Գրեթե ամեն տարի՝ Ամանորի նախաշեմին, պաշտոնյաները զբաղված են տարբեր հիմնարկներ այցելություններով։ Օրեր առաջ գլխավոր դատախազը նախ իր տեղակալների ու դատախազության այլ աշխատակիցների, ապա Աննա Հակոբյանի, ՄԻՊ Անահիտ Մանասյանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, ԿԳՄՍ նախարարի ու նորից նաև իր տեղակալների հետ այցելել էր Խարբերդի մասնագիտացված մանկատուն, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներն են ապրում:
Հիմա կհարցնեք, իսկ ի՞նչն է վատ այս այցելություններում և կկարծեք, որ ամեն տեղ սև կետ ենք փնտրում, այս պաշտոնյաներն էլ իրենց շրջապատում կարդարանան, որ մենք թիրախավորել ենք նրանց։ Իսկ այցելություններն, իհարկե, լավ են, դրանք պետք է շարունակել ու միշտ այցելել երեխաներին։ Բայց Խարբերդի մանկատանը կազմակերպվածը ընդամենը երեխաների իրավունքների կոպտագույն խախտում էր:
Եթե ավելի հստակեցնենք, ապա Խարբերդի մանկատանը ոչ թե այցելություններ էին կազմակերպվել, այլ նկարահանումներ, որոնց միջոցով փորձ էր արվում հասարակությանը մատուցել, թե ինչպես են այցելուները գիշերուզօր ապրում հաշմանդամություն ունեցող երեխաների հոգսերով ու չեն կարողանում կտրվել նրանցից: Բայց հասարակությանը ոչ միայն խաբել հնարավոր չէ, այլ նաև այցելուների մի մասը չեն էլ կարող դա անել, քանի նրանց դեմքի արտահայտությունից անգամ պարզ է, որ նրանք հեռու են կարիքավոր երեխաների հոգսերից, մյուս մասի հայացքներն էլ բառի բուն իմաստով իրենց փրկելու խնդրանք են:
«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայի մասին Մարդու իրավունքների պաշտպանը, գլխավոր դատախազը, նախարարը և փոխնախարարը պետք է որ լսած լինեն: Դրանցից առաջինն, օրինակ, պահանջում է երեխայի հետ կատարվող բոլոր գործողություններում հաշվի առնել նրա լավագույն շահը: Երկու փաստաթղթերն էլ պահանջում են ուշադիր և հատուկ վերաբերմունք երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներին, այդ թվում՝ նրանց մասնավոր կյանքի պաշտպանությանը: Օրինակ, «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան պահաջում է պահպանել հաշմանդամություն ունեցողների, նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը: Ու ընդհանրապես, հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական գաղտնիքը ենթադրում է, որ նրանք իրավունք ունեն գաղտնի պահել հաշմանդամ լինելու, հաշմանդամության տեսակի ու դրսևորումների մասին տվյալները:
Բայց չգիտես ինչու, մարդու իրավունքների պաշտպանության համար պատասխանատու այս տիկնայք ֆիզիկական ու հոգեկան բացահայտ խնդիրներով երեխաների մոտ այցելությունների էին մեկնել նկարահանող թիմով ու իրենց PR-ը կազմակերպել այնպես, որ կարողանան մանրամասն ցուցադրել հաշմանդամ երեխաների դեմքերը, նրանց առողջական խնդիրները, ֆիզիկական ու հոգեկան նրբությունները, դրանց պատճառով նրանց դժվարությունները խաղալիս ու նույնիսկ բարևելիս: Պարզապես, այս երեխաներով մտահոգ մարդն առնվազն տեղյակ կլինի, թե նրանց հետ, օրինակ, ինչպես չի կարելի բարևել, և հետո էլ չի հրապարակի այդ կադրը որպես անմիջականության վկայություն։
Քանի որ հարցի մեջ ոչ քաղաքական մասնիկ չկա, հուսանք Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես ինքն է սիրում ասել, իր մանդատի ներքո կպարզաբանի, թե ինչո՞ւ են որոշել ի լուր աշխարհի հրապարակել Խարբերդի մանկատան երեխաների բժշկական գաղտնիքը, բացահայտել նրանց մասնավոր կյանքը, խաթարել նրանց արժանապատվությունը: Մարդու իրավունքների պաշտպանը մի օր պետք է համարձակություն ունենա ստելու, անհասկանալի բառերի կույտով ամեն ինչ սվաղելու փոխարեն հոդաբաշխ խոսել մարդու իրավունքներից ու խոստովանել, որ ինքն ի վիճակի չէ, իրականում չունի մանդատ մարդու իրավունքներով զբաղվելու և զբաղվում է նրանով, ինչը չի խանգարի իրեն բարձր աշխատավարձ ստանալ: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է ժպիտով ուղեկցում հաշմանդամ երեխաների իրավունքների ոտնահարումները՝ հանուն իրեն այս ու այն կողմ խցկող իր ընկերուհու, ով ամեն ինչ է դարձրել իր փիառի մասը:
Իսկ հաշմանդամություն ունեցող այս չափազանց տաղանդավոր երեխաները կմեծանան, և կհասկանան, թե այցելուների իրական նպատակը որն էր և ով ում որքան և ինչպես է հովանավորում և հատկապես՝ ինչու...