Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ ԱԳՆ է հրավիրել Ուկրաինայում Վատիկանի ներկայացուցիչ Վիշվալդաս Կուլբոկասին՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ բանակցությունների և հրադադարի մասին կոչերից հետո:
Ավելի վաղ շվեյցարական RSI հեռուստառադիոընկերությունը հրապարակել էր պոնտիֆիկոսի հարցազրույցից հատվածներ, որտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի մասին և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար։ «Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի «սպիտակ դրոշի» համարձակություն և բանակցում է», - ասել է նա։