Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականության քննադատություններին, կարծես`խոստովանել է իրենց կադրային սխալներն ու շտապել մեղքը դարձյալ հեռացնել իրենից՝ խնդրի պատճառները գտնելով անցյալում և ընդդիմադիրների քննադատությունների մեջ։ Փաշինյանի կարծիքով` որակյալ կադրերը չեն ձգտում աշխատել պետական համակարգերում, քանի որ բարձր վարձատրվող աշխատանք են գտնում, իսկ պետական աշխատավարձերը ցածր են և ուղեկցվում են պարգևավճար ստանալու համար անեծքներով:
Բայց վարչապետն ավելի համոզված ու վստահ էր, որ կադրային սովի պատճառը դպրոցների ու մանկապարտեզների բացակայությունն է՝ դրանով փորձելով դրանց վերակառուցումները ներկայացնել որպես բոլոր խնդիրների լուծման բանալի։
Այն, որ Հայաստանում մարդկային ռեսուրսի, ընդհանրապես բարեկիրթ ու գրագետ, զարգացած, աշխատանքը, վաստակն ու պետությունը, նրա ատրիբուտները հարգող մարդու լրջագույն խնդիր կա, ոչ ոք չի կարող հերքել։ Ավելին, պնդում եմ, որ դա ազգային անվտանգությանն սպառնացող մակարդակի խնդիր է։ Այն, որ դրանում ցածր աշխատավարձերն ու դպրոցների պակասը դեր ունեն, դարձյալ հերքել չի կարելի:
Բայց…
Հայաստանում պետական աշխատավարձերը Հայաստանի կառավարությունից բացի որևէ մեկը չէր կարող և չի կարող բարձրացնել, ու Կառավարությունից բացի որևէ մեկը պատասխանատու չէ նրա համար, որ ոմանք պարգևավճարները շռայլում են իրենց ընդամենը սուրճ մատուցող մտերիմ-օգնականներին ու բնական դժգոհություն առաջացնում իսկապես դրան արժանիների մոտ։ Ի վերջո, ինչու՞ է վարչապետը մոռացել, որ պարգևավճարն անեծքի պատճառ է դարձել, երբ հեղափոխական ազգանվեր թիմը, պարզվեց, ազգին փրկելու է եկել բարձր աշխատավարձով միայն, որը գաղտնի էր բարձրացվել, որպեսզի բոլորը չհիասթափվեն անձնվիրաբար ժողովրդին ծառայելու մասին ստի բացահայտումից։
Պետք էր, իհարկե, հասնել նրան, որ կառավարության անդամները բարձր վարձատրվեն, բայց դա աթոռներին բազմելուց անմիջապես հետո, գաղտնի ու առաջինն իրենցը անելու դեպքում անեծք էլ բերելու էր իր հետ։
Նիկոլ Փաշինյանն այնքան անկեղծորեն է կադրային սխալ քայլերն իրենից բացի ցանկացածի մեղքով համարում, որ չես կարող մի քանի հարց չտալ։
Արդյո՞ք հրապարակայնորեն մարդկանց վիրավորող, անհասկանալի գործարքների մասնակից Ալեքսանդր Սիրունյանը հայտնվել էր Ազգային ժողովում, քանի որ դպրոցները վատն են ու Սիրունյանից ավելի լավ ԲԴԽ անդամի թեկնածու չկար։ Արդյո՞ք ՀԿԾՀ անդամի թեկնածու Լևոն Բունիաթյանը գրեթե չիմանալով, թե ինչ աշխատանք են գտել իր համար իր ընկերները ու երկու բառ իրար կապել չկարողանալով ԱԺ ամբիոնի մոտ էր հայտնվել դարձյալ այդ պատճառով։ Իսկ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյա՞նն էլ մանկապարտեզների պակասի պատճառով էր ԲԴԽ անդամ, չնայած նրա թույլ տված այն խախտումներին, որոնց պատրվակով դատավոր Աննա Փիլոսյանը ազատվեց պաշտոնից` Ռուբեն Մելիքյանի կինը լինելու պատճառով:
Ամենևին ո´չ, կադրային սխալ քաղաքականության պատճառը կադրային ապիկար ու սխալ քաղաքականությունն է, որի հիմքում ոչ թե արժանիքներն են, այլ յուրայինի բարեկամ, համադասարանցի, սիրելի, մտերիմ, կուրսընկեր, ընկեր ու խնամի լինելը՝ անկախ նրանից, այդ մտերիմը որքան է անհամապատասխան այդ պաշտոնին։ Սխալ կադրերի պատճառն այն է, որ վարչապետը տեսնում, երբեմն էլ անձամբ է ներկայացնում կամ նշանակում այդ մտերիմներին։
Երբևէ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրե՞լ է, թե ինչու են որևէ մարմնի ղեկավարի պաշտոնանկությունից ու նրա փոխարեն մյուսի նշանակվելուց հետո շարքով ազատվում հաճախ հենց իր կողմից որպես որակյալ կադրեր նշանակված կամ հանդուրժված պաշտոնյաները, ու նշանակվում նորեկ ղեկավարի մտերիմները, ովքեր նույն կերպ համալրելու են վատ ու անպետք կադրերի շարքը իրենց մտերիմ ղեկավարի հեռանալուց հետո։
Երբևէ պատահե՞լ է, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես պարզի նշանակվողների իրական արժանիքները՝ նրանց մասին զուտ գովեստի խոսքեր ու յուրային լինելու հավաստիացումներ լսելուց բացի, երբևէ պարզե՞լ է` ինչու՞ հեռացան որակյալ կադրերն ու մի օր ոչ որակյալ կոչվեցին, կամ եթե իրապես որակյալ չէին, ո՞վ էր ստել նրանց որակյալ ներկայացնելիս և ո՞ր բարեկամին պաշտոնի նշանակելու համար և այլն։ Ո´չ իհարկե, եթե պարզեր դրանք չէին կրկնվի այսպես։
Հետևաբար, կադրային սովի ու սխալ քաղաքականության պատճառը հենց այդ քաղաքականությունն է, որը «բարեփոխիչների» համար միայն ու միայն թեկուզ անկարող, բայց յուրայիններով շրջապատված կոմֆորտ աշխատելու, բայց տարիներ անց որպես հերթական ձախողածը հեռանալու համար է։