Թբիլիսիում Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ ցուցարարների և ոստիկանների միջև։
Ոստիկանները փորձում են ետ մղել իրենց մոտեցած ցուցարարներին, սակայն ցուցարարները չեն ենթարկվում իրավապահների ցուցումներին, հակառակը՝ փորձում են անցնել շրջափակով։ Տարբեր աղբյուրներ հայտնում են երկու ձերբակալված անձի մասին։
Բախումների արդյունքում Կառավարության շենքի կենտրոնական մուտքի մոտ ջարդ է տեղի ունեցել։ Ոստիկանության հետ ծեծկռտուքի մեջ հատկապես ակտիվ է եղել ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին, ով երկուշաբթի օրը, օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանձնաժողովում լսումների ժամանակ, բռունցքով հարվածեց իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի գլխին։
Ավելի վաղ Թբիլիսիում անցկացվող ցույցի մասնակիցները որոշել էին գնալ մի քանի թաղամաս այն կողմ գտնվող կառավարության շենք՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպելու պահանջով։
Իր հերթին այսօր հայտարարությամբ է հանդես եկել Իրակլի Կոբախիձեն, և ասել է, որ օրինագիծը վրացական է, քանի որ պաշտպանում է պետականության ամենակարեւոր սկզբունքը։
«Սա ազգային ինքնիշխանություն է։ Օրինագիծը նախատեսում է միայն մեկ բան՝ արտաքին ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ստացած ու ծախսվող գումարների տարեկան հայտարարագիրը։ Սա թափանցիկության նվազագույն չափանիշն է: Թափանցիկության շատ ավելի խիստ չափանիշ, քան սա գործում է ԱՄՆ-ում, Եվրահանձնաժողովը հաստատել է խիստ ստանդարտների օրինագիծը, և շատ ավելի խիստ ստանդարտ է կիրառվում նաև ԵՄ անդամ մի քանի երկրներում»,- ասել է Կոբախիձեն։