Հետևեք մեզ։

Դեկորատիվ դատախազը․ ի՞նչ արեց ՔՊ-ն

13:34, 28 մարտ 2025
Դեկորատիվ դատախազը․ ի՞նչ արեց ՔՊ-ն

Իրավաբանությունը դեկորներով ապահովել չի լինի, համազգեստն էլ երբեք բովանդակություն չի ապահովել, տպավորություն ապահովում է, բայց մինչև խոսելը։

Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք պետք է շատ խոսեն, դա բովանդակությունն ի ցույց դնելու լավագույն հայելին է, անգամ ՔՊ-ականների համար։

Երկու օր շարունակ Ազգային ժողովում Աննա Վարդապետյանը մեկնել էր ներկայացման, լավն էր, բայց վստահաբար, ոչ իր համար։  

Փաշինյանի նախկին օգնականը, որը, դատելով Կառավարության նիստերից, ու որոշ գործերով Փաշինյանի բառապաշարից, դեռ այդ հաստիքից չի ազատվել, ԱԺ-ում ձախողվեց, բայց, նրան այդ հարցում աջակցողը «Քաղաքացիական պայմանագիրն» էր։ Ավելին, ի տարբերություն նախորդ այցերի, ՔՊ-ական տիկնայք, Արփի Դավոյանի մասնակցությամբ, անգամ հարց չուղղեցին, ուր մնաց, թե աջակցեին։ Երևի, Արփի Դավոյանն ինչ-որ բան հասկացել է, օրինակ, թե քաղաքական որ պահին ինչ պետք է չաներ Աննա Վարդապետյանի  հորդորով։

 

Աննա Վարդապետյանի և ոչ մի խոսք ոչ ոքի չապացուցեց, որ Գյումրու ընտրություններից առաջ ԱԺ գնալը պայմանավորված է նախաքննությամբ։


Ինչպես նշում էին՝ բոլորին է հայտնի, որ Աննա Վարդապետյանն ԱԺ գնացել է քաղաքական թելադրանքով՝ Գյումրու ընտրություններից առաջ ՔՊ-ի վարկանիշին օգուտ տալու համար, մեղմ ասած՝ հանուն իրենց Սարիկի։ 

 

Աննա Վարդապետյանն այնքան անկախություն չունի, որ հակառակն ապացուցելու նպատակով, Ազգային ժողով գնար Գյումրու ընտրություններից հետո։ Այդ պարագայում մոտ հինգ հարց չէր հնչի այն մասին, թե ինչու՞ է ԱԺ գնացել ընտրություններից առաջ, անգամ Մարիա Կարապետյանի պասը չօգնեց։


Ի վերջո,  որ Տարոն Մարգարյանի գործից յոթ տարի է անցել, մի շաբաթը ոչինչ չէր փոխի, Աղազարյանի գործից էլ տարի ու ամիսներ են անցել, մի քանի օրը ոչինչ չէր փոխի, եթե Վարդապետյանի անկախությունը բավարարեր ԱԺ գնալ  Գյումրու ընտրություններից հետո։ 

Բայց Փաշինյանը նրան չի պահում անկախության ձևն ապահովելու համար։

 

Հիմա ԱԺ-ի մասին․

Երկու օր շարունակ հետևել եմ ոչ թե ընդդիմության, այլ ՔՊ-ականների ելույթներին։ Ընդդիմության ասելիքը, ինչ-որ առումով, պարզ է։ Ի զարմանս ինձ, զարմացած էին նաև ՔՊ-ականները։ Չափազանց նկատելի էր Աննա Վարդապետյանին ակնարկելը, որ նա իրենցից մեկն է։

 

Որպես կին Աննա Վարդապետյանին դատախազ ընտրած Վիլեն Գաբրիելյանն, ակնհայտորեն չէր մոռացել, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների խնդրանքով ու այդ վարույթներով Աննա Վարդապետյանն իրեն չի ընդունել, և Գաբրիելյանը սկսել էր անկաշկանդ դիտարկումներ անել։ Անգամ գնահատել իրավական որակավորումները։ 

 

Վիլեն Գաբրիլեյանը նախ ասաց, որ շատ լավ հասկանում է իրավաբանությունից, փիլիսոփայությունից, քաղաքկանությունից, և այլն, և դեմ գնաց Աննա Վարդապետյանի՝ առաջին կուրսի ուսանողների մոտ հաստատվելու համար նախատեսված դասախոսություններին։

 

«Ինձ համար այս պահից սկսած ընդունելի չէ, որ իրավապահ համակարգի մեր գործընկերները ասում են՝ իրավական գիտելիքներ և այլն, դուք եկել եք քաղաքական մարմին, մեզ հետ խոսեք քաղաքական լեզվով։

 

Ելնելով այստեղ գրվածից, թե ինչում է Աղազարյանը մեղադրվելու, միանշանակ իրար չի բռնում»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։ Ավելին, ըստ Վիլեն Գաբրիելյանի՝ այդ գործերը դատարանը վերաորակավորելու է։

 

«Էս մեղադրանքով ես խնդիր ունեմ թույլատրելու, որ Աղազարյանին տանեն դատարան։ Տիկին դատախազ, Կառավարությունում քննարկում եք արդարադատության չափորոշիչները, բայց մենք մինչ այժմ չունենք այդ չափորոշիչները», -շեշտեց Վիլեն Գաբրիելյանը, ցույց տալով, որ այդ ասածի տակ չափազանց շատ բան կա։ 

 

Արման Եղոյանն, օրինակ, նորաձև կրթության շահառու Աննա Վարդապետյանի հետ արդեն ստիպված էր խոսել պարզունակ օրինակներով, որպեսզի բացատրի, թե ինչ է նշանակում հենց Վարդապետյանի ասածը։

 

Ավելին, Արման Եղոյանն էլ որոշեց Աննա Վարդապետյանի մեթոդով պատմել ԱԺ կանոնակարգ օրենքի մասին, որովհետև Վարդապետյանը պրիմիտիվ բաները սկսում է  լուրջ՝ փափազյանական վարպետությամբ մատուցել, կարծես հենց նոր ինքը հայտնաբերեց։

 

Եղոյանը կոտրեց Վարդապետյանի կանխավարկածը, որ ինքը բարդ բաներ է ասում, ուղղակի պարզեցնում է, որ Աժ-ում հասկանալի լինի։

 

Արմեն Եղոյանն էլ բացատրում էր ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներից մեկը։ Նա սկսեց ՝ այստեղ՝ (նստաշրջանի օրերին), յուրաքանչյուր չորեքշաբթի Կառավարության ու պատգամավորների միջև տեղի է ունենում հարցուպատասխան և այլն։

 

Ավելին, Եղոյանը նաև օրինակ բերեց․ «Օրինակ, նույն պատգամավորը, եթե հարցուպատասխանի ժամանակ՝ գումարի դիմաց, այդ հարցը բարձրացնի նախարարին, դա մեղադրանքով դառնում է կաշառք ստանալ, նիստն ավատվի, դուրս գա, նույն հարցով՝ գումարի դիմաց, դիմի նախարարին, դա դառնում է իրական կամ ենթադրյալ ազդեցություն։ Գործողությունը նույն է, արարի պատասխանն էլ ենթադրյալ նույնը պետք է լինի։
Էս իմ դիտարկման հետ համաձայն չե՞ք», -հարցրեց Վարդապետյանին։

 

Որքան էլ Աննա Վարդապետյանի հետ մտերմիկության դրսևորում ունի Վլադիմիր Վարդանյանը, բայց նա իրավաբան է, և Նիկոլ Փաշինյանը չէ, ում համար Քրեական դատավարության օրենսգիրքը նորություն է, և Աննա Վարդապետյանը պարզունակ նկատառումներից կարող է չափազանց խելացի թվալ, դասերն էլ ուսոցանող, որ վարույթների վերաբերյալ ճիշտ խոսի։

 

Վլադիմիր Վարդանյանն իրավաբան է, որքան էլ փորձում էր դիտարկումներ չանել, միևնույն է, զուսպ ելույթի հետևում զարմանքի տարրերն այդպես էլ չչքացան․ 

«Ազգային ժողով գալուց, տիկին գլխավոր դատախազ, պետք է գալ այնպիսի գործերով, որոնք ունենք դատական հեռանկար, պողպատե ապացույցներով գործերով։ Ոչ ես, ոչ իմ գործընկերները, ոչ դուք ոչ որևէ մեկը հոմազված չեն, որ այստեղ առկա է, կամ բացակայում է  դատական հեռանկարը։ Այս համոզմունքը, բայց պետք է ձևավորվի, ենթադրվում է, որ այս քննարկումներից հետո ավելի շատ պատասխաններ պետք է ունենալ, քան թե հարցեր»։

 

Ի դեպ, որոշ ՔՊ-ականներ բացահայտ ասացին, որ ավելի շատ հարցեր առաջացան, քան պատասխաններ ստացան։

 

Այդ ամենին գումարվեց նաև Աղազարյանի նկատառումը՝ իր դեմ ցուցմունք տված անձը մեկնել է Հայաստանից փետրվարի 15-ին, նախկինում դատապարտված է խարդախության համար, հիմա էլ անցնում է տարբեր վարույթներով։

 

Բավականին հետաքրքիր ելույթ էր Բաբկեն Թունյանի ելույթը, որին առանձին կանդրադառնամ առաջիկայում։ Իրականում, կարևոր խնդրի մասին էր խոսում նա, որը արդեն հիվանդագին է դարձել։ Թունյանը նկատեց, որ դատախազը փաստարկ է նշում Աղազարյանի կողմից ՍԱՏՄ գրություն ուղարկելը,  և ասաց, որ այդտեղ պետք է զգույշ լինել, բոլորը գրություն ուղարկում են, զանգում են, և անկախ դիմողից, եթե խնդիրն օբյեկտիվ է, պետք է զբաղվել։ Բացի այդ, նա ասաց, որ երբեմն չափազանց զգուշությունը պաշտոնյային մղում են անգործության, որի համար նա չի էլ պատժվում։   

 

Գերազանցիկի հորինված կերպարով տառապողը ՔՊ-ականներից 2 ստանալուց հետո սկսեց չտիրապետել կերպարին, Հովիկ Աղազարյանին ստախոս անվանեց՝ մոռանալով իր անաչառ և որակում չտվող դերի մասին, հետո ասաց, որ թե բա ինչը ինչու է «ստեղ», հետո ջղաձգումները ակամայից հասցրին նրան, որ Հովիկը շփոթեց Տարոնի հետ, հետո Հովիկ Աղազարյանին նետեց՝ երկու օր ա դուք եք աստղը և սկսեց կարդալ։

 

Իրականում, մարդու անունը շփոթելու մեջ ոչ մի վատ բան չկա, և չկան մարդիկ, ովքեր դա չեն անում, բայց երբ ջանք չես խնայում քո իրական պատկերը իդեալանական դարձնելու համար, այդ լեզվական շփոթը քեզ համար ԱԺ ամբիոնում դառնում է ողբերգություն։ Ցավում եմ, ցածր իմունիտետի համար՝ պատկերացնելով ապագան կամ ավելի մոտ ապագան։

 

Ինչպես է դիմանալու, երբ մի օր Նիկոլ Փաշինյանը չուզենա հավատալ նրան, մեկ օր նստի և մտածի, թե Աննա Վարդապետյանը որն ինչ նպատակով է ասում։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը  վստահել է շատերին և դադարել վստահել։

Ի դեպ, Գեղամ Մանուկյանի մասին։ Աննա Վարդապետյանն ակնհայտ հակակրանք ունի Գեղամ Մանուկյանի նկատմամբ, երևի մի օր Գեղամ Մանուկյանը մի ճիշտ նկարագիր է տվել, կամ մեկ այլ հարց կա, կամ գուցե ՀՅԴ-ական է, դրա համար Վարդապետյանը հակակրում է։

 

ԱԺ հայտնի լսումների ժամանակ Hayastan.newsնկատել էր՝ Գեղամ Մանուկյանի հետ Աննա Վարդապետյանը խոսեց հոխորտալից, ապա բառացիորեն կզեց իշխանական Վիլեն Գաբրիելյանի՝ Նավակ Ճոճողի առաջ, քսմսվում, վստահեցնում, որ նրա հարցերին շատ լուրջ է վերաբերում, խնդրում է՝ ներել ունեցած անուշադրության համար, ապա լրացուցիչ ճշտում՝ փակե՞լ է բոլոր հարցերը, թե՞ ոչ, որպեսզի իշխանություններն իր վրա ոչինչ, այդ թվում նավակ, չճոճեն:

Այս անգամ  նա Գեղամ Մանուկյանին բացարձակ չպատասխանեց, ավելին՝ ակամա պաշտպանությունը որոնեց Ալեն Սիմոնյանի մոտ, պտտվելով դեպի նա, և նշելով, որ ինքը ասելիք չունի։

 

Աննա Վարդապետյանի ԱԺ այցի վերանգիրը տվեց Ագնեսա Խամոյանը՝ քաղաքական հայտարարություն չեք անում, քաղաքական պատվեր եք անում։ Պատգամավորը հիմնավորեց, Փաշիյանն ասել էր, թե ինչ պետք է լինի այն մարդու հետ, ով չի կատարում վարչապետի իբրև թե խնդրանքը՝ հրաժարվել մանդատից։

 

Հարցը նաև հետևյալում է․ ՔՊ-ականների ելույթներում, հարցերում նշվում էր նաև վարչապետի հորդորին Աղազարյանի չենթարկվելու մասին։ Սա էլ ակամա խոստովանություն է, որ եթե Աղազարյանը մանդատից հրաժարվեր, դատախազն ԱԺ չէր գնա, իսկ քաղաքական պատվերն այդպիսին է լինում, դրա վրա ցուցանակ չի փակցրած՝ «քաղաքական պատվեր» գրությամբ։

 

Աննա Վարդապետյանի թշվառությունը սակայն այլ վայրում էր․ նախ նա, բնականաբար, գիտեր, որ Փաշինյանի մոտ հայտնված, ապա ՔՊ-ականների խրախճանքի առարկան դարձած Հովիկ Աղազարյանի անձնական նակամագրության մասին հարցեր կտան։ Բայց թշվառությունն  անգամ այդ հարցին պատասխան տալու անկախություն չունենալու մեջ է։

 

Իսկ ես, օրինակ, Աննա Վարդապետյանին այդ հարցը չէի տա, որովհետև եթե Ալեն Սիմոնյանի թքի մեջ հանցակազմ չի տեսել, եթե ԱՆԻՖ-ը պարզապես ձախողում է և բազմաթիվ եթե-ներ, ապա Փաշինյանի՝ Աղազարյանի հեռախոսի մեջ մտնելու մասին նա չի կարող կարծիք հայտնել։ Ի վերջո, աշխարհում ոչ մի օգնական իր ղեկավարին մեղադրելու լիազորություն չունի։

 

Աննա Վարդապետյանն Աղազարյանի հեռախոսի մեջ մտնելու մասին որևէ մեկնաբանություն չտվեց, ասաց որ դա իր ներկայացրած միջնորդագրին չի վերաբերում, որովհետև սկզբից, երբ դեռ հավասարակշիռ էր և գծած կերպարի գծերը չէր խախտել որոշել էր՝ ինչ հարցնեն՝ կասի՝ միջնորդագրի վերաբերյալ չէ։

 

Բայց,  երբ ՔՊ-ականների դիտարկումները ազդեցին հավասարակշռության վրա և վտանգել իր երևակայական կերպարը, սկսեց դատական այլ գործերի վերաբերյալ վիճակագրություն ներկայացնել, մոռանալով, թե դա ի՞նչ կապ ուներ Աղազարյանի կամ Մարգարյաի միջնորդագրերի հետ, թե՞ գովազդային դադարները կարելի են։

 

Մեկ հանգամանք ևս, ՔՊ-ականները, իհարկե, գիտեին, որ Վարդապետյանը եթե գնացել է, ուրեմն վարչապետը «դաբրո» է» տվել, և հետևաբար պետք է կողմ քվերակեն Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին համաձայնություն տալուն։ Գիտեին, որ եթե որևէ մեկը կողմ չքվեարկի, ապա մանդատից հրաժարվելու sms-ն կստանա ինքը։

Բայց, աբսուրդի ծանրությունը նրանցից մի քանիսին ստիպեց խառնվել թեմային և գոնե իրատեսական հարցեր բարձրացնել։

 

Բայց, մի առաջընթաց ուներ Աննա Վարդապետյանը․ «ես» քիչ էր ասում, մի նախադասության մեջ մի չորս անգամ։ Ի դեպ, լրատվամիջոցների հետ չի խոսել, բայց եթե ունեք ժամանցային հաղորդման առաջարկ կամ «Չքաղաքականացնել» հաղորդման ձևաչափով առաջարկներ, առանձնահատուկ ոգևորությամբ կմասնակցի, որովհետև այդտեղ էսսեի ձևաչափով ինքնագովազդը երաշխավորված է, որի անիրական գերդոզավորմանն անգամ ՔՊ-ականները չեն դիմանում։

 

 

Բեթղեհեմ Արաբյան

Վերլուծական