Հետևեք մեզ։

Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են հայտարարել Հանրապետության հրապարակում․ (թարմացվում է)

15:20, 20 մայիս 2023
Զոհված զինծառայողների հարազատները նստացույց են հայտարարել Հանրապետության հրապարակում․ (թարմացվում է)

21։27

Գայանե Հակոբյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։
 
Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։
 
Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։
 
Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն, երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ, դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։
Խնդրում եմ, նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։
Ձեր՝ Գայանե»։

19։45

Վահիդ Սահակյանը Հրապարակում՝ իր ելույթում մեկ դրվագ պատմեց Աշոտ Փաշինյանի միջադեպից․

Նա պատմեց, որ գնացել են Եռաբլուր, վերադարձել իրենց գրասենյակ, որտեղից էլ ձեռնաշղթաներով իրենց տարել են․«Ես այդ կարմիր բերետավորի հետ գործ ունեմ։ Վեց ժամ անց երեք տղամարդկանց ազատ արձակեցին, Գայանեն հիմա քրեակատարողական հիմնարկում է, նույնկերպ եմ ինձ մեղավոր զգում, ինչպես որդուս ժամանակ, որ նրան միայնակ թողեցի, ինչպես շատերը փրկեցին, իսկ տղաս ասաց՝ հանկարծ իմ մոտ չգաս։ Գայանեն 44 տարեկան է,  նաև վարում էր, ինքն էլ ջահել տղա, էդ ի՞նչ էր ասել, որ մեքենայից իրեն դուրս գցեց։ Բա հերն ասում էր՝ ամբողջ Ջաբրայիլը տղես է ազատագրել, մերն ասում էր՝ զինվորները փախչում էին, Աշոտն է կանգնեցրել, բա էդ «ռեմբոն» ո՞նց վախեցավ 44 տարեկան կնոջից, ի՞նչ պիտի աներ էդ կինը, հարց եմ տալիս»։

 

19։30

Եռաբլուրում միայն 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված հազարից շատ ավելի զինվորների շիրիմ կա, ու զարմանում եմ․․․, այդ ծնողները, որոնց բոլորս ճանաչում ենք, վաղը ո՞նց են նայելու մեր երեսին, եթե այստեղ չգտնվեն։

Այս մասին Հրապարակում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Սա պայքար է Գայանեի ազատության համար, ուզում եմ, որ միանան, ուզում եմ հասկանալ՝ այս ծնողներն ինչո՞ւ չեն միանում այս արդար պահանջին, վաղը սա իրենց էլ կարող է սպառնալ»,-ասաց նա։

19։00

Զոհված զինծառայողների ծնողներն ու քաղաքացիները Հանրապետության հրապարակում նստացուցյն կիրականացնեն։ Ծնողների որոշմամբ այս պահին փակում են Հանրապետության հրապարակից կից փողոցները՝ Նալբանդյանի անվան և Ամիրյանի անվան փողոցները։

 

18:20

Գայանե Հակոբյանի ազատությունը պահանջող քաղաքացիները, զոհված զինծառայողների ծնողներն արդեն  Հրապարակում են, որտեղ, դեռ ժամեր առաջ ոստիկանական ուժեր էին տեղակայված։ Բացի այդ, զոհված զինծառայողների  հարազատներին Հրապարակում սպասում են քաղաքացիներ և հասարակական գործիչներ, ովքեր միացվել են նրանց պահանջին՝ ազատ արձակել զոհված զինծառայողի մորը։

 

17:00

Անհնազանդության երթը Արշակունյաց պողոտայից դեպի կառավարության շենք շարունակվում է․

 

14։45

«Գայանե Հակոբյանն առաջին կին քաղբանտարկյալն է»,-այս մասին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտարարեցին անհնազանդության ակցիայի մասնակիցները։

 

16:15

«Միացում», «Ազատություն Գայանե Հակոբյանին», «ազատություն»,- վանկարկումներով քաղաքացիներն ու զոհված զինծառայողների հարազատները շարունակում են քայլել դեպի Հանարապետության հրապարակ։

Զաքյան փողոցում Գալեյանը կոչ անելով ժողովրդին ասաց․«Որքան կարելի է համբերել, խնդում եմ, ժողովուրդ, միացեք զոհված զինծառայողների ծնողներին»։

 

15։15

Դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և մեկ ամսով կալանավորել է զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

 

Պաշտպանները լուրը հայտնելուց հետո  քաղաքացիները տեղում որոշեցին փակել Արշակունյաց պողոտան, այնուհետև  որոշում կայացրեցին անհնազանդության ակցիներ իրականացնել,  կոչ անելով քաղաքացիներին միանալ ի պաշտպանություն հերոսի մոր։ Այժմ քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։