ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղեկությունների ֆոնին, որ Իրանը մահափորձ է ծրագրում ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ, ամրապնդել է նրա անձնական անվտանգությունը հակահարձակողական թիմով, անօդաչու սարքերով և ռոբոտ-շներով, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ Politico թերթը, վկայակոչելով հետախուզությանը ծանոթ երկու բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաների, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառում առաջիկա շաբաթների ընթացքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նոր փորձերը։ Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ հետախուզական հանրությունը գնալով ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում առ այն, որ Իրանը,«ակտիվորեն աշխատում է Թրամփի սպանության դավադրության վրա», հավանաբար նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ:
CNN-ը նաև, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը պատրաստվում է «վերացնել» Թրամփին, ինչը ԱՄՆ իշխանություններին դրդել է ուժեղացնել անվտանգության միջոցները Սպիտակ տան նախկին ղեկավարի համար։ Միաժամանակ Թեհրանը նախկինում հերքել էր նման բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն ու չարամիտ։