Հայաստանյան քաղաքական դաշտի ամենախորը պրոբլեմներից մեկն այն է, որ դրա մեծ ու մանր դերակատարները հաճախ խոսում են այնպիսի հարցերից, հնչեցնում այնպիսի քննադատություններ, որն իրենք գոնե հնչեցնելու իրավունք չունեն։ Եվ մենք շատ ենք գրել այն մասին, որ ՔՊ-ն այդ հարցում խիստ առաջատար է։ Նրանք ամեն օր են անում այն, ինչ երեկ քննադատել են, և ամեն օր են քննադատում այն, ինչ հենց երեկ իրենք են արել։ ՔՊ-ականները հաճախ են ամենավատ ձևով արտահայտվում, հեգնում, ծաղրում, վատաբանում, ֆեյքերի խմբերով հայհոյում այն, ինչ իրենց երեկն էր։ Նրանք ի սրտե հետադարձ հայհոյում են հենց իրենց։
Նազելի Բաղդասարյանը՝ վկա։ Նա Գյումրիում ընդդիմադիրների վերջնական հրապարակային պայմանավորվածությունից հետո բոցաշունչ գրառում է արել՝ տեղի ունեցածն անվանելով քաղաքական առևտուր, ընդդիմությանը մեղադրել վաճառվելու մեջ ու մատ թափ տվել՝ Աստված չանի գյումրեցու գլխից մազ պակասի։
Անկախ նրանից, թե ով է ընտրվել կամ ընտրվելու և անձնական ինչ վերաբերմունք կա նրա հանդեպ, կարդում ես գրառումն ու, «կորցնում» խոսելուդ ունակությունը։
Նազելի Բաղդասարյանը, առանց հաշվելու, թե քանի գյումրեցու գլխից քանի մազ է պակասել իրենց թիմի ու անձամբ իր՝ նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի գործունեության արդյունքում, սպառնում է։ Գյումրեցի Նազելի Բաղդասարյանը մտածելու փոխարեն, թե ինքն ինչ դերակատարում ունի Գյումրիում ՔՊ-ի քաղաքական աջակցությունը վերացնելու հարցում, իրենց պարտության մեղքը գցել է իրենց հաղթողների ուղղությամբ։ Մենք, իհարկե, ներողություն ենք խնդրում, որ ՔՊ-ի քաղաքական հակառակորդներն այնքան վատը չէին, որ Նազելի Բաղդասարյանը կարողանար հաղթել, և միաժամանակ ցավակցում ենք նրան, որ ընդդիմադիրները, բազմաթիվ խնդրահարույց հանգամանքների, պատմությունների, քրեական գործերի պայմաններում նույնիսկ կարողացան հաղթել նրան։
Իսկ կոնկրետ Նազելի Բաղդասարյանը երբևէ մտածել է, որ իրենց պարտությունը խայտառակություն է, խոսուն ապացույց, որ իրենք այն աստիճան են կորցրել ժողովրդի աջակցությունը, որ պարտության են կրում իրենց կողմից ամեն կերպ պախարակվող ընդդիմությունից։
Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ ամենաամոթալին, իհարկե, քաղաքական առևտրի մասին նրա անկաշկանդ մտքերն են, մտքեր մի մարդու, ով մաս է կազմում քաղաքական առևտուրների մեջ արդեն վարպետացած ուժի, որը երբեք այդ առևտրում գնորդը չէ։ Այո, 2018թ․ նման քանակով ձայներ ստանալուց կարճ ժամանակ հետո տարբեր բնակավայրերում կոալիցիաներ կազմելու եղանակով միայն քաղաքապետ դառնալը, անկախ ամեն ինչից քաղաքական առևտրի մեջ վաճառվել է նշանակում, որովհետև ակնհայտ է՝ գինդ այնքան է ընկել ու այնքան կտրուկ, որ գնորդը լինել չես կարող։
Նազելի Բաղդասարյանին առաջարկում եմ հաջորդ գրառմամբ պատմել, թե քաղաքական ի՞նչ է կոչվում պարտվելուց հետո հաղթողին ուժային կառույցների ուշադրությանն արժանացնելը, փորփրելը, մի երկու փաստաթղթում մանր-մունր անճշտություններ գտնելը, բանտ նստեցնելն ու նրա փոխարեն քաղաքապետի աթոռին նստելը։
Բեթղեհեմ Արաբյան