Մենք համարում ենք, որ իսկապես եղել է ժողովրդի ցասում և կամքի դրսևորում և դա չի կարելի հետին թվով սրբագրել, դա իրականություն էր։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով 2018-ի իշխանափոխությանը։
Անդրադառնալով ավելի վաղ պատգամավոր Հայկ Մամիջանյանի դիտարկումներին առ այն, որ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ 6 տարի շարունակ պայքարել է Նիկոլ Փաշինյանի դեմ, Արմեն Ռուստամյանը նշեց․ «Մենք միշտ և բոլոր իշխանությունների հետ հարաբերվել ենք մեկ սկզբունքով․ մենք առաջադրել ենք հստակ նպատակներ և պայմաններ, եթե դրանք ընդունելի են եղել, մենք համագործակցել ենք։ Այդպիսի վիճակ առաջացել է նաև 2018-ին․ նրան առաջադրել ենք 5 պայմանով համագործակցություն, որ երկիրը օգտագործի ստեղծված իրավիճակը և զարգանա։ Այդ 5-ից ոչ մեկը չմնաց, բնականաբար մեր համագործակցությունը տևեց մի քանի ամիս»,- ասաց Ռուստամյանը։
Անդրադառնալով ընդդիմության վերաբերյալ Մամիջանյանի դիտարկումներին՝ պատգամավորը նշեց․ «Կա իշխանություն և հարակից շրջանակներ և կա ընդդիմություն, որը լավ, թե վատ, պայքարում է այս իշխանության դեմ։ Եվ կա ավելի մեծ զանգված, որը բոլորից դժգոհում է և այդտեղ է տեսնում իր արժեվորումը․ բոլորին սևացնեն, որ իրենք հրապարակ դուրս գան։ Սա է խանգարում մեզ»։