Հունվարի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում մասնակցել է կառավարության հետ հարցուպատասխանին։
Պատասխանելով պատգամավորի՝ ՄԹ կառավարության կողմից ճամփորդական խորհուրդների վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանը պատասխանել է.
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից ուսումնասիրեք կամ Ձեզ լավ չեն ասել, կամ Դուք ամբողջը չեք կարդացել. իրականում մեղմացում կա Հայաստանի նկատմամբ արվող ռեկոմենդացիաների մասով: Կան որոշ բաներ, որոնց հետ համաձայն չենք, կան ինչ-որ բաներ, որոնց հետ կարող ենք համաձայն լինել, բայց դուրս է հանված ավելի խիստ դիրքորոշումը, և հետևաբար, Դուք ինչ-որ ասում եք, նախկինում ևս եղել է, ուղղակի հիմա Դուք չեք տեսնում կամ այդքան հետ չեք գնացել: Սա է, ըստ էության բովանդակային հատվածը»։
Հաջորդիվ, մեկ այլ անդրադարձում, նախարար Միրզոյանը հավելել է, որ պատգամավորի կողմից ճանապարհի վերաբերյալ վկայակոչվող հատվածը եղել է բրիտանական կողմի նախորդ հաղորդագրության մեջ՝ կրկին ընդգծելով, որ այս տարի՝ հունվարին արված թարմացումով արվել է մեղմացում՝ ահաբեկչության վտանգի մասով։