Որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել,-այս մասին Hayastan.news-ի` Սյունիքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին ի պատասխան ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Առաջնագծում իրադրության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է. որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ անգամ տեղի չի ունեցել: Իսկ ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որոնք տարբեր վարկածներ են շրջանառում, Թորոսյանն ասաց, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության:
Հիշեցնենք, որ Տեղ խոշորացված համայնքի Արավուս բնակավայրի սահմանից 200-ից ավելի ոչխար գողանալու լուրը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատել էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
Ադրբեջանցիները Սյունիքից մոտ 230 ոչխար են գողացել. մանրամասներ