Հետևեք մեզ։

Ես չեզոք եմ, ես տեսնում եմ, որ երկիրը գնում է  զարգացման ուղիով․ ընդդիմության ՄՊՀ թեկնածու

14:52, 14 հունիս 2023
Ես չեզոք եմ,  ես տեսնում եմ, որ երկիրը գնում է  զարգացման ուղիով․ ընդդիմության ՄՊՀ թեկնածու

Անկեղծ ասած՝ ես չէի պատկերացնում, քանի որ թեկնածությունս, որտեղ առաջարկվել է, դա մասնագիտական պաշտոն է, քաղաքականության հետ որևիցե կապ չունեցող պաշտոն է, և ես կարծում էի, որ պետք է հարցերը լինեն մասնագիտական, և պետք է քննության առնվի իմ մասնագիտական որակները։ Ինչ վերաբերում է Ֆեյսբուքյան գրառումներին, ես չեմ կարծում՝ դա ճիշտ մոտեցում է՝ մտնել մարդու անձնական դաշտ և տեսնել՝ նա ինչ է գրել, առավել ևս՝ նման գրառում չկա։ Իրենք նշեցին, որ հիմա ջնջել եք, ես էստեղ հո չե՞մ սկսելու՝ դե, բերեք տեսնեմ՝ դա իմ գրա՞ծն է, թե՞ իմ գրածը չԷ, ես վստահ եմ, որ նման գրառում չկա, և իրենք չեն էլ կարող հիմնավորել, որ ես նման գրառում եմ արել։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության առաջադրած Մրցակության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների այն  մեղադրանքներին, թե ինքը ժամանակին Նիկոլ Փաշինայնին սատարողներին անվանել է «անհայրենիք, փչացած գենետիկ կոդով անուղեղ ոչխար»։

Նա նշեց, որ ինքը 2010 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է այդ հանձնաժողովում՝ ՄՊՀ-ում, և այս տարիներին ինքն այդտեղ փոփոխություններ տարեց տարի նկատել է, և նախկինում այդ փոփոխությունները բավականին շատ են եղել։

«Ես չեզոք եմ, աշխատանքային հարցերում միշտ եմ չեզոք և փորձում եմ գնահատել՝ արդարության չափանիշից ելնելով։ Եթե ես տեսնում եմ, որ կա որակական փոփոխություն, ինձ համար կարևոր չէ՝ դա ով է  իրականացրել, կարևորը՝ ես տեսնում եմ, որ երկիրը գնում է  զարգացման ուղիով»,-ասաց ընդդիմության ՄՊՀ թեկնածուն։