Hayastan.news լրատվական կայքում նոյեմբերի 10-ին հրապարակված «Տեսնես՝ «Գազպրոմը» Ռուսաստանում նո՞ւյնն է անում» վերնագրով հոդվածի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հարկ է համարում նշել հետևյալը։
Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. թիվ 95-Ն (փոփոխված ՀՀ ՀԾԿՀ 14.12.2022թ. N536-Ն) որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» (ԳՄՕԿ), համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դիմումների հիման վրա գազիֆիկացման աշխատանքները կատարվում են ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում:
Ընկերությունը նշված դիմումների հիման վրա տրամադրում է տեխնիկական պայմաններ, որոնց հիման վրա բաժանորդների գազասպառման համակարգերը միացվում են գազամատակարարման ցանցին։ Ընդ որում, դիմող անձինք հնարավորություն ունեն դիմում ներկայացնել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական կայքի «Առցանց դիմումներ» հարթակի միջոցով։
Գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և կարգաբերման (այդ թվում՝ առկա համակարգերի փոփոխության) աշխատանքներն իրականացվում են դիմող անձի միջոցների հաշվին` օրենսդրության համաձայն համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից։ Այսինքն, դիմումը լրացնելիս (այդ թվում առցանց)՝ դիմումատուն իր հայեցողությամբ ընտրում է, թե ում կողմից են իրականացվելու աշխատանքները՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, թե այլ լիցենզավորված կազմակերպության։
Աշխատանքների իրականացման ժամկետները սահմանվում են դիմող անձի հետ կնքվող համապատասխան պայմանագրով։
Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում վերը նշված աշխատանքներն իրականացվում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ համաձայնեցված նախագծի հիման վրա, որին պետք է կցվի ծխաօդատար ուղիների պիտանելիության ակտը։ Նշված ակտը տրամադրվում է համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ իրենց իսկ սահմանած վճարի դիմաց:
Գազաֆիկացման գործընթացի հետ կապված բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով։ Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է ուսումնասիրել հոդվածում ներկայացված «7000 դրամ կանխիկ» վճարելու մասին տեղեկությունները, եթե ընկերությանը տրամադրվեն հստակ տվյալներ, թե երբ և որ աշխատակիցն է առաջարկել կանխիկ վճարում կատարել «հրշեջ ծառայության համար»։
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մասնաճյուղերի ինժեներական անձնակազմի աշխատողների աշխատանքային գրաֆիկին, ապա հարկ է նշել, որ ինժեներների (ճարտարագետների) աշխատանքային պարտականությունները սահմանվում են Պաշտոնեկան (աշխատանքային) հրահանգով: Հրահանգի համաձայն՝ ճարտարագետը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դիմումների հիման վրա իրականացնում է գազասպառման համակարգերի տեխնիկական պայմանների կազմման և տրամադրան աշխատանքներ: Հետևաբար, այդ պահին աշխատավայրում չգտնվելը պայմանավորված է վերջիններիս աշխատանքային պարտականությունների կատարմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ընկերության աշխատողների, այդ թվում՝ ճարտարագետների, թվաքանակը հաստատվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր «Գազպրոմ» ՀԲԸ կողմից: