Հետևեք մեզ։

ԵԱՏՄ շրջանակներում հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն․ Վահան Քերոբյանը՝ հայկական ապրանքը ՌԴ չընդունելու մասին

16:13, 29 նոյեմբեր 2023
ԵԱՏՄ շրջանակներում հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն․ Վահան Քերոբյանը՝ հայկական ապրանքը ՌԴ չընդունելու մասին

«Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը վերցրել ենք և ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե որքանով են մեր տնտեսվարողների արտադրած ապրանքներն անհամապատասխան այն կարգավորումներին, որոնք ՌԴ-ն կիրառում է։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Լարսից հայկական բեռները ՌԴ չընդունելուն։

Հարցին, թե քաղաքական տարրը չի՞ բացառում, Վահան Քերոբյանն ասաց․ «Ես այդպես չէի ասի, պարզապես տարօրինակ է, որ մեկ ամբողջ տարվա մեջ 35 մեքենա է հետ վերադարձվում, և հետո երկու օրվա մեջ ևս 35 մեքենա է հետ վերադարձվում, այն դեպքում, երբ մենք կարգավորումների մեջ որևէ փոփոխություն չենք արել։ Մենք ԵԱՏՄ շրջանակներում սկսել ենք գործողություններ, հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա երկու օրվա ընթացքում, ուսումնասիրում ենք նաև իրենց նյութերը»,-ասաց Քերոբյանը։

 Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծական մթերքների մատակարարման կտրուկ աճ և  հայ գործընկերներին խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։