ու նրա աշխատակազմը, որոնց զբաղվում են նախարարին վերագրված հարցումներով, որոշել են պաշտպանել միայն Գագիկ Ծառուկյանի անձնական տվյալն ու վերջ, որովհետև մյուս դեպքերում, PR է պետք, բայց Վահե Ղազարյանը աշխատավարձ ստանում է ոչ ՔՊ-ի PR-ի համար, այլ , օրինակ, օրինապահության, օրենքի հավասարության և թղթին գրված շատ այլ բաների համար։


Այլ մարդկանց վաստակած հարգանքի հաշվին իրեն լրատվամիջոցների կողմից անձեռնմխելի հռչակած Արթուր Խուդինյանը, Վահե Ղազարյանի հետ համաձայնեցված, պատասխանել է հարցմանը, թե Գագիկ Ծառուկյանին վերաբերող հարցումը պարունակում է  անձնական տվյալ։ Շատ լավ, դեմ չեմ, իսկ ինչու՞ հրապարակվել Ավինյանի անձնական տվյալը։

Մյուս հարցերին,  այդ դեպքում՝ ովքե՞ր ու ինչո՞ւ են Տիգրան Ավինյանին վերաբերող անձնական տվյալ հայտնել, կա՞, թե ոչ ծառայողական քննություն, Խուդինյանին ասել են՝ մի պատասխանի։

Հարցման պատասխանը թերի է, և ՆԳՆ-ն պետք է պատասխանի։ Ի դեպ, նույն դեկտեմբերի 8-ին այլ փաստերի առիթվ հարուցված քրեական գործն էլ Վահե Ղազարյանը «քնեցնում է», իսկ թե ինչպես, կհայտնենք քիչ անց։


Վահե Ղազարյանն ու պարեկի պետը, ինչպես նաև պատերի տակ հեռախոսով այլ կառույցների ներկայացուցիչների հետ Ղազարյանից գանգատվող նորեկները, պետք է կարողանան պատշաճ աշխատել լրատվամիջոցների հետ, ոչ թե օրենքը մի օր իրենց ու իրենց մտերիմիներին պաշտպանող վահան սարքեն, մի օր էլ ՔՊ-ի գովազդային պաստառ, մի օր էլ իրենց համար ևս 40 լուսանկար ունենալու առիթ։

 

 

Վերլուծական