Նախքան Գյումրիի արտահերթ ընտրությունների ավարտը գրել էի այն մասին, որ այդ ընտրություններն արհեստական ուռճացված են․ ինչու՞, որովհետև Հայաստանում այլ համայնքներ էլ կան, որտեղ համայնքնապետ են մարդիկ, ովքեր ՔՊ-ական չեն։ Ե՞վ։
Նաև նշել էի՝ որպես քաղաքական մեսիջ, շատ կարևոր է, որ պարտվի ՔՊ-ն, թե ինչո՞ւ է կարևոր, կարծում եմ՝ պարզ է․ դա հոգեբանականից մինչև քաղաքական ազդակներ ունի:
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Հանրապետության երկրորդ քաղաքում իշխանությանը հասցնել պատության, դա շատ կարևոր հանգամանք է, ընդ որում՝ այս ընտրությունների ամենակարևորն բաղադրիչն է։
Առաջին հայացքից անհնարին թվացող կոալիցիան, կարծես թե, ձևավորվում է․ որոշիչ ձայներով Մարտուն Գրիգորյանը համաձայնել է անհրաժեշտ քվեներով աջակցել Վարդան Ղուկասյանին, որպեսզի ՔՊ-ն չունենա քաղաքապետ։
Ի դեպ, Մարտուն Գրիգորյանի մասին․ իր հայտարարության մեջ Մարտուն Գրիգորյանը նշում է, որ իր քաղաքական անցած ճանապարհի ամենածանրագույն ու բարդ որոշում է կայացրել, անձնական շահը ստորադասել է պետական ու գյումրեցու շահին, և որոշել է առանց ակնկալիքի, պաշտոնի ու պայմանավորվածության անհրաժեշտ քվեներ տալ Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։
Փաստացի, Մարտուն Գրիգորյանը կատարել է այն, ինչը մինչև օրս չկատարելու մեջ նրան մեղարում էին սկսած մարտի 31-ից։
Բայց նաև հարցի մյուս կողմը կա․
1․ Արդյո՞ք Վարդան Ղուկասյանի հետ անձնական հարցեր ունեցող Մարտուն Գրիգորյանը չէր հաշվարկել քաղաքական բոլոր սցենարներն ընտրություններին մասնակցելիս։ Այդ սցենարների թվում, վստահաբար, կար նաև այն, որ ինքը երրորդ հորիզոնականում է լինելու, և չգրված օրենքով՝ պետք է միանալ մեծամասնությանը։ Եթե չէր հաշվարկել, ապա դա քաղաքական անհեռատեսություն է։
2․Բայց Մարտուն Գրիգորյանի հայտարարությունից, ինչպես նաև կուլիսային խոսակցություններից պարզ է ․դառնում, որ Մարտուն Գրիգորյանն այդ սցենարը հաշվարկել էր, ուներ անգամ լուծումը՝ Ռուբեն Մխիթարյանի, ինչպես նաև Կարեն Սիմոնյանի հետ կոալիցիա կկազմի և որպես ավելի շատ մանդատների տիրապետող կառաջարկեն Վարդան Ղուկասյանին միանալ իրենց։ Այդպես, բնականաբար, չէր կարող լինել, ընդունված կարգ է՝ միանում եմ ամենաշատ ձայներ ստացածին։
3․ Կկարողանա՞ր Մարտուն Գրիգորյանը դա անել և բոլոր քննադատություններն ուղղել Վարդան Ղուկասյանի դեմ, որ ուզում է ինքը դառնալ քաղաքապետ, ոչ թե կարևորում է այն հանգամանքը, որ ՔՊ-ն քաղաքապետ չունենա, փաստացի, Մարտուն Գրիգորյանի այդ սցենարն անհնարին էր։
Գնահատելի է, վստահաբար, Մարտուն Գրիգորյանի քայլը, որովհետև այն որոշիչ է դառնում, որպեսզի ՔՊ-ն չգա իշխանության Գյումրիում։
Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանի ընտրությանն, այնպես չէ,որ նա մեծ հնարավորություն ուներ․ Մարտուն Գրիգորյանին առնվազն քաղաքականապես երբեք չէր ներվի, եթե նա չմիանար գյումրեցիների ընտրած ընդդմիադիր ուժերին։ Դա կդառնար քաղաքական խարան, որը երբեք չէր ջնջվի։ Հետևաբար, անձնական շահը ստորադասելիս Մարտուն Գրիգորյանը հաշվի է առել նաև իր երկրորդ անձնական շահը՝ քաղաքական խարանը, որից ապահովագրել է իրեն։ Ամեն պարագայում, գիտակցել կարևորությունը և չմիանալ կամ շանս չտալ ՔՊ-ին հիմա անհրաժեշտ էր, գնահատելի։
Հիմա, շարունակության մասին․
Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ ըստ արարողակարգի կշփվի Փաշինյանի հետ, երբեք չի խոնարհվի, որովհետև ինքն իր հոր առաջ էլ չի խոնարհվել։ ՔՊ-ն իր ռեսուրսներով, անպատասխանատու լրատվամիջոցներով ու սոցիալական մեդիայի գործիքակազմով փոքրոգի քայլերով, անբարեխիղճ գրառումներով ու վիրավորական ծաղրանկարներով արտասվում է։ Գուցե Գյումրիում պարտությունը կօգնի ՔՊ-ին քաղաքական պարտության համար իմունիտետ ձեռք բերել և պատրաստվել։ Ընդ որում, իշխող ուժին ոչ հարիր վարքագիծ է դրսևորվում։ Կարելի է դաս քաղել, առնվազն վերլուծել, թե հսկայական աջակցությամբ իշխանության եկած ուժը ինչու է պարտվում Վարդան Ղուկասյանին և մյուսներին, նստել և մտածել՝ ինչու «նախկին թալանչի, մարդասպանը», և ոչ թե «ժողովրդավար», «արդար,«բարի», «անմեղ» ՔՊ-ն։
Ինչ վերաբերում է ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների թիմակիցներին, ապա որքան անծայրածիր է նրանցից շատերի մոտ անձի պաշտամունքը։
Այնպիսի տպավորություն է, որ երկու կողմի համար էլ կարևոր չէ, որ ՔՊ-ն քաղաքապետ չի դառնա, այլ մեկին կարևոր է խոսել Մարտուն Գրիգորյանի հայտարարության վատ լինելու մասին, մյուսին կարևոր է ասել՝ տեսաք, որ Մարտուն Գրիգորյանը միացավ, այ դուք, ինչու՞ էիք քաղաքական ուժին պահանջներ ներկայացնում։
Եվ այս ամենի խճանկարում կորում է մեկ բան․ Գյումրու ընտրությունների պարտության արդյունքը կհասնի մինչև Գյումրու քաղաքապետարան և կավարտվի, ընդդիմությունը զբաղված է ոչ թե պարտությունը Երևան տեղափոխելով, այլ միջանձնային հարաբերություններով ու ոչ ոքի այլևս հետաքրքիր չէ իրենց ավելի վաղ արած հայտարարությունը՝ Գյումրին բերել է Նիկոլ Փաշինյանին, Գյումրին էլ կտանի։
Բեթղեհեմ Արաբյան