Ապրիլի 3-ին Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը գրեթե նույնական է մեկ տարի առաջ ցույցերի պատճառով խորհրդարանից հետ կանչված նախագծին։ Այսօր իրավական հարցրոի հանձնողովը նախագծին դրական գնահատական է տվել, ինչից հետո հարևան երկրի մայրաքաղաքում բողոքի ակցիա է մեկնարկել, որը կրում է «Այո Եվրոպային, ոչ ռուսական օրենքին» անվանումը։
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու։
Նրանք կալանավորվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով։
«Իրավապահները բազմիցս կոչ են արել հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ՆԳՆ ներկայացուցիչների օրինական պահանջներին, չգերազանցել օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակը. Հանրահավաքը հաշվի չի առել նրանց օրինական պահանջները, խախտել է հասարակական կարգը, դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և բանավոր վիրավորել նրանց, ինչի արդյունքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով ոստիկանները բերման են ենթարկել 14 անձի», - ասված է նախարարության հաղորդագրությունում։
Բացի այդ, ըստ ՆԳՆ-ի՝ հանրահավաքի ժամանակ տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից։
«Թբիլիսում՝ Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի մոտակայքում, մի քանի ժամ է, ինչ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացվել են՝ հասարակական կարգը պաշտպանելու նպատակով։ Հանրահավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում տուժել է ՆԳՆ մեկ աշխատակից, որին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Վրաստանում ցույցի կազմակերպիչներից ոմանք դեմ են ակցիան այսօր ավարտելուն և վաղը շարունակելուն