Հետևեք մեզ։

Բոլորի մասին․ ո՞վ ինչ հարց լուծեց Ազգային ժողովում և ինչպես

21:23, 15 հոկտեմբեր 2024
Բոլորի մասին․ ո՞վ ինչ հարց լուծեց Ազգային ժողովում և ինչպես

Այսօր Ազգային ժողովում անցկացվեցին իրավապահ համակարգի աշխատանքի վերաբերյալ լսումները, որոնց մասին վերջերս շատ էր խոսվում: Իհարկե, չենք ափսոսում, որ լսումները չեն անցել հենց այնպես, ինչպես շատերը խոսում էին, և դրանում պաշտոնանկ անելու տրամաբանությամբ չթիրախավորվեցին կոնկրետ պաշտոնյաներ, ինչպես կանխատեսվել էր: Բայց ափսոսում ենք, որ հանած մեծ աղմուկից, Ազգային Ժողովում հաշվետվողականությունից ու պառլամենտարիզմից երկար-բարակ խոսելուց հետո այդ լսումներն անցան այս աստիճան իմիջիայլոց, անհետաքրքիր ու սվաղելու տրամաբանությամբ:


Ամեն ինչ շատ պարզ էր՝ լսումների հիմնական շահագրգիռ կողմը Արփի Դավոյանն էր՝ Աննա Վարդապետյանի ամենամտերիմ պատգամավորներից մեկը, իսկ Անդրանիկ Քոչարյանից ի սկզբանե ակնհայտ էր, որ «պծիչկա» դնելու խնդիր կա, ու պետք է բոլորին արագ-արագ լսել, գովաբանել բոլորին, չարածը չնկատել, արած մանր-մունր բաները ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերումներ ու առաջ անցնել:


Ելույթ ունեցողներից ոչինչ չկա ասելու միայն Արմեն Աբազյանի մասին: Նա միակն էր իրավապահներից, որ իրավաբան չէ, բայց պարզվեց, բոլորից ամենաիրավաբանն է:


Վահե Ղազարյանի մասին էլ առանձնապես ասելու բան չկա: Նա, ընդամենը, այդպես էլ չի հաջողում գոնե կարդալ իր համար պատրաստած տեքստերը և իրեն ուղղված հարցերի մեծ մասը վերահասցեագրում է իր հետ Աժ բերած կազմին:


Իսկ ի՞նչ ասել Աննա Վարդապետյանի մասին, ով Վահե Ղազարյանից տարբերվում է նրանով, որ խոսել կարողանում է: Սխալվեցի, նա Վահե Ղազարյանից մի շատ ավելի կարևոր տարբերություն էլ ունի: Եթե Ղազարյանը միանգամայն անկեղծ է բոլոր, այդ թվում՝ չիմացածն ու չկարողացածը բացահայտելու հարցում, ապա գլխավոր դատախազի աթոռի բնակիչը մարդկային այդ հատկանիշով ոչ մի կերպ աչքի չի ընկնում: Նա չափազանց վարժ է խոսում օրինականության, դատախազական ինչ-որ հսկողության, հանցանքների առաջին իսկ պահից գործերին ներգրավվելու, դատախազների պրոֆեսսիոնալիզմի մասին՝ ժամեր առաջ հերթական անօրինականությունը հեղինակած լինելով: Քանի որ նրա ապօրինությունների մասին շատ ենք խոսել, իսկ   բազմիցս տարբեր միջոցներ է փորձվել, որ չգրենք, բնականաբար կարդացել է իր ապօրինությունների մասին ու դրանք կրկնելու կարիք չկա:

 

Վարդապետյանը, սակայն, սահուն կերպով, գեղեցիկ բառերի ներքո ընդամենը ստում է, որովհետև հակառակ իր հայտարարության, իրականում թաքնվում է ինչ-որ բաների հետևում, հատկապես՝ իշխանությանը ականջահաճո ապօրինի գույքերի վերադարձման գործերի հետևում և դրանց տակ թաքցնում է նաև իր բացարձակ ապօրինություններն ու հանցագործությունների քննությունից անտեղյակությունը:


Մարդկային այս տեսակի ամենահետաքրքիր դրսևորումը, սակայն, հավանաբար չեք նկատել: Նա ընդդիմադիր Գեղամ Մանուկյանի հետ խոսում է հոխորտալից, ապա բառացիորեն կզում իշխանական Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի առաջ, քսմսվում, վստահեցնում, որ նրա հարցերին շատ լուրջ է վերաբերում, խնդրում է՝ ներել ունեցած անուշադրության համար, ապա լրացուցիչ ճշտում՝ փակե՞լ է բոլոր հարցերը, թե՞ ոչ, որպեսզի իշխանություններն իր վրա ոչինչ, այդ թվում նավակ, չճոճեն:


Նա, ի դեպ, այսօր շատ ուրախ է լինելու: Նախ նա զվարճալից քննարկում կունենա ընկերուհիների հետ այն մասին, որ ինքը նախագահությունում էր նստել, իսկ մյուսները՝ ներքևում, ապա այլևս չի թաքցնի, թե որքան երջանիկ է, որ Արգիշտի Քյարամյանը վատ պատմության մեջ ընկավ:

 

Քյարամյանի պահվածքն իհարկե, անընդունելի էր: Նա այլևս անթաքույց իրեն միակ ձիավորն է համարում՝ սկիզբ դնելով իր ցավալի պարտությանը, քանի որ իրականության զգացումը կորցրածի ու այդ աստիճան ինքնահավան ու ագրեսիվ պահվածքը ոչ միայն պատիվ, այլ նաև ապագա չի բերում: Սա, ի դեպ, ասում եմ ամենայն բացասական վերաբերմունքով Հովիկ Աղազարյան պատգամավորի նկատմամբ ու վստահությամբ, որ վերջինս, ինչպես բազմաթիվ ՔՊ-ական պատգամավորներ կոռուպցիայից խոսում են՝ իրենց բարեկամների համար աջուձախ միջնորդություններ անելով:

 

Չնայած Արգիշտի Քյարամյանի դիտարժան վարքագծին՝ այսօրվա հերոսն իմ կարծիքով Սասուն Խաչատրյանն էր: Նա չափազանց անկեղծ էր, ու խոստովանեց, որ նախկինում հանցագործությունները թաքցնում էին: Անտեղյակներին տեղեկացնեմ, որ այդ նույն՝ նախկինում Սասուն Խաչատրյանը դատախազ էր, ու մենք չենք էլ փորձում կռահել, թե ինչով էր զբաղված: Սասուն Խաչատրյանը, ով իրավապահ համակարգերում հայտնի է ամենաշատը փողի հանդեպ իր մեծագույն հարգանքով, բայց, չնայած դրան, կոռուպցիայի վերացման պատասխանատուներից մեկն է, չսահմանափակվեց նախկինի խոստովանությամբ ու պարզուպարզ հայտարարեց, որ ավելի լավ կլիներ, որ շարունակեին հանցագործությունները թաքցնել:

 

Նա Ազգային ժողովի ամբիոնից երանի էր տալիս հին ժամանակներին և որպես եղած խնդիրների լուծում տեսնում հենց հանցագործությունները թաքցնելը, որպեսզի չբողոքեն, թե հանցանքը չի բացահայտվում, պետք է սկզբից էլ ասել, որ չեն էլ բացահայտելու: Տեսնես՝ գիտի Սասուն Խաչատրյանը, թե որքան կոռուպցիոն ռիսկ է դա իր մեջ պարունակում: Վստահ եմ՝ գիտի, քանի որ, կրկնեմ, իր ասած՝ գործեր թաքցնելու ժամանակ է նա դատախազ աշխատել ու փաստորեն ընդունեց, որ տեղյակ է դրանք թաքցնելուց:

 

Հետաքրքիր է, Լուսինե Բադալյանից բացի, որևէ մեկը ԱԺ-ում հասկանում էր, թե հակակոռուպցիոն պաշտոնյան ինչ է առաջարկում: Սասուն Խաչատրյանը, ով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ժամանակ երկնքից աստղեր իջեցնելու խոստումներ է տվել և ում համար այդ նպատակով աստղաբաշխական աշխատավարձ է սահմանվել, Ազգային ժողովում հայտարարում է, որ իր վրա առանձնապես հույս չդնեն, քանի որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել հասարակության վերաբերմունքը փոխելով: Քննչական մարմին ղեկավարող Սասուն Խաչատրյանը, հավանաբար, տակտիկական մղումներից ելնելով, չբացահայտեց, թե ինչպես է փոխելու այդ վերաբերմունքը, երբ ԱԺ ամբիոնից խոստովանում է, որ ինքն այնքան էլ անհանդուրժող չէ կոռուպցիայի հանդեպ: Նա, ով Հակակոռւպցիոն կոմիտեի ստեղծումից 3 տարի անց չի կարողացել նույնիսկ ձևավորել կառույցը ամբողջությամբ, խոսում է պատժի անխուսափելիությունից, ապա հայտարարում, որ հարյուրավոր մարդկանց գործեր՝ կոռուպցիոն գործեր, կարճվում են զղջալու հիմքով:

 

Այս քննարկումն, իհարկե, սահուն կանցնի, որովհետև այն, ինչ կար քննարկմանը, քաղաքական իշխանությունը գիտի շատ վաղուց: Իսկ սահուն կանցնի, քանի որ արդարադատության նախարար է նշանակելու Արմեն Խաչատրյանին, ով, ինչպես երևաց իր կարճ ելույթից, գլուխ չհանելով հանդերձ դատախազության իրավասությունից, Վարդապետյանի հետ պայմանավորվածության արդյունքում սկսեց արդեն առաջ տալ դատախազի իրավասությունն ընդլայնելու և մյուս իրավապահներին նրան ենթարկելու օրակարգը…