Հետևեք մեզ։

Թքում ես, ցեխ է գալիս, այդ պայմաններում բանվորի աշխատավարձը չեն բարձրացնում 150 000 դրամով, պետերը 2 մլն դրամ են ստանում, Նարեկ Բաբայանն էլ օլիգարխ է դարձել, փախած է ման գալիս․ մանրամասներ՝ Պղնձամոլիբդենայինի գործադուլից

12:35, 06 փետրվար 2025
Թքում ես, ցեխ է գալիս, այդ պայմաններում բանվորի աշխատավարձը չեն  բարձրացնում 150 000 դրամով, պետերը 2 մլն դրամ են ստանում, Նարեկ Բաբայանն էլ օլիգարխ է դարձել, փախած է ման գալիս․ մանրամասներ՝ Պղնձամոլիբդենայինի գործադուլից

Արդեն գրեթե մեկ շաբաթ է Հայաստանի թիվ մեկ հարկատուի՝  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում։ Երեկ էլ աշխատակիցների ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության միջև բանակցություններն ավարտվել են անարդյունք։ 

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տիրող իրավիճակի վերաբերյալ Hayastan.news-ը հարցեր է ուղղել մի քանի աղբյուրի, որոնց անուները խմբագրությւոնը հարկ է համարել չհրապարակել։

 

-Ի՞նչ է կատարվում Կոմբինատում, հայտնի է՝ բանվորները հրաժարվում են աշխատել, բայց, ի վերջո, դիմում լինո՞ւմ է ղեկավարությանը, շփումներ կա՞ն, թե՞ ոչ, որովհետև մինչ այս եղած բանակցություններն արդյունք չեն տվել։

 

-Այսօր հետաքրքիր բան ենք լսել․ Կոմբինատն ուզում են լուծարեն, փակեն։ Կոմբինատի ղեկավարությունից տեղեկացրել են, զրույցներ կան, որ նախնական տասը օրով լուծարման փուլում է։

 

-Տասը օրո՞վ փակում են, թե՞ առհասարակ։ Կոմբինատն այդքան հեշտ չի փակելը։

 

-Տեղեկությունն այդկերպ է ստացվել, մանրամասներին տեղյակ չեմ, ասում են՝ փակվելու է։ Եթե ամեն ինչ անում են, Կառավարությունը չի խառնվում, կարող է, չէ՞, փակեն էլ, կամ էլ ծախեն թուրքին։

 

-Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանն ի՞նչով է զբաղվում։

 

-Այդ Նարեկ Բաբայանը փախած ման է գալիս, չի երևում, չի խոսում, չկա։ Օլիգարխ է դարձել, ոչինչ, նրանց ժամանակն էլ կգա։

 

-Իսկ որևէ դիմում չի՞ ուղարկվում Կոմբինատի ղեկավարությանը, կրկին բանակցելու առաջարկ  կա՞, թե՞ ոչ։

 

-Չեն լսում իրենց աշխատուժին։ Ասեմ ավելին, դժբախտ դեպք է գրանցվել, աշխատակիցը դիմում է ներկայացրել, որ իր հաշվին արձակուրդ ստանա, հետ են ուղարկել դիմումը։ Պատասխանել են, թե նախապես ասեք՝ առնվազն մեկ շաբաթ շուտ։ Մարդը ո՞նց իմանա, որ մեկ շաբաթ հետո դժբախտ դեպք է լինելու, որ արձակուրդի դիմում գրի։ Դա նորմա՞լ բան է։ Ահագին մարդկանց էլ նկատմամբ էլ տույժ են սահմանել՝ աշխատանքից բացակայելու համար։ Ստացվում է ՝ ոչ հարգելի բացակայի, ոչ գործադուլի իրավունք չունեն։ Ահավոր իրավիճակ է, ամեն հարցում։ Նամակ են գրում, որ դուք բացակայել եք, աշխատավարձ չեք ստանա։ Ոչ մի կոմպրոմիս չկա։ Կառավարությունն էլ ոչ մի հարցով չի զբաղվում։

 

-Որ այդքան խնդիրներ կար, ինչու՞ հենց հիմա որոշեցիք գործադուլ հայտարարել, աշխատավարձի բարձրացում պահանջել։

 

-Հիմա չի որոշվել, շատ վաղուց է որոշվել՝ 3-4 ամիս առաջ։ Արհեստակցական միությունն  ինչ-որ թղթեր չի տարել՝ ներկայացրել, խաբել է, հիմա էլ կանգնում ասում են՝ օրենքի դաշտում չէ աշխատակիցների պահանջը։ Խոստացել են, որ բանվորների աշխատավարձերը կվերանայեն և չեն վերանայել՝ խաբել են։ Բացի այդ, Քաջարանից այնպիսի մարդիկ են այդ մասին ասում՝ աշխատեք, ածխատավարձը կբարձրանա, որ ոչ ոք նրանց չի հավատում, օրինակ, Սարգսյան Տիգրանին։

 

-Իսկ երեկ Կոմբինատում ի՞նչ միջադեպ է գրանցվել։

 

-Բանվորներ կան, որոնք հսկում են, դադարեցված են պահում աշխատանքը։ Սադրիչներ են ուղարկել, կռիվ է եղել։ Նման շատ բաներ են անում, բայց բանվորները հասկանում են, որ սադրանք է։ Ինչ-որ ֆաբրիկայի պետեր են եղել, դե պարզ է, իրենք բանվորների դեմ են։ Խոսք է գնում, որ Կարմիր բերետավորներ են ուզում բերեն, և այլն, բայց բանվորները հանգիստ, համեստ իրենց պահանջով գործադուլն անում են։

-Իսկ քվեարկությունն ինչպես ավարտվե՞ց, երբ աշխատակիցները փակ քվեարկություն էին կազմակերպել, որպեսզի պարզվեր, թե քանիսն են պահանջում աշխատավարձի բարձրացում, որովհետև տնօրինությունն ասում էր՝ ընդամենը 6-7 տոկոսն է բարձրացում պահանջում։

 

-Զանգեզուրի պղնձամոլիբդենաին կոմբինատի մոտ 2500 աշխատակից «այո» է ասել աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային պայմանները բարելավմանը: 50+1 տոկոսը։ Աշխատողների ընդհանուր թիվը 4600 մարդ է։ Ասեմ նաև, որ կեսը չեն հասցրել քվեարկել, մի մասն էլ վախեցել է մասնակցի և իրենք հասկանում են այդ մարդկանց։  Աշխատանքը տանջանք է, ոչ մի պայման չկա, հիմա ձյուն է գալիս, բանվորը բաց տարածքում աշխատելու է, փոշին, քար է թափվում, ու ձեռքով, մարդկային ուժն աշխատում է։ Ռուսներն ինչ նոր սարքավորում ասես բերել, դրել են, իսկ մերոնք մեր աշխատավարձը 130-150 հազար դրամով չեն ուզում բարձրացնեն։ Պետեր կան մինչև 2 մլն դրամ փող են ստանում, իսկ բանվորները չարքաշ պայմաններում են, անմարդկային պայմաններում։ Անվտանգությունը երաշխավորված չէ, ներողություն, բայց որ թքում են, ցեխ է գալիս։ Պետեր կան, որ բանվորներին հասկանում են, բայց ոմանք ամեն ինչ անում են, որ ճնշեն բանվորներին, ասում են՝ գործից կազատվեք։ Բանվորները մինչև վերջ իրենց պահանջի տերն են, իրենց քրտինքով ապրել են ուզում, ճոխություն չեն ուզում։

 

-Իսկ որքա՞ն է կազմում միջին աշխատավարձը։ 

 

-Տարբեր, մաքուրով եթե նայես ծանր ֆիզիկական, փոշոտ միջավայրում, առողջական պայմանները չապահովված, վտանգավոր աշխատանք անող բանվորի աշխատավարձը մաքուր,որը հերթափոխով է աշխատում՝ գիշերն էլ, 250 000-270 000 ամենաբարձր աշխատավարձն է։ Բանվորները չեն ուզում իրենց խաբված զգան, ուզում են աշխատել ու փող ստանալ։ Երևի Կառավարության մատը խառն է, չգիտեմ։

 

-Որ ասում եք վտանգավոր է աշխատանքը, բանվորներն առողջապահական աահովագրություն չունե՞ն, կամ տեղում՝ անվտանգությունը ոնց է պահպանվում։

 

-Ի՞նչ, 30 000 դրամ են փոխանցում, ապահովագրության փողն աշխատավարձից պահում են, բայց փոխանցում են մինչև 30 000 դրամ, ապահովագրող ընկերությունից ասում են՝ Կոմբինատից 30 000 դրամից ավելի վրա արգելանք է դրված։ Փոխհատուցում, բան չկա, սաղ կռիվ է, ոչ մի բանով չեն  օգնում։ Բանվորն անտեսված է, անվտանգություն չկա։ Ու,  նաև, կեղծ հայտարարություններ են տաածում բանվորների մասին, սա ավարտվի, լրատվամիջոցներ կան, հետևանքներն օրենքով սահմանված կարգով կտեսնեն։ Մենք գիտենք, թե այդ ամենը ոնց է արվում ու որքանով։ Թող գնան, բանվորներին խոսեցնեն, տեսնեն ինչ անմարդկային պայմաններում են։ Սա ավարտվի, իրենց մասին դեռ կխոսենք։

 

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատակիցների երեխաների համար նախատեսված երկրորդ մանկապարտեզը ևս փակում է

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները