Հետևեք մեզ։

Ձևը և բովանդակության իսպառ բացակայությունը

15:50, 18 հոկտեմբեր 2024
Ձևը և բովանդակության իսպառ բացակայությունը
Նիկոլ Փաշինյանի նախկին և ներկա օգնական Աննա Վարդապետյանն «ընկել է մեր հետևից», որպեսզի չուրախանա` հիասթափեցնեմ. նա իրականության մեջ մի բանի հետևից կարող է ընկնել, իսկ «մեր հետևից է ընկել» միայն այն իմաստով, որ որքան մենք փորձում ենք չնկատել նրան, այնքան նա փորձում է ավելի նկատվել այնպիսի բաներով, որոնց չանդրադառնալը հնարավոր չէ:
 
 
Եթե Աննա Վարդապետյանը իր անգործությունն ու գործած չարիքները լուռ կատարեր, վստահեցնում եմ` կհոգնեինք նրան անդրադառնալուց:
 
Բայց երբ գործելակերպդ ու խոսքդ խիստ հակառակ են իրար, ապա դե լսիր:
 
 
Այս տիկնոջը ամենից դիպուկ բնութագրողը այս նյութի վերնագիրն է: Նա փորձում է ձևացնել՝ բովանդակության իսպառ բացակայության դեպքում:
 
 
Ազգային ժողովում օրեր առաջ անցկացված լսումները դրա վառ օրինակն են: Անհասկանալի կամ եթե անկեղծ, ապա շատ հասկանալի պատճառով ԱԺ ղեկավարությունում նստած ու այդպիսով Անդրանիկ Քոչարյանի տեղակալ դարձած Վարդապետյանին պետք է միայն ձևը, ընդ որում՝ ձևականություններից ամենաձևականը, որովհետև մանր երջանկության համար պետք է միայն և միայն դա: Բարձր պարգևավճարների արժանացող նրա ընկերուհիներին այդքանն է պետք նրան որպես «ուժեղի» մեծարելու ու հաջորդ ամիս ավելի շատ պարգևավճար ստանալու համար: Իսկ այն, որ Աննա Վարդապետյանն ու նրա ղեկավարած դատախազությունը դահլիճի ներքևում նստած ուժայինների ղեկավարների համար ոչինչ են, թեև բովանդակությունն է, բայց կարևոր չէ, կարևորը նստելու տեղն է:
 
 
Ի դեպ, կեղծ փառասիրությունը երբեմն այնքան է հաղթում հիմնականում իմիտացիայով զբաղված Վարդապետյանին, որ նա մատնում է իրեն: Անդրանիկ Քոչարյանի տեղակալի կամ օգնականի աթոռին նստելը նույնպես մատնեց նրան, մատնեց, որ Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արգիշտի Քյարամյանի ու Սասուն Խաչատրանի վրա «բոչկա» գլորողն ու գլորածը արփիդավոյանների միջոցով մինչև վերջ հասցնելու փորձ անողն ինքը՝ Աննա Վարդապետյանն է: Հենց դրա համար էր, որ նրա գեղեցիկ փաթեթավորմամբ դատարկաբանությունները ծափերի արժանացնելուց հետո գործի դրվեց աղազարյանական գործիքը, որն այնքան վատ էր մշակված:
 
Ի դեպ, չկարծեք, թե Աննա Վարդապետյանին իրենց բարեկամների հարցերով խնդրանքներ չեն ներկայացնում: Չնայած` այո´, ոչ թե խնդրանքներ են ներկայացնում, այլ կհրամայեն քողարկել իրենց բարեկամների հանցանքները:
 
 
Ինչը «ստիպեց» նորից անդրադառնալ այս տիկնոջը, որովհետև ինքն է բերում իրեն օրակարգ: Ձևը, միայն և միայն ձևը, նրա հերթական խորհրդակցությունը, որը կամ չունի բովանդակություն, կամ որի բովանդակությունը կեղծ է: Դատախազությունն ավետում է, որ Աննա Վարդապետյանը խորհրդակցությունն է անցկացրել Արագածոտնի մարզում: Առաջին հայացքից նա կարևոր առաքելությամբ մեկնել է Արագածոտնի մարզ, կթվա ծանոթացել է խնդիրներին, լուծել դրանք: Բայց ուշադրություն դարձրեք Վարդապետյանի պատվիրակությանն ու կնկատեք, որ նրա այս այցն ու խորհրդակցությունը անիմաստ ու անտրամաբանական է: Վարդապետյանը մարզ է այցելել իր հետ տանելով, օրինակ, Հակակռուպցիոն կոմիտեի գործերով վարչության պետին:
 
 
Ի՞նչ կապ ունի այս պաշտոնյան Արագածոտնի մարզի, այդ մարզի դատախազության ու այդ դատախազության գործերի հետ, հենց իրեն էլ, վստահ եմ` հայտնի չէ: Նա կապ ունի, ըստ այդ վարչության անվան, հակակոռուպցիոն կոմիտեի քրեական գործերի հետ: Հետևաբար և´նրա, և´ նրա նման մի քանիսի այցելությունը ընդամենը յուրայիններով տեղ գնալու,  յուրայիններին ցուցադրելու ու նրանց միջավայրում կոմֆորտ զգալու նպատակ ունի, որը սակայն արվել է՝ մամուլով տարածելով շարունակվող կեղծիքը, թե Վարդապետյանը գործով է զբաղվում:
 
Հետևաբար, այս խորհրդակցությունը նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը անձնագրային բաժինները տեսնելու և խորհրդակցություն վարելու գնա սփյուռքի գործերի հանձնակատարի հետ: