Հետևեք մեզ։

Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային

20:38, 09 նոյեմբեր 2023
Հայաստանի սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող․ ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Զախարովային

Հայաստանի Հանրապետության կառավարությունը բոլորովին վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն:  Այս մասին ի պատասխան ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների, ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

«Բացի դա, ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է:  

Հայաստանի Հանրապետությունը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող»,-ասել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Զախարովան այսօր ասել էր․ «Եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Վերլուծական