Հետևեք մեզ։

Ինչ պաշտոն են ստացել և ինչ առաջընթաց են ունեցել Աննա Վարդապետյանի եղբայրն ու փեսան

19:44, 01 հուլիս 2024
Ինչ պաշտոն են ստացել և ինչ առաջընթաց են ունեցել Աննա Վարդապետյանի եղբայրն ու  փեսան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնի է իր շրջապատում ընկերուհիներին, արդարադատության փոխնախարար աշխատած ամիսներին կոլեգա կանանց, ընկերուհիների աղջիկներին, ամուսիններին և աղմկահարույց գործերով նախկին պաշտոնյաների հարազատներին իրենով շրջապատելով, դա տակտիկա է՝ պարտական մարդկանց հետ պլաններն իրագործելն անհամեմատ հեշտ է, քան իրավաբանությամբ առաջնորդվելը։


Բացի այդ, Աննա Վադապետյանի հաստիքը վարչապետի օգնականից գլխավոր դատախազ փոխվելուց հետո գլխավոր դատախազությունը լքել է 90 և ավելի դատախազ․ գրեթե բոլորը՝ սեփական դիմումի համաձայն։


Աշխատանքի է ընդունվել  ավելի քան 60 դատախազ, գրեթե բոլորը՝ նորեկ։ Սա էլ է տակտիկա՝ հօգուտ սեփական եսի։ Բայց, հանրությանը Աննա Վարդապետյանի ընտանիքից հայտնի են տատիկները, այն էլ Վարդապետյանի պատմածից․ «Իմ տատիկները գլուխները թափ են տալիս ու ասում են՝ սա մարդ չդարձավ»։

Եվ հայտնի է հայրը՝ Ավան վարչական շրջանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի  նախկին պետ Կարեն Վարդապետյան «Խութի» գործով, որը կարճվել է։  
  
Hayastan.news-ին հայտնի է դարձել, թե ինչով են զբաղվում,  կարիերայի ինչ աճ ունեն Աննա Վարդապետյանի հարազատ եղբայրն ու փեսան՝ հարազատ քրոջ՝ Էլեն Վարդապետյանի ամուսինը, որը դատավոր Հովհաննես Ավագյանն է։


Հանրապետության նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով՝ Հովհաննես Ռաֆիկի Ավագյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Հովհաննես Ավագյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր էր մինչև 2023 թվականը։


Գլխավոր դատախազի փեսան 2023-ի հոկտեմբերի 16-ին առաջխաղացում է ունեցել․ նա նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր և Կոտայքից տեղափոխվել է Երևան։

Աննա Վարդապետյանի եղբայրը՝ Տիգրան Վարդապետյանը, աշխատում է ՔՊ-ականների հետ, մասնավոր ոլորտից տեղափոխվել է երևանյան վարչական շրջան, բայց ոչ Ավան։


2021-2022թթ աշխատել է Մենեջմենթ սիսթեմզ ինթերնեշնլ (ԱՄՆ ՄԶԳ)-ում` որպես ճարտարապետության և նախագծման հարցերով մարզային փորձագետ (Սյունիքի մարզ): 2022-ի հունիսի մեկին նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ,երբ քույրը Փաշինյանի օգնականն էր։  Ի դեպ, դրանից օրեր անց Փաշինյանը հրապարակավ հայտնեց, որ իր օգնական Աննա Վարդապետյանը անկախ մարմնի՝ դատախազության ղեկավարի թեկնածուն է։

Դատախազի եղբայր Տիգրան Վարդապետյանն արդեն 2023-ին վարչական շրջանում առաջխաղաղացում է ունեցել․ նա նշանակվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Ի դեպ, Վարդապետյանի քույրն ու կոտայքցի ամուսինը 92 քմ բնակարան են գնել Նորք Մարաշ թաղամասի նորակառույց երեք շենքերից մեկում․ արժեքը 54 մլն 900 հզր դրամ։