ՆԱՏՕ-ն մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա, և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է նման հարցերի շուրջ խորհրդակցի դաշինքի անդամների հետ, Reuters-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունի, և ՆԱՏՕ-ն կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հակամարտության կողմ չեն: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է խորհրդակցել և ընդհանուր մոտեցման գալ այս կարևոր թեմաների շուրջ, քանի որ դրանք բոլորիս համար նշանակություն ունեն»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մակրոնը սխալվել է։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե նույնիսկ ՆԱՏՕ-ի առանձին երկրներ որոշեն նման մանևր անել, դա կազդի ամբողջ դաշինքի վրա։ Ստոլտենբերգը նաև անհամաձայնություն է հայտնել Կիևի համար «սպիտակ դրոշի» մասին Պապի հայտարարությանը՝ ասելով, որ, նրա կարծիքով, բանակցությունների միջոցով խաղաղ լուծման հասնելու համար դեռևս անհրաժեշտ է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։