Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի օդային հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքին և կտրականապես անընդունելի է համարում ցանկացած ոտնձգություն դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումը Սիրիայում Իրանի հյուպատոսական գրասենյակի վրա: Մենք կտրականապես անընդունելի ենք համարում ցանկացած հարձակում դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների վրա, որոնց անձեռնմխելիությունը երաշխավորված է Վիեննայի համապատասխան կոնվենցիաներով: Մենք հատուկ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հարձակումն իրականացվել է խիտ բնակեցված մետրոպոլիայի տարածքում, ինչը խաղաղ բնակչության շրջանում զանգվածային զոհերի մեծ վտանգ է ստեղծել»,- նշել է ՌԴ դիվանագիտական ծառայությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան իրավական գնահատական տա Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակմանը։ Նախարարությունն ընդգծել է, որ նման ագրեսիվ և բացարձակապես անընդունելի գործողությունները պետք է դադարեցվեն։
«Մենք ելնում ենք նրանից, որ Իսրայելի ագրեսիվ գործողությունները բացարձակապես անընդունելի են և պետք է դադարեցվեն: Մենք անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները հայտնեն սահմանված դիրքորոշում և համապատասխան իրավական գնահատական տան այդ գործողություններին։ Մենք խստորեն կոչ ենք անում Իսրայելի ղեկավարությանը հրաժարվել Սիրիայում և հարևան այլ երկրներում սադրիչ ռազմական գործողությունների պրակտիկայից, որը հղի է չափազանց վտանգավոր հետևանքներով ողջ տարածաշրջանում», -ասվում է հայտարարության մեջ։