Հետևեք մեզ։

Խաղաղության պայմանագիրը միակողմանիորեն ստորագրելու՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետքերով․ պատմությանը հայտնի միակողմանի պայմանագրերը

12:55, 22 մարտ 2025
Խաղաղության պայմանագիրը միակողմանիորեն ստորագրելու՝ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամության հետքերով․ պատմությանը հայտնի միակողմանի պայմանագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ հանձնարարել է ուսումնասիրել, թե արդյո՞ք միջազգային պայմանագիրը միակողմանիորեն ստորագրելու պրակտիկա կա, թե ոչ։ Ուստի որոշել ենք օգնել ուսումնասիրողներին և մի փոքր պատմական էքսկուրս իրականացնել՝ տեսնելով, թե արդյոք պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պայմանագրերը, այն էլ՝ խաղաղության, ստորագրվել են միակողմանի։

 

Միջազգային իրավունքի համատեքստում պայմանագիրն այն համաձայնությունն է, որը կողմերն ստորագրում են՝ նրանց միջև որոշակի իրավական պարտավորություններ և իրավունքներ ստեղծելու նպատակով։ Այս պայմանագրերը սովորաբար կնքվում են երկու կամ ավելի պետությունների միջև, և բոլոր կողմերը պարտավորվում են հետևել դրանց։ Միջազգային պայմանագրի միակողմանի ստորագրությունը նշանակում է, որ որևէ պետություն ինքնուրույն որոշում է պայմանագիր կնքել առանց մյուս կողմի կամ կողմերի համաձայնության։ Միակողմանի պայմանագրի կնքումը չի դիտվում որպես լիարժեք գործող իրավական փաստաթուղթ, քանի որ այն չի կարող պարտադիր ուժ ունենալ մյուս կողմի նկատմամբ։ 

 

Սակայն պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ պետությունները միակողմանիորեն ստորագրել կամ կիրառել են պայմանագրեր, ինչը բարդ իրավական և դիվանագիտական վիճակներ է առաջացրել։  

 

Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ պետությունները հայտարարել են միակողմանի որոշումներ կամ ակտեր ստորագրելու մասին, որոնք չեն համարվել լիարժեք միջազգային պայմանագրեր, բայց ունեցել են քաղաքական կամ իրավական հետևանքներ։ Օրինակ՝ որոշ երկրներ միակողմանիորեն հայտարարել են տարածքային վերապահումների մասին կամ անկախություն հռչակել։ 

 

Այդպիսի դեպքերից ամենահայտնին 1991 թվականին էր, երբ բազմաթիվ երկրներ դեկլարացիաներով անկախություն հռչակեցին նախկին ԽՍՀՄ-ից։ Նման մի դեպք էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին էր՝ 1949 թվականին, երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմի դաշնակիցների միակողմանի որոշմամբ՝ Իռլանդիան (Արևմտյան Իռլանդիան) միակողմանիորեն ընդունեց Իռլանդիայի Հանրապետության անկախությունը Անգլիայից, ինչը հանգեցրեց հակասությունների ամբողջ տարածաշրջանում։ 

 

Սակայն այս պրակտիկան կիրառելի չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման պարագայում, քանի որ այստեղ խոսքը խաղաղության հաստատման մասին է, և տեսականորեն՝ եթե մի կողմը համաձայն չէ ստորագրել խաղաղության մասին համաձայնագիր, նշանակում է՝ ունի խաղաղություն հաստատելու համար խանգարող հանգամանք։

 

Հետաքրքրական է Խորհրդային Միության և Ճապոնիայի 1956թ. համատեղ հռչակագիրը․ ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ այս հռչակագիրը բավարար է խաղաղության համար, մինչդեռ Ճապոնիան պնդում էր, որ անհրաժեշտ է լրացուցիչ պայմանագիր, քանի որ տարածքային հարցերը լուծված չէին։  

 

Այս համատեքստում կարելի է նշել Հյուսիսային Կորեայի պրակտիկան, երբ այդ երկիրը տարբեր տարիներին հայտարարել է, որ խաղաղության կամ չհարձակման պայմանագրեր են ստորագրվել, մինչդեռ Հարավային Կորեան երբեմն չի հաստատել այդ պայմանագրերը։  

 

Նման խաղաղության պայմանագիր է ստորագրվել 1973-ին Փարիզում, որտեղ Հարավային Վիետնամի կառավարությունը հրաժարվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն ԱՄՆ-ը և Հյուսիսային Վիետնամը համաձայնության են հասել, և ԱՄՆ-ը սկսել է իրականացնել պայմանագիրը՝ առանց Հարավային Վիետնամի մասնակցության։  

 

Միակողմանիորեն կիրառվող պայմանագրերից է ԱՄՆ-ի և Կուբայի Գուանտանամոյի պայմանագիրը․ ԱՄՆ-ը Գուանտանամոյի ծոցը վերցրեց Կուբայից երկարաժամկետ վարձակալությամբ և չնայած Կուբայի նոր կառավարությունները պնդել են, որ պայմանագիրը անվավեր է, ԱՄՆ-ը շարունակում է այն կիրառել միակողմանիորեն։ 

 

Ցանկանում ենք նշել նաև մի քանի օրինակ, թե ինչպես են միակողմանիորեն խախտվում միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ խաղաղության, ինչը քիչ հավանական չէ մեր հարևան պետության պարագայում, որը թեև նշում ՝ համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ, սակայն շարունակում է ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան»  կոչել և պահանջել Սահմանադրության և տարատեսակ իրավական ակտերի փոփոխություն։

 

Հիշենք Լոզանի համաձայնագիրը․ Թուրքիան 1923 թվականին ստորագրել է Լոզանի համաձայնագիրը, որը կարգավորում էր Հունաստանի հետ սահմանային հարցերը, հատկապես կապված բնակչության փոխանակման և մի շարք տարածքային հարցերի հետ։ Սակայն 1974 թվականին Թուրքիայի ներխուժումը Կիպրոս հանգեցրեց Լոզանի պայմանագրի խախտման․ 1974-ին Թուրքիան, առանց համաշխարհային համաձայնության, միակողմանիորեն ներխուժեց Կիպրոս և հիմնեց թուրքական հանրապետություն։ Այս գործողությունն ամբողջովին անհամատեղելի էր Լոզանի համաձայնագրի հետ։

 

Նման դեպք է նաև Փաիզի կլիմայի համաձայնագրից ԱՄՆ կառավարության հրաժարումը․ Փարիզի կլիմայի համաձայնագիրը 2015 թվականին ստորագրել էին 195 պետություններ, բայց 2017-ին ԱՄՆ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս համաձայնագրից՝ միակողմանիորեն խախտելով այդ միջազգային համաձայնությունը։

 

Մեկ դեպք էլ հիշենք Իսրայելի վարած քաղաքականությունից․ Իսրայելի 1948-ի անկախության հռչակումը ու դրա հետ կապված միջազգայնորեն վիճարկվող տարածքային սահմանները, մասնավորապես՝ արաբական պետությունների հետ հարաբերությունները, հանգեցրել են միակողմանի սահմանային փոփոխությունների և տարածքային ընդլայնման։ Իսրայելը միակողմանիորեն բազմաթիվ անգամ խախտել է խաղաղության համաձայնագրերը՝ առանց համաձայնության մյուս կողմերի հետ։

Վերլուծական