Հետևեք մեզ։

«Իյա, Անդրանի՞կ, դու՞ էլ ես հարց տալիս». Անդրանիկ Քոչարյանի պառլամենտարիզմն ու բոնապարտիզմը

19:22, 22 հոկտեմբեր 2024
«Իյա, Անդրանի՞կ, դու՞ էլ ես հարց տալիս». Անդրանիկ Քոչարյանի պառլամենտարիզմն ու բոնապարտիզմը
Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովում ելույթ ունեցավ օրեր առաջ կազմակերպված ուժային կառույցների աշխատանքի լսումների ժամանակ տեղի ունեցած դեպքի մասին: Նա, իհարկե, փորձել էր ամեն ինչ անել, որ իր ելույթը պառլամենտարիզմի մասին լինելու տպավորություն թողնի, բայց քանի որ ոչ բոլորն են ընդամենը Հովիկ Աղազարյանի չափ ընդունակ, հետևաբար մեծամասնությունը հասկացավ, որ ելույթն ուղղված էր Արգիշտի Քյարամյանի դեմ, որքան էլ, որ նա հատուկ հերքեց դա:
 
 
Իսկ ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը: Նա երկար ճառեց պառլամենտի ու պառլամենտարիզմի մասին այնպիսի օրինակներով, որ տպավորություն է, որ նա պառլամենտարիզմի տակ հասկանում է այն, որ բոլորը խոնարհվեն պառլամենտի ու հատկապես իր առաջ, բոլորը պաշտոնների նշանակվեն պառլամենտում իր կազմակերպած լսումների արդյունքում, հաշվետու լինեն իրեն, բոլորը լսեն «պառլամենտ» բառն ու այնտեղ լսումների միջոցով «բոչկա գլորելու» վարպետ դարձած Անդրանիկ Քոչարյանի անունն ու վախից ջուր կտրեն:
 
Շատ էր զարմանալի, որ ամեն ինչի համար իրեն հաշվետու լինելու մասին պատկերացումներ ու ցանկություններ ունեցող Անդրանիկ Քոչարյանը  խոսում է բոնապարտիզմի մասին: Հասկանու՞մ եք, բոլորին իր լսումների միջով անցկացնելու երազանքից տառապող Անդրանիկ Քոչարյանը, ով արդեն չի էլ թաքցնում, որ ուժային կառույցներում իր ցանկալիներին, իսկ ավելի ճիշտ՝ իր նմանի առջև թավալ եկողներին ու իր պահանջները կատարողներին է տեսնում, խոսում է բոնապարտիզմից հենց այնպես, ինչպես Հիտլերը նացիզմից:
 
Պառլամենտարիզմի մասին արցունքաբեր ճառով հանդես էր գալիս  այն նույն Անդրանիկ Քոչարյանը, ում նույն Ազգային Ժողովում «իր ջահելի պես» էր վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի համար երանելի ժամանակների զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ թե ինչո՞ւ էր պառլամենտարիզմի սիրահար Անդրանիկ Քոչարյանը պառլամենտում ընդամենը ամոթխած ժպտում Ջհանգիրյանի արհամարհական վերաբերմունքից հետո, գուշակեք ինքներդ:
 
 
Ամենացավալին այն է, որ գյումրեցիների հիշողություններում հավերժ մնացած Անդրանիկ Քոչարյանը պառլամենտարիզմի տակ հասկանում է պառլամենտում Հովիկ Աղազարյանի ու իր նմանի գոյությունը և խոսում սուր քննադատությունների ու դրանց պատասխանել կարողանալու մասին՝ առանց ինքն իրեն հաշիվ տալու, թե երբվանից է պառլամենտը դարձել Հովիկ Աղազարյանի որդու ներկրած ավտոների «ռաստամոժկի» գրասենյակը:
 
 
Պառլամենտում ամեն ինչի խեղաթյուրմամբ զբաղվող այս տարեցները քիչ է թե լսումների ժամանակ իրենց տների հարցերն են առաջ տալիս, դեռ մի բան էլ ավել՝ համարձակվում են այդ օրինակներով խոսել Ազգային ժողովում հաշվետվողականությունից: Թե ինչու են պառլամետնական լսումներն Անդրանիկ Քոչարյանի համար դարձել արդեն նաև իր օգնական Աննա Վարդապետյանի մուտիտների իրագործման միջոցներ ու թե ինչու է նրան թվում, որ ուժայիններին պետք է կանչել Ազգային ժողով ու հաշվետվություն պահանջել աղազարյանների բարեկամների գործերով, դարձյալ գուշակել դժվար չէ: Բայց ժամանակն է, որ Անդրանիկ Քոչարյանն ինքը, արդեն ավելի խելացի գուշակություններով զբաղվի…