Հետևեք մեզ։

Սյունիքի մարզում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը մահացել է․ հայտնի է՝ ով է նրանց ծեծի ենթարկողը

11:12, 14 հոկտեմբեր 2024
Սյունիքի մարզում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը մահացել է․ հայտնի է՝ ով է նրանց ծեծի ենթարկողը

Հոկտեմբերի 10-ի ժամը 11.27-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Մեղրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Մեղրիի ՏԲԿ» բուժօգնության են դիմել Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի 41 և 36 տարեկան երկու բնակիչ, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:


Ոստիկանության Մեղրիի բաժնի համայնքային ոստիկանները, սակայն, պարզել էին, որ նրանք Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին Փակ բաժնետիրական ընկերություններից մեկի աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել:


Սյունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արդեն հստակեցվել են կատարվածի որոշ մանրամասներ: Ըստ այդմ, Ջրահովիտ գյուղի բնակիչ վարորդներին ծեծի էր ենթարկել ՓԲ ընկերության վարորդը՝ Վայք քաղաքի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Հետագայում պարզվել է, որ նրանց ծեծելուն մասնակցել էր նաև Վայք քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը:


Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները հետագա միջոցառումներով պարզել են, որ Մեղրի-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին, բարձվող բեռի հերթը չպահպանելու հարցի շուրջ, վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Վայք քաղաքի բնակիչ 30 և 21 տարեկան երկու վարորդների միջև, որի ընթացքում էլ վայքեցի երիտասարդները ծեծի են ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ ձերբակալվել են:


Հոկտեմբերի 11-ի ժամը 22.24-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության տեղափոխված 41-ամյա տղամարդը մահացել է:


Նախաքննությամբ բոլոր հանգամանքները պարզվում են:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ 

Վերլուծական