Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունելուն։ 83 կողմ, 0 դեմ՝ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին։ Վարչապետն ասել է, որ խորհրդարանական վերանայումը ևս մեկ անգամ հաստատել է, որ օրինագծի ընդդիմախոսները փաստարկ չունեն օրինագծի դեմ, իրականում օրենքը եվրոպական է, քանի որ այն հիմնված է եվրոպական կարևորագույն արժեքներից մեկի՝ թափանցիկության և հաշվետվողականության վրա։
Նրա խոսքով, օրինագիծը վրացական է, քանի որ պաշտպանում է պետականության ամենակարեւոր սկզբունքը։
«Սա ազգային ինքնիշխանություն է։ Օրինագիծը նախատեսում է միայն մեկ բան՝ արտաքին ուժի շահերն իրականացնող կազմակերպությունների ստացած ու ծախսվող գումարների տարեկան հայտարարագիրը։ Սա թափանցիկության նվազագույն չափանիշն է: Թափանցիկության շատ ավելի խիստ չափանիշ, քան սա գործում է ԱՄՆ-ում, Եվրահանձնաժողովը հաստատել է խիստ ստանդարտների օրինագիծը, և շատ ավելի խիստ ստանդարտ է կիրառվում նաև ԵՄ անդամ մի քանի երկրներում»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ վարչապետի՝ կազմակերպությունների մի մասը ձեռնպահ է մնում ֆինանսների հրապարակումից։
«Պարզ հարց է պետք տալ՝ երբ փող ես ստանում ու ծախսում, ինչո՞ւ չես ուզում հանրությանը ասել, ինչո՞ւ ես դա թաքցնում հասարակությունից, եթե վստահ ես քո իսկ անձեռնմխելիությանը։ Սրա պատասխանը չկա»,- ասել է Կոբախիձեն։
Նշենք, որ օրենսդրական նախագիծը նախատեսում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ»՝ արտերկրից ստացված որոշակի եկամուտի դեպքում։
Օրենքի նախագծի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով համարվում է «օտար տերության շահերն իրականացնող կազմակերպություն», պետք է գրանցվի հանրային ռեգիստրում նույն անունով տվյալների բազայում։ Գրանցման պահին անհրաժեշտ կլինի արտացոլել ստացված եկամուտը։
Միաժամանակ, փոփոխություններով կազմակերպությունները պարտավորություն կունենան ամեն տարի լրացնել ֆինանսական հայտարարագիրը։ Օրենքի նախագիծը Արդարադատության նախարարությանը լիազորում է ցանկացած պահի իրականացնել հարցի ուսումնասիրություն և ուսումնասիրություն-մոնիթորինգ՝ «օտարերկրյա տերության շահեր կրող կազմակերպությանը» բացահայտելու նպատակով։
Բացի այդ, ըստ նախագծի, մշտադիտարկում սկսելու համար հիմք կհանդիսանա Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը։ Մշտադիտարկում իրականացնելու համար Արդարադատության նախարարության լիազորված անձը օրենքով սահմանված կարգով իրավունք կունենա փնտրել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։ Նույն սուբյեկտի մոնիտորինգը թույլատրվելու է վեց ամիսը մեկ անգամ։
Որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություն» գրանցումից խուսափելը կամ հայտարարագիրը չլրացնելու դեպքում կազմակերպությունը կտուգանվի 25 հազար լարիով։ Նախագծով նախատեսվում է նաև տուգանքների հետևյալ տեսակները՝ 10 հազար լարի, եթե կազմակերպությունը դիմումի ձևը չլրացնի Արդարադատության նախարարության կայքէջ մուտք գործելու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե նշված ժամկետում փաստաթղթերի թերությունները չշտկվեն, տուգանքը կկազմի 10 հազար լարի։ Օրենքով նախատեսված իրավախախտումը մեկ ամիս հետո կատարելը կառաջացնի տուգանք 20 հազար լարիի չափով։