Հետևեք մեզ։

Աներոջը սպանած և ըստ կնոջ՝ ընտանիքին սպառնացող Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով, տարածքներ ունի Ամիրյան փողոցում․ ուշագրավ մանրամասներ

18:51, 08 հունիս 2023
Աներոջը սպանած և ըստ կնոջ՝ ընտանիքին սպառնացող Գոռ Տեր-Եսայանը շրջում է թիկնապահներով, տարածքներ ունի Ամիրյան փողոցում․ ուշագրավ մանրամասներ

Այսօր համացանցում մի տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Լիանա Մարգարյան անունով մի կին պատմում, որ իր երեխաների աչքի առաջ հրազենային կրակոցով իր հորը սպանած նախկին ամուսինը հետապնդում իրեն, սպառնում իրեն ու իր հարազատներին։ Կնոջ խոսքով՝ ինքը թաքնված է այժմ, չնայած որ իր ու իր երեխաների նկատմամբ հետախուզում է հայտարարված և որոնվում են իբ րև անհետ կորած, բայց իր անվտանգությունից ելնելով՝ ինքը չի բացահայտում իր գտնվելու վայրը։


Լիանա Մարգարյանի ամուսինը ՀՀ ոստիկանության վեցերորրդ վարչության նախկին աշխատակից Գոռ Հրաչի Տեր-Եսայանն է, որը 2020 թվականի մարտի 19-ին, ըստ Լիանա Մարգարյանի՝ գտնվելով թրմանյութի և ալկոհոլի ազդեցության տակ, ԱԿ 74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ արձակելով՝ տան մեջ սպանել է Լիանա Մարգարյանի հորը 47-ամյա Արթուր Մարգարյանին։ Հարուցվել ՝ քրեական վարույթ, ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 9-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով:

Սպանության և զենքի գործադրմամբ  խուլիգանության դեպքի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։

Տեսանյութի տարածման պահից սկսած՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է այս դեպքը։ Hayastan.news-ին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Գոռ Տեր-Եսայանի մասին։
 
Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը բավականին հարուստ է, Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում մի շարք առևտրային տարածքներ ունի, որոնք վարձակալությամբ են տրված։ Բնակվում է Ծիծեռնակաբերդի խճուղու նորակառույց շենքում, ունի թիկնապահներ, որոնք մշտական հսկողություն են իրականացնում նրա տան մոտ, անգամ քնում են շքամուտքում։ Աներոջ սպանության համար երկու տարի հոգեբուժարանում անցկացրած, հետո ազատ արձակված Գոռ Տեր-Եսայանը, ինչպես մեզ պատմեցին, խնդիրներ ունի նաև իր մոր և հարազատ եղբոր հետ։ Ամիրյանում վարձակալությամբ տրված տարածքները Գոռ Տեր-Եսայանի հայրը որպես ժառանգություն թողել է Գոռի եղբոր անունով, և դա կռվախնձոր է դարձել եղբայրների միջև։ Ըստ աղբյուրի՝ Գոռ Տեր-Եսայանը մի քանի անգամ գնացել՝ այդ տարածքների վարձակալների հետ վիճաբանության մեջ է մտել, որից հետո զանգահարել են ոստիկանություն, նրան տարել են բաժին, մի քանի ժամ անց նորից բաց են թողել, ու Տեր-Եսայանը նորից շարունակել է իր «գործունեությունը»։ Պատմեցին, որ նրա դեմ ոստիկանություն են դիմած եղել նաև հարևանները, բայց ոստիկանությունը նրան ազատ է արձակել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Վերլուծական