Հետևեք մեզ։

Հացադուլ հայտարարելուց հետո Ռուբեն Վարդանյանի անազատության պայմաններն ավելի են խստացվել․ որդին մանրամասներ է պատմել CNN-ին

10:25, 24 ապրիլ 2024
Հացադուլ հայտարարելուց հետո Ռուբեն Վարդանյանի անազատության պայմաններն ավելի են խստացվել․ որդին մանրամասներ է պատմել CNN-ին

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով գերի է Բաքվում, հացադուլ էր հայտարարել, ինչից հետո նրա պահման պայմաններն ավելի են խստացվել։ Այս մասին CNN-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Նախկինում նա շաբաթական մեկ անգամ զանգահարում էր մորս, իսկ հացադուլ սկսելուց ի վեր կապ չէր հաստատել, ապրիլի 2-ից ի վեր մենք նրա ձայնը չէինք լսել։ Երկշաբաթյա լռությունից հետո նա վերջերս կապ է հաստատել իր քրոջ հետ և հայտնել, որ գտնվում է մեկուսարանում, ինչը նշանակում է, որ հացադուլից հետո նրա անազատության պայմաններն ավելի են խստացվել»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Որդին տեղեկացրել է, որ ինքն անձամբ Ռուբեն Վարդանյանի հետ խոսել է 2023-ի նոյեմբերին։  

CNN-ի լրագրող Քրիստիան Ամանպուրին հիշեցրել է Ռուբեն Վարդանյանի ռուսական կապերի մասին, նշել է, որ նա Պուտինի մտերիմն է, Ուկրաինայի՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ցանկում, և հարցրել է, թե հնարավո՞ր է, որ հիմա նա հետապնդվում է մարդկանց կողմից, որոնք Վարդանյանի հետ քաղաքական տարաձայնություններ են ունեցել: Դավիթ Վարդանյանը պատասխանել է․«Իմ հայրը    քաղաքականությամբ սկսեց զբաղվել  միայն այն բանից հետո, երբ Արցախում ապրող 120 հազար հայերը մնացին բոլորովին միայնակ, ինչից հետո տեղափոխվեց Արցախ՝ վտանգելով իր և իր ընտանիքի անվտանգությունը»:

Հարցին, թե արդյո՞ք Վարդանյանն ակնարկել է իր կյանքին վտանգ սպառնալու մասին Դավիթ Վարդանյանը չի բացառել։

 

 Ես ավելի քան երբևէ համոզված եմ՝ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը. Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ

14 օր է՝ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել, ընտանիքի հետ կապ չի հաստատել