Անահիտ Մանասյանի հայտարարություններն ու արձագանքները հասկանալիությամբ երբեք աչքի չեն ընկել, իհարկե։ Բայց նա բավականին երկար է արտահայտվում, երբ հարցը վերաբերում է ինքն իրեն պաշտպանելուն։ Մարդու իրավունքների պաշտպանի մանդատն իր համար միջնորդած ընկերուհու գրպանը և ցանկացած միջին վիճակագրական ՔՊ-ականի ոտքի տակ դրած Անահիտ Մանասյանը այդ մանդատի մասին հիշում է միայն այն ժամանակ, երբ դրանից օգտվելու բան ունի։ Վառ օրինակ․ միջազգային պահանջներն Անահիտ Մանասյանն այսօր էլ հիշել է քննադատությունից իրեն պաշտպանելու համար։
ՄԻՊ-ն այսօր նեղսրտել է իր գործունեության ինչ-որ դրվագի շուրջ փաստաբանների վերաբերմունքից ու հայտարարել, որ երեխաների իրավունքների հարցերը որպես ՄԻՊ-ի համար երկրորդական ներկայացնելը, ՄԻՊ-ի գործունեության մասին թյուր կարծիք ձևավորելը միջազգային ինչ-որ չափանիշների խախտում է։ Պարզ է, չէ՞, Մանասյանը հայտարարել է, որ ինքը երեխաների հոգսերով շատ լավ էլ տառապում է, ու դա կասկածի տակ դնելը խախտում է։
Նա վստահ է նաև, որ երեխաներին օգտագործելը դիվիդենտներ ստանալու համար, վատ բան է։
Բոցաշունչ այս մտքերը տարածել է Անահիտ Մանասյանը, ով իր պես մի այլ «լավագույն իրավաբան» դատախազի հետ ոչ վաղ անցյալում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին օգտագործում էր ինքնագովազդի՝ ցույց տալու համար, որ երեխաներին այցելել են։ Մարդու իրավունքների պաշտպանը ներողություն չի խնդրել իր կարգավիճակի պայմաններում այդ կոպտագույն սխալի համար, բայց իրեն իրավունք է վերապահել նման տոնայնությամբ խոսել իր գործունեության մասին ոչ այնքան լավ կարծիք ունեցողների հետ։ Իսկ ներողություն չի խնդրել, հետևաբար թքած ունիամեն ինչի վրա, միայն թե կարողանա գոնե կեղծ դրական տպավորություն ստեղծել։
Լուսանկարները պետական կառույցները հրապարակել են բաց դեմքերով․ մշակումը՝ Hayastan.news-ի
Իսկ ի՞նչ կարծիք ունենալ, եթե ընտրվելուդ օրերին ու այդ առիթով ձեր աչքի առաջ վիրավորել են մարդուն ու դուք լուռ եք եղել, եթե ՔՊ-ականի ամենալկտի ու մարդու արժանապատվությունը խոցող արարքների ժամանակ խուլ եք, համր ու կույր, իսկ երբ ձեր աչք են մտցնում տերերիդ խախտումը, ընդամենը հերթապահ հայտարարություն եք տարածում, թե իբր դիտարկում եք, ուսումնասիրում…
Ո՞ւր են այդ ժամանակ այսքան երկար քննադատական տեքստերը, ուր են ձեր ու ձեր ընկերուհու արագ արձագանքները, երբ հանցագործը, օրինախատը, իրավունք ոտնահարողը, հայհոյողը ձեզ պաշտոնի նշանակած ուժի ներկայացուցիչն է։
Ի՞նչ կարծիք ունենալ ձեր ու ձեր նմանների մասին, եթե դուք բացարձակ օբյեկտիվ չեք, եթե շատ բացահայտ տարբերակված վերաբերմունք ունեք իշխանական ու ընդդիմադիր մարդու, երեխայի, կնոջ, երիտասարդի, ծերունու հանդեպ։ Դուք ձեզ լսե՞լ եք, տեսե՞լ եք, թե որքան տգեղ եք ստում, գոնե չե՞ք ամաչում, երբ ընդդիմադիրի ամեն բառում ամեն կերպ խախտում եք գտնում, իսկ իշխանականի նույն կամ ավելի վատ արարքը չտեսնելու համար հրապարակավ խայտառակվում եք։
Ի՞նչ անեն մարդիկ, որ ՄԻՊ աշխատանքի մասին «թյուր կարծիք» չձևավորվի, բոլորը համարեն, որ Դուք լավ ՄԻՊ եք, այն պարագայում, երբ մարդու իրավունքների ոտնահարումները ձեր մանդատի մեջ տեղավորվում են ըստ Նիկոլ Փաշինյանի ճաշակի։ Ինչ կարծիք ունենալ ՄԻՊ -ի մասին, երբ նա չկա…