Հետևեք մեզ։

Մենք մեկ որոշում ունենք, որը քննարկման ենթակա չէ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզր չի լինելու և չկա․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

13:59, 08 հունիս 2023
Մենք մեկ որոշում ունենք, որը քննարկման ենթակա չէ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզր չի լինելու և չկա․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Մենք մեկ ամբողջական ու վերջնական որոշում ունենք, որը քննարկման ենթակա չէ, դա այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության որևէ եզր չի լինելու և չկա։ Սա միակ ու հիմնական որոշում է։ Ինչ վերաբերում է մյուս ուժերի հետ համագործակցություններին՝ մենք հաշվի ենք նստելու երևանցու քվեի հետ՝ որ ուժին՝ որքան քվե կտան և դրա արդյունքները մեզ համար լինելու են կողմնորոշիչ։ Բացի այդ, եթե մեր կարմիր գծերի հետ համահունչ է այն տեսլականը, որը կունենան ընտրական շեմը հաղթահարող ուժերը, մենք պատրաստ ենք համագործակցությունը քննարկել։ Բացի այդ, անկախ հաղթանակի արդյուքների չափից, մենք պատրաստ ենք լինելու համագործակցել դաշտի ուժերի հետ։ Համագործակցությունը մենք նկատի ունենք միայն ընտրություններից հետո։

Այս մասին այսօր ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ, ավագանու ընտրությունների կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։


Hayastan.news-ի հարցին, թե ի՞նչ ձևաչափով է լինելու Ռուբեն Վարդանյանի ներգրավածությունն ավագանու ընտրություններին, Մանե Թանդիլյանն ասաց․ «Պարոն Վարդանյանի հետ մենք ունենք գաղափարական, գործընկերային, խորքային համագործակցություն, ես հպարտ եմ դրանով, որ պարոն Վարդանյանի ու մեր արժեքներն այնքան համահունչ են, որ մեր համագործակցությունը վաղուց արդեն փաստ է և կասկած չի թողնում։ Իսկ թե ի՞նչ ձևաչափով կլինի իր մասնակցությունը Երևանի ընտրություններում, դուք գիտեք, որ նա գտնվում է Արցախում՝ ապօրինի շրջափակման մեջ և նա պայքարում է Արցախի ժողովրդի համար։ Իսկ թե հետագայում ինչպիսին կլինի ձևաչափը, պայմանավորված կլինի նաև Արցախի իրավիճակից։ Հետևաբար, Ռուբեն Վարդանյանի մասով դեռ տարբեր հայտարարություններ կլինեն, մեր ծրագրերում իր մասնակցությունն էական է»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ Երևանում Երիտասարդական պալատի կառուցման գործում ևս Ռուբեն Վարդանյանի աջակցությունն ու համախոհությունն ունեն։