Հետևեք մեզ։

«Հովիկ Աղազարյան» օպերացիան երկրի գլխավոր մանկապարտեզում

10:06, 16 հոկտեմբեր 2024
«Հովիկ Աղազարյան» օպերացիան երկրի գլխավոր մանկապարտեզում
Ազգային ժողովի լսումներին երեկ անդրադարձել ենք ու միամտաբար կարծել, որ այն, կարծես, չուներ թիրախներ այնպես, ինչպես ի սկզբանե խոսվում էր։ Մեծ հաշվով` այդպիսի բան դժվար է պնդել, քանի որ դրանում համակարգային աշխատանք, ձեռքբերումներ ու բացթողումներ առարկայապես չքննարկվեցին, իսկ զեկուցողները ուղղակի ընթերցեցին իրենց հերթապահ թվերը, վստահեցրին որ բարեփոխվում են ու վերջ։ Որևէ մեկին նրա ղեկավարած կառույցում արմատավորված այլանդակ բարքերի մասին հարցեր չեղան։ Ասեմ ավելին, կարծես ունակ մարդ չկար էլ խորը վերլուծելու, թե հնչեցված թվերը ինչ են ցույց տալիս և դրանք լավ են, թե վատ։ ՔՊ-ականները գոհ էին Վահե Ղազարյանից ու ուրախ, որ Ոստիկանությունը բարեփոխվում է։ Հասկանո՞ւմ եք, Հայաստանի Հանրապետության գլխավոր մանկապարտեզում կարող են աղմկել, թե իբր հաշվետվություն են պահանջում, բայց հաշվետվության պահին դահլիճում մարդ չկա, եղածներն էլ նախ մեկ ամբողջական հստակ նախադասություն չեն կարողանում հնչեցնել, հաճախ խոստովանում են, որ ոչինչ չեն հասկանում նրանից, ինչ քննարկում են ու ուղղակի խնդրում են բացատրել և հետո էլ գոհ են կիսատ-պռատ տեքստերից։
 
 
Օրինակ, արդարադատության ապագա նախարար, իրավաբան Արմեն Խաչատրյանը խոսում է, որ դատախազությունը քրեական գործ հարուցելու լիազորություն ունի, մի բան, որ իրավական հարցերով զբաղվող լրագրողներիս համար նույնիսկ ծիծաղելի սխալ է։
 
 
Այս իշխանության պատգամավորները, սակայն, այլ իշխանությունների պատգամավորներից տարբերվում են հատկապես նրանով, որ իրենց մանր, անձնական ու փողային շահերը ի ցույց են դնում հրապարակավ։ Սրանք անամոթաբար չեն վարանում գնահատականներ հնչեցնել՝ միայն և միայն իրենց անձնական պատճառներով։ Սրանք սուբյեկտիվ ու ամոթազուրկ են այնքան, որ իրենց բարեկամի գործի պատճառով հնչեցնում են համընդհանուր գնահատականներ, իսկ ասենք Լևոն Քոչարյանի հանդեպ նույն բանի համար ծափահարում։
 
 
Ու պարզվում է` Հովիկ Աղազարյանը, ով ինձ երեկ զարմացրեց նրանով, որ հետաքրքրված է տնտեսվարողների շահերով, իրականում ոչ թե դրանով է շահագրգռված, այլ իր տնտեսվարող որդու շահերով։ Պարզվում է, որ այս մարդը ամոթը մի կողմ դրած, խոսում է իր որդու գործից ու նեղանում, որ չեն թողնում օրենքի իր ասած «լազեյկան» օգտագործելով փող աշխատի։ Նա թքած ունի պետությունից հափշտակված, ապա վերականգնված 10 միլիարդի վրա ու ուղիղ, բացեիբաց պահանջում է չանել դա, որ որդին փող աշխատի։ Ո՞նց կարող էր մտքովս անցնել, որ այս արցախատյաց  մարդը կարող է ուրիշների շահերից խոսել, տնտեսվարողների իրավունքներից ու համակարգային խնդրից։ Ոչ, նա բացահայտ թքած ունի պետական որևէ ատրիբուտի վրա, վերցրել է որդու գործը, բերել Ազգային ժողով, դարձրել քննարկման առարկա ու պահանջներ է դեմ տալիս քննչական մարմնի ղեկավարին։ Դեռևս անհասկանալի շարժառիթով Ազգային ժողով բերված այս մարդը այնքան էր ոգևորվել, որ Արգիշտի Քյարամյանին սկսեց մեղադրել Լևոն Քոչարյանի հետ լավ խոսելու մեջ, ապա ասաց, որ Քյարամյանը իր որդու գործը պահում է, որ փոխանցի Լևոն Քոչարյանին։ Իր քաղաքական վերջաբանը, փաստորեն, այդպես կանխատեսող Աղազարյանը Քյարամյանին մեղադրեց բառացիորեն դավաճանության՝ իրենց վրա գործ սարքելու և Լևոն Քոչարյանի շահերն սպասարկելու մեջ։ Նա դա անում էր վառված լինելով, որ քննչականի պետը իրենց խնդրանքները չի արել ու չի վերադարձրել իր որդու մեքենաները։ 
 
Հովիկ Աղազարյանը և ընդհանրապես այդ դահլիճի բոլոր հովիկաղազարյանները խուլ են, կույր, ու համր, երբ գործ են կարում Լևոն Քոչարյանի վրա, իսկ իրենց բարեկամներից բռնագրաված 10 դրամը պահելու համար Ազգային ժողովի ամբիոնն են օգտագործում։
 
 
Սա է Նիկոլի խոստացած արդարությունը…
 
 
 

Վերլուծական